Ճանաչված արձակագիր Լեւոն Ջավախյանի «Քիրվա» պատմվածքի, Վրաստանում «Հանդուրժողականություն» մրցանակի, դրան հաջորդած տրամադրությունների, գրական հետապնդումների մասին «Առավոտն» անդրադարձել է դեռ անցյալ տարի: «Առավոտի» տեղեկություններով, վերջերս Լ. Ջավախյանը հեռացվել է Հայաստանի գրողների միությունից, ինչը, սակայն, երեկվա մեր հանդիպման ժամանակ գրողը հերքեց. «Ես Բակո՞ւնցն եմ, Չարե՞նցն եմ, որ հեռացված լինեմ: Ես դուրս եմ եկել Գրողների միությունից, քանի որ կար այլընտրանք»: Իսկ թե ինչն է պատճառը, որ գրողը դիմել է այդ քայլին, զրուցակիցս պարզաբանեց այսպես. «Նկատեցի, որ Գրողների միությունն ինձ ոչինչ չունի տալու: 4 տարի է՝ Գրողների միությունում եմ եւ, բացի անդամատոմսից, ուրիշ ինձ զարդարող ոչինչ չկար: Մանավանդ որ, գրական հարցերի նկատմամբ Լեւոն Անանյանն այնպիսի վերաբերմունք ունի, որ կարելի է զարմանքից ապուշ կտրել: Երբ ԳՄ նախագահն իրեն թույլ է տալիս ասելու. «ԳՄ-ից դուրս է եկել՝ թող գնա Ադրբեջան, դառնա նրանց պատվավոր քաղաքացին»: Այլ հարց է, երբ թերթն է այդպես գրում, այլ հարց՝ երբ Գրողների միության նախագահն է ասում: Այդ մարդը չի հասկանում, որ գրականությունը սահման չունի: Անանյանը, ասես, սահմանապահ է աշխատում, որպեսզի ճշմարիտ, սահման խախտող արվեստը, որը համամարդկային արժեք է, վերացնի»:
Մեր այն դիտարկմանը, թե ՀԳՄ նախագահը հրապարակայնորեն ակնարկել է արձակագրի «անգրագիտության» մասին, պարոն Ջավախյանն ասաց. «Առավոտում», «Հայկական ժամանակում», «Հրապարակում» ես իմ պատմվածքներն եմ տպագրում, այդպիսի տպավորություն ստեղծվե՞լ է:
Թե՝ ով իր միությունից դուրս է գալիս, պիտի վարկաբեկվի՞: Եթե անգրագետ էի, ինչո՞ւ էիր թախանձագին խնդրանքով ինձ միություն կանչում, ընդհուպ ասում էիր՝ համաձայնիր, դիմումը ես կգրեմ»:
«Առավոտի» մեկ այլ տեղեկությամբ՝ Լեւոն Ջավախյանը հայտնվել է նաեւ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունում: Այդ առթիվ մեր զրույցի ժամանակ նա պարզաբանեց. «Ձեր տեղեկությունները ճիշտ են եւ այդ առիթով մի պատմվածք էլ գրեցի՝ «Վազգենավորը»: Թերթերից մեկը, որը պիտի պաշտպանի ազատ խոսքը եւ լինի հանդուրժողական, հարցրել էր. էդ ո՞ւր են մեր պետանվտանգության մարմինները, ինչո՞ւ չեն զբաղվում Լեւոն Ջավախյանով, երեւի դրա համար էլ պիտի զբաղվեին: Զբաղվեցին»: Իսկ թե ինչպե՞ս էր դա տեղի ունեցել՝ արձակագիրը ներկայացրեց այսպես. «Տնից դուրս եկա, հերթական անգամ մեկն ինձ մոտեցավ եւ հարցրեց՝ Ջավախյանը դո՞ւ ես: Ես էլ հրճվեցի, որովհետեւ ինձ շատ են մոտենում, հետս ծանոթանում: Կարծում էի՝ հանդիպում եմ հերթական ընթերցողիս հետ: Երբ սրճարանում նստեցինք՝ զարմացա, երբ երիտասարդը, որը հարգալից էր իմ նկատմամբ, ներկայացավ որպես պետանվտանգության աշխատակից: Քաղաքավարի էր, կոռեկտ, խնդրեց՝ զրույցը մեր մեջ մնա: Բայց դե իմ նման բերանբացը չպահեց գաղտնիքը»:
Մեր այն հարցին, թե ԱԱԾ մարմինների հետ առաջի՞ն անգամ էր հանդիպում գրողը, թե՞ իր համար անակնկալ չէր դա, Լ. Ջավախյանը հայտնեց. «Սովետական բանակում ծառայությանս ժամանակ սովետի պատմությունն էի ուսումնասիրում, մարքսիզմի կլասիկներին կարդում, փորձում էի հասկանալ, թե ինչո՞ւ է կոռումպացված երկիրը…… Լենինի բոլոր հատորները՝ 50-ից ավելի, կարդացել էի ու համեմատում էի բրեժնեւյան ներկան նախորդ տարիների հետ: Հետաքրքրվեցին, թե էս խփուշն ո՞վ է, որ Լենին է կարդում: Կանչեցին «պոլիտատդել», սակայն պարզվեց, որ իրականում կանչել էին պետանվտանգություն: Մի քանի ամիս լրջորեն զբաղվեցին ինձնով, մտածելով, թե ես ռեւիզիոնիստ եմ, եկել եմ սովետական բանակը քանդելու: Նրանք լուրջ բան չգտան»:
Մեր այն հարցին, թե գրական շրջանակներն ինչպե՞ս են վերաբերվում իր շուրջը ստեղծված աղմուկին, Լ. Ջավախյանն ասաց. «Շեկոյան Արմենը հոգեբանորեն, բարոյապես ինձ նեցուկ է, իմ մտերիմ ընկերն է եւ իմ կողքին մնաց: Շրջապատում կան մտերիմ մարդիկ, որոնք այլ կերպ են մտածում: Մի մասը կարծում է, թե ես PR եմ անում: «Քիրվա» պատմվածքի ժամանակ, մեր նշանակոր արվեստագետներից մեկը ասում էր՝ Լեւոնը իշխանության մարմիններում ընկերներ ունի, գնացել է Ադրբեջան՝ դասավորել է մրցանակը: Որ դասավորող լինեի, Ղարաբաղի հարցը կդասավորեի: Իսկական գրողը, մտավորականը ինչ-որ առումով մենակ մարդ է: Իհարկե, ես ինձ իսկական գրող չեմ համարում: Ինձ համար գրականությունն ածանցյալ է, ամենամեծ ստեղծագործությունն ինձ համար կյանքն է, որն ապրում եմ: Մինչեւ 50 տարեկան ես ջուրն ուրիշ կերպ էի խմում, հիմա վայելելով եմ խմում: Ոնց որ կյանքի կարոտն առնեմ: Տխուր է, որ մտավորականությունը քենով ու նախանձով է լուրջ հարցերին վերաբերվում»: