Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՆԴԱՆԻՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒ ՓԱՍՏԱԲԱՆ

Մարտ 19,2011 00:00

\"\"Մենք պատասխանատու ենք նրանց համար,  ում ընտելացրել ենք

«Քանի որ մարդուն էլ նույն ճակատագիրն է սպասվում, ինչ կենդանուն, ինչպես վերջինը, նա էլ է մահանում, եւ նրանք երկուսն էլ ապրում են նույնանման կյանքով, մարդն ավելին չէ, քան կենդանին է» (Սողոմոն):
Ցյուրիխի Կանտոն շրջանում կա կենդանիների փաստաբանի հաստիք, Իտալիայի որոշ քաղաքներում կատուներին շնորհված է քաղաքացու կարգավիճակ, Գերմանիայում կենդանիների իրավունքներն ամրագրված են սահմանադրությամբ, Նիդեռլանդներում «Կենդանիների կուսակցությունը» ներկայացված է խորհրդարանում՝ «Հաֆ-հաֆ», «Մյաու. ես փաստաբան եմ պահանջում»: Իսկ Հայաստանո՞ւմ: Ինչո՞ւ է հարկավոր սահմանափակել դաժանությունն ընդհանրապես, եւ կենդանիների նկատմամբ՝ մասնավորապես: Ոչ միայն այն պատճառով, որ ագրեսիվության մոտիվացիան կործանում է հենց դաժան մարդուն եւ նշանակություն չունի, թե ում դեմ է այն ուղղված, այլ՝ որովհետեւ հարկավոր է հարգել շրջակա միջավայրը, արմատավորել ու զարգացնել կարեկցանքի զգացումը քո մեջ՝ որպես աշխարհաճանաչողության հիմնական հնարավորություն:
Հաջորդ քայլը՝ ընդունել սեփական եւ այլոց իրավունքները:
Հասկանալ եւ գիտակցել սեփական իրավունքները՝ նշանակում է ընդունել նաեւ կենդանիների իրավունքները, փաստորեն նաեւ ընդունել սեփական պարտավորություններն ու պատասխանատվությունը՝ բոլորը միաժամանակ: Այսպես նաեւ ձեւավորվում է պատասխանատվությունը հասարակության եւ աշխարհի նկատմամբ ընդհանրապես:

Կենդանիների պաշտպանները՝ «Ֆեյսբուքում»
Կենդանիների պաշտպանները տեքստ են տարածել. «Ինչ անել, եթե դուք դարձել եք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ականատես», կոչ անելով իրավաբաններին՝ մեկնաբանել այն մասնագիտական տեսանկյունից: Հայաստանում, պարզվում է՝ եղել է այսպիսի օրենք դեռեւս Խորհրդային Հայաստանի քրեական օրենսգրքում՝ խուլիգանություն հոդվածի ներքո, հետո այն հայտնվեց ՀՀ Վարչական օրենսգրքի 92 հոդվածի տեսքով: Ըստ այդ հոդվածի. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաեւ կենդանիներին խոշտանգելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 30-ապատիկից մինչեւ 50-ապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ 80-ապատիկից մինչեւ 100-ապատիկի չափով»: Իսկ թե ինչ անել հետո՝ անհասկանալի է:
Օրերս Երեւանում մի խումբ կենդանասերների ու լրագրողների հաջողվեց հակահարված տալ մի տանջարարի («Առավոտն» այդ մասին հայտնել էր): Ակտիվիստները կանչեցին ոստիկանության աշխատակիցների, ովքեր հարթեցին իրավիճակը եւ փրկեցին կենդանիներին: Կենդանասերների շրջանում իրարանցում է։ Այս իրադարձությունը ոգեշնչել է նրանց, ովքեր վաղուց են փորձում օրինական ճանապարհով մաքրել հաշիվները կամ «Յունիգրաֆի»՝ շուն բռնող հատուկ ծառայության հետ (որը սպանում է կենդանիներին՝ ցանկացած կենդանի չսիրողի պատվերով), կամ անհատ կենդանասպանների: Սակայն մի՞թե դա այդքան հեշտ կլինի անել Հայաստանում, դեռեւս ակնհայտ չէ: Այսինքն, գոյություն ունի՞ արդյոք անհրաժեշտ օրենսդրական հիմք:  Այսօր ամբողջ աշխարհում տեղի են ունենում արտակարգ իրադարձություններ: Մարդիկ ավելի ու ավելի են գիտակցում իրենց բնական եւ քաղաքացիական իրավունքները:
Կարծես թե վերջերս, սակայն իրականում արդեն անցյալ դարում ընդունվել է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագիրը, բայց արդյո՞ք այն հասել է յուրաքանչյուր պետության ու յուրաքանչյուր քաղաքացու, առավել եւս հպատակ մարդու: Այնուամենայնիվ, տարօրինակ զուգադիպությամբ, կենդանիների իրավունքների մասին մարդիկ սկսեցին մտածել ավելի վաղ, քան սեփական տեսակի իրավունքների մասին, իհարկե ոչ այստեղ, այլ՝ արեւմուտքում (Եվրոպայում՝ Անգլիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում): Բայց դժվարը սկիզբն է, եւ սկսվեց Անգլիայում:
«Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք». Սենտ Էքզյուպերիի բանաձեւը տարածում է այս գիտակցումը նրանց վրա, ովքեր ի վիճակի չեն պատասխանել պարտավորությամբ՝ անփոխհատույց պատասխանատվությամբ՝ մեր կրտսեր եղբայրների նկատմամբ։ Մենք՝ մարդկությունը, օժտում ենք ինչ-որ մեկին միայն իրավունքներով, թեեւ մեր իրավունքներին զիջող, բայց առանց փոխհատուցման ակնկալիքի:

Կենդանիները վերածվում են իրավունքի սուբյեկտի
Հռչակվում են նրանց իրավունքների դեկլարացիաներ, ստորագրվում են կոնվենցիաներ, ընդունվում են նրանց պաշտպանող օրենքներ:
Եվ պատահական չէ, որ այս ամենը տեղի է ունենում առայժմ միայն Արեւմուտքում, իսկ ԱՊՀ տարածքում նրանք դեռեւս սեփականություն են, իրավունքի «օբյեկտ» եւ ոչ թե՝ սուբյեկտ, ինչին համապատասխան էլ ձեւավորվում է իրավական հիմքը:
Բայց հարցն էլ հենց այն է, թե ո՞վ այստեղ սեփականություն չէ:
Ռուսաստանում 11 տարի է, ինչ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին մշակված (ժամանակակից չափանիշների հասցված) օրենքը գտնվում է Պուտինի վետոյի տակ, դեռեւս իր նախագահության օրոք հետեւյալ ձեւակերպումով. «Օրենքը չունի իրավական կարգավորման սեփական առարկա», ինչը նշանակում է՝ իսկ ի՞նչ իրավունքներ կարող է ունենալ գույքը, սեփականությունը:
Իսկ մեզ մոտ այսպիսի օրենք դեռ չի էլ քննարկվել, ավելին, այն, որը գոյություն է ունեցել ԽՀ ՔՕ, ապաքրեականացվել է, փոխանցվել ՎՕ, թեեւ դժվար թե ինչ, որ մեկը հիշի, որ այն երբեւէ գործել է ՔՕ-ում:
Ավելին, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի մասին լիարժեք գործող օրենք ընդունելու համար հարկավոր է անհրաժեշտ իրավական հիմք: Գերմանիայում կենդանիների իրավունքներն ամրագրված են սահմանադրությամբ: Դրա համար վավերացվում են միջազգային իրավական փաստաթղթեր, ինչը պարտավորեցնում է մեր երկրին շարունակել գործողություններն այդ ուղղությամբ:
Նախագահ Մեդվեդեւին՝ Ռուսաստանի քաղաքացիների կողմից ուղղված նամակից՝ «Օրենսդրական անհաջողությունների պատճառներից մեկն այս ոլորտում հանդիսանում է ինչ-որ հոգեբանական պահ: Կենդանիների իրավական դաշտում հայտնվելուն պես մոռացվում է, որ խոսքն ուղղված է կենդանիների հետ առնչվող մարդկանց միջեւ հարաբերությունների կարգավորմանը, եւ սկսում են կարգավորել կենդանիների կյանքը»:
Մենք պարտավոր ենք կարողանալ պաշտպանել ինքներս մեզ, մեր բնական, հիմնական իրավունքը՝ կարեկցելու, եւ մեր եղբայրների իրավունքը մեր կարեկցանքը ստանալու, եւ նրանց ազատ, առանց տառապանքի կյանքի իրավունքը՝ մեր հարեւանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031