Թեեւ, ըստ օրենքի, մարտի 17-ին երթուղագիծը չսպասարկելու համար ընկերությունները պետք է կամ լուծարվեն, կամ լիցենզիայից զրկվեն, սակայն կառավարությունն արդեն 3-րդ անգամ է՝ ոչ ոքի նույնիսկ թեթեւ նկատողություն չի տալիս:
Այսօր միջմարզային կամ ներքաղաքային ուղեւորափոխադրումների համար գիծը շահագործելու մրցույթը շահել եւ այդ մրցութային պայմանները իրագործել այնքան էլ դժվար բան չէ: Կարեւորը ճիշտ պահին իշխանություններին անհրաժեշտ ծառայություն մատուցելն է, հակառակ դեպքում՝ հավիտյան կզրկվես ե՛ւ գծից, ե՛ւ բիզնես անելու բոլոր հնարավորություններից:
Արդեն որերորդ անգամ է, որ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրերին որոշ մարզերի երթուղագծերը պարզապես կաթվածահար են լինում՝ մարզերի բնակիչներին զրկելով ազատ տեղաշարժվելու տարրական իրավունքից:
Չնայած մրցութային պայմաններով հստակ սահմանված է եղել, որ գիծը պետք է շահագործեն անխափան՝ առանց խախտելու երթուղու համար սահմանված չվացուցակը, մեքենաների պակասություն կամ անսարքություն ոչ մի դեպքում չպետք է լինի: Հենց այդ նպատակով էլ գծի համար պայքարող ընկերությունները լրացուցիչ ավտոմեքենաներ են ներկայացնում մրցույթին՝ հավաստիացնելով, որ անգամ մի քանի մեքենա խնդիր ունենալու պարագայում կարող են տակից դուրս չգալ եւ ոչ մի դեպքում ուղեւորներին չեն «քաշի»: Սակայն հենց գալիս են միտինգի օրերը, գծատերերը ոչ միայն երդումներն են մոռանում, այլեւ օրենքի կոպիտ եւ ակնհայտ խախտումներ են թույլ տալիս: Նկատենք, որ մրցույթի պահանջները չկատարելու դեպքում գիծը շահագործող ընկերություններին ըստ օրենքի պատիժ է հասնում՝ նկատողությունից ընդհուպ մինչեւ լիցենզիայից զրկում:
Նախօրեին, որպեսզի մարզերի բնակիչները չկարողանան մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին, չեն գործել Վանաձոր-Երեւան, Նոր Հաճըն-Երեւան, Աշտարակ-Երեւան, Արտաշատ-Երեւան, Մասիս-Երեւան երթուղագծերը: Այն, որ գիծը չսպասարկելու համար այդ ընկերությունները կարող են պատասխանատվություն կրել, նրանց ամենեւին էլ չի վախեցնում, քանի որ «դաբրոն» վերեւներից են ստացել: Հաշվի առնելով այն, որ թե՛ միջմարզային եւ թե՛ քաղաքային երթուղագծերի տերերը պատահական մարդիկ չեն, ուստի նրանք փայլուն գիտեն, որ օրենքով սահմանված կարգով ոչ մի պատասխանատվություն էլ չեն կրելու:
Վանաձոր-Երեւան գծի սեփականատերը հայկական բանակի գեներալներից մեկն է: Սակայն հաշվի առնելով, որ այս բիզնեսը հաստատ նրա անունով գրանցված չի լինի, այլ զոքանչի կամ հեռավոր բարեկամներից մեկի, գեներալի անունը չենք հրապարակում: ՀԱԿ-ի հանրահավաքի օրը, առավոտյան ժամը 9.00-ից, Վանաձորի ավտոկայարանում գեներալին պատկանող գծի ոչ մի միկրոավտոբուս երթուղի դուրս չի եկել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները, լինելով ավտոկայարանում, ճշտել են, որ՝ ավտոկայարանի միկրոավտոբուսների աշխատանքը համակարգող աշխատակիցը վստահեցրել է, թե ամբողջ օրը միկրոավտոբուսներ չեն լինելու՝ Երեւանում միտինգի պատճառով:
Բացի միկրոավտոբուսներից, չեն աշխատել նաեւ «Վանաձոր» տաքսի-սերվիսի մեքենաները: Մեր տեղեկություններով՝ այս սերվիսը նույնպես պատկանում է այդ գեներալին: Նախօրեին բազմաթիվ վանաձորցիներ զրկված են եղել Երեւան գնալու հնարավորությունից, իսկ այլ տաքսիներն էլ սովորականից բարձր գնով են մարդկանց տեղափոխել:
Այն մարզերում, որտեղ «մեկումեջ» գոնե ավտոբուսներ են աշխատել, ոստիկանները մեկառմեկ ստուգել են, եւ եթե, ուսանողից բացի, այլ ուղեւոր է եղել՝ վարորդներին հանդիմանել են, որ նրանց հրահանգված է եղել միայն ուսանողներ վերցնել:
Այն, որ երթուղային գիծը չսպասարկելու համար ընկերությունը պետք է օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրի, փաստում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքը: Վերահսկողությունն իրականացնում է կապի եւ տրանսպորտի նախարարության տրանսպորտային տեսչությունը:
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 12-րդ հոդվածն ասում է՝ երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք են՝ հաստատված չվացուցակներով սահմանված երթերի չկատարումը, մեկնման ժամերի խախտումները, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումները եւ վերջնակետի (սկզբնակետի) խախտումները: Ըստ օրենքի, խախտում հայտնաբերելու դեպքում հնարավոր է անգամ գիծը սպասարկող կազմակերպությունը լուծարել կամ զրկել ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնելու իրավունքից:
Երեկ «Առավոտը» նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Ռուբիկ Նավոյանից հետաքրքրվեց՝ ուսումնասիրե՞լ են, արդյոք, թե ինչու են միջմարզային որոշ գծեր «խափանումներով» աշխատել կամ ընդհանրապես չեն աշխատել: Չնայած լրատվամիջոցները պարբերաբար անդրադարձել են այս խնդրին, սակայն պարոն Նավոյանը վստահեցրեց, որ այդ մասին առաջին անգամ է լսում, այն էլ՝ մեզնից:
Պարոն Նավոյանի խոսքերով, իրենք գրավոր բողոք չեն ունեցել նշված երթուղագծերի աշխատանքի վերաբերյալ: Մեր այն հարցին՝ արդյոք թերթի հրապարակումը բավարար չէ՞ ուսումնասիրություն կատարելու համար, պարոն Նավոյանն ասաց. «Եթե կա ահազանգ, մենք պետք է գնանք տեղում ստուգենք, ուսումնասիրենք գրանցումները՝ թե որ մեքենան որ ժամին է դուրս եկել գիծ: Կամ համապատասխան գրանցում կատարե՞լ են, թե՞ ոչ»:
Այսինքն՝ չի բացառվում, որ տվյալ գծերը սպասարկող ընկերություններն իրենց գրանցամատյաններում նշել են՝ իբր անխափան աշխատել են՝ սահմանված ժամին դուրս են եկել գիծ: Մեր հարցին, թե ի՞նչ պատիժ է սահմանվում ամբողջ օրը դուրս չգալու դեպքում, պարոն Նավոյանն ասաց. «Ամեն ինչ էլ կարելի է կիրառել՝ նկատողությունից մինչեւ լիցենզիայի զրկում: Ուղղակի համապատասխան մարդիկ պետք է գնան տեղում ամեն ինչ ստուգեն, գիծը սպասարկող ընկերություններն էլ բացատրություններ, տեղեկանքներ տան՝ եղե՞լ է չվացուցակի խախտում, թե՞ ոչ, քանի՞ մեքենա դուրս չի եկել եւ այլն: Սակայն նրանք իրավունք չունեն անգամ մեկ մեքենա գիծ չուղարկել: Նրանք պետք է փոխարինող մեքենա ունենան, որպեսզի մեկի անսարքության դեպքում մյուսը գիծ դուրս գա»:
Տրանսպորտային տեսչության պետի տեղակալը խոստացավ հրապարակմանը ծանոթանալուց հետո իրենց լիազորությունների շրջանակում ուսումնասիրություններ կատարել եւ պարզաբանումներ տալ:
Հ. Գ. Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը նախօրեին անդրադառնալով ՀԱԿ-ի հանրահավաքին՝ նշել էր, որ հազիվ 10 հազար մարդ մասնակցի: Այսինքն՝ պատգամավորն արդեն պարզ հաշվարկ էր կատարել՝ եթե մի քանի մարզերի երթուղայիններ ամբողջ օրը չաշխատեն, ապա ՀԱԿ-ի հանրահավաքին, իսկապես, շատ-շատերը հնարավորություն չեն ունենա մասնակցելու: