Կոզեռն թաղամասի բնակիչները, որոնց տարածքն արդեն մի քանի տարի իրացման գոտի է հայտարարված, մտավախություն ունեն, որ «բոմժ» են դառնալու:
Երեկ հրավիրած ասուլիսում նրանք բողոքում էին, որ տարածքի կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» շինարարական ընկերությունը համարժեք փոխհատուցում չի տրամադրում: Նրանք կառուցապատող Սամվել Մայրապետյանից պահանջում էին վերանայել պայմանները եւ իրենց երաշխիքներ տալ, որ բնակարաններից զրկվելուց հետո անտուն չեն մնա: Կոզեռնի բնակիչների դժգոհությունն էր հարուցել նաեւ այն, որ Ս. Մայրապետյանը փոխհատուցում չի առաջարկում նրանց սեփականությունը հանդիսացող հողի համար. «Պետությունը պետք է քաղաքացուն տա իր գույքին համարժեք գին կամ համարժեք բնակարան, այնուհետեւ վաճառի»:
Կոզեռնցիներին անհանգստացնում էր եւս մեկ հարց՝ նրանք չգիտեն, թե իրենց տների փոխարեն ինչ է կառուցվելու Կոզեռն թաղամասում:
Երեկ ի պատասխան բնակիչների դժգոհությունների, Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել են. «Հայտնում ենք, որ տարածքի կառուցապատող «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը բնակիչներին, բացի գնային առաջարկից, արել է նաեւ բնակմակերեսով փոխհատուցման առաջարկ, ընդ որում՝ բնակիչների համար նախատեսված շենքը կառուցվելու է նույն Կոզեռն թաղամասում՝ Պռոշյան փողոցին հարող մասում: Ինչ վերաբերում է Կոզեռնի բնակիչների ակնարկած ռիսկին կամ ֆինանսական երաշխիքներին, ապա «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունը բնակիչների հետ կնքում է միայն նախնական պայմանագիր՝ հատկացվող մակերեսի վերաբերյալ, իսկ վերջնական պայմանագիրը կկնքվի կառուցվող շենքը պատրաստ լինելու պահին: Այդ ընթացքում Կոզեռնի բնակիչների բնակարանները չեն քանդվելու. նրանք շարունակելու են ապրել իրենց տներում:
Հայտնում ենք նաեւ, որ, ըստ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, Կոզեռն թաղամասում կան որոշակի սահմանափակումներ, մասնավորապես՝ նշյալ տարածքում չի թույլատրվում կառուցել բարձրահարկ շենքեր:
Այս պահի դրությամբ երկու տասնյակից ավելի բնակիչներ «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության հետ արդեն եկել են համաձայնության եւ կնքել են նախնական պայմանագրեր»: