Այս հարցին պատասխանելու համար Եվրամիությունը 2,5 մլն եվրո է հատկացրել Հարավային Կովկասի երկրներին:
Այս որդերն ու ճիճուները վրացական Խրամի գետից վերցրած նմուշներից են:
Մասնագետը փորձանմուշ է վերցնում Քուռի վտակից:
Հարցրեք Հայաստանի ցանկացած քաղաքացու՝ Եվրամիությունը Հայաստանում ի՞նչ ծրագրեր է իրականացնում, եւ տասից յոթը՝ լավագույն դեպքում, զարմանքից կչռի աչքերը: Այլ երկրների եւ կազմակերպությունների՝ Հայաստանում իրագործվող ծրագրերը շատ ավելի լավ են իրազեկվում, եւ հասարակությունը դրանցից ավելի տեղյակ է: Այդ բացը ծածկելու համար ԵՄ-ն նախաձեռնել է «Հայաստանում Եվրոպական Միության եւ ԵՄ ծրագրերի գործունեության իրազեկության բարձրացման» երկամյա ծրագիրը, որի համատեքստում երեկ առաջինը ներկայացվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում 2008թ. հունիսին սկսված եւ 2011թ. դեկտեմբերին ավարտվող Հարավային Կովկասի երկրների համար իրականացվող «Անդրսահմանային գետերի կառավարում-Քուռ գետ-Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան» ծրագրի երկրորդ փուլը:
Անդրսահմանային գետերի կառավարումն այսօր ողջ աշխարհում խնդիր է: Տարբեր երկրներ իրար հետ լուրջ կոնֆլիկտներ են ունենում հենց անդրսահմանային գետերի պատճառով: Անգամ իրենք՝ Եվրամիության երկրները, դժվարանում են «կիսել» Դանուբը, Հռենոսը եւ մյուս գետերը: Խնդիրն այն է, որ գետերն իրենց ակունքների մոտ ավելի մաքուր են լինում, քան գետաբերանի մոտ, եւ այն երկրները, որոնք ակունքներից ավելի հեռու են գտնվում, մեղադրում են նախորդներին՝ գետն աղտոտելու մեջ: Այդ վիճաբանությունները երբեմն զավեշտի են հասնում, սակայն եթե վերադառնանք մեր իրականություն, ապա Հայաստանի հասցեին Վրաստանի եւ Ադրբեջանի կողմից ամենեւին ոչ զավեշտալի մեղադրանքները՝ Քուռ գետը եւ Հայաստանում գտնվող նրա վտակները աղտոտելու կապակցությամբ, արդեն հոգնեցրել են բոլորին: Սակայն, ինչպես տեղեկացրեց այդ ծրագրի հայաստանյան կողմի մասնագիտական խմբի ղեկավար, բնապահպանության նախարարության ՇՄՎՆ մոնիտորինգի կենտրոնի փոխտնօրեն Սեյրան Մինասյանը, ծրագրի իրականացման արդյունքում արդեն երկու տարի այդ մեղադրանքները նվազել են՝ Վրաստանի կողմից վերացել են, Ադրբեջանն էլ գոնե պաշտոնապես դադարել է նման զրպարտությունները: Ինչո՞ւ զրպարտություն, որովհետեւ ծրագրի շրջանակներում այս երեք երկրների եւ եվրոպական անկախ լաբորատորիաների կողմից արված փորձաքննությունները ցույց են տվել, որ այն ողբերգական պատկերը, որ ներկայացնում է մեր հարեւանը, ընդամենը իր վառ երեւակայության արդյունքն է, եւ, օրինակ, Դեբեդի եւ Աղստեւի ամենամաքուր հատվածները հենց Հայաստանի տարածքում էին:
Պարոն Մինասյանի խոսքերով՝ սովետական տարիներին ջուրը դիտարկվում էր որպես ռեսուրս, եւ գետերի բաղադրությունը ստուգվում էր այդ տեսակետից՝ խմելու կամ ոռոգման համար պիտանի՞ է, թե՞ ոչ, սակայն այժմ ԵՄ Ջրային քաղաքականության շրջանակային դիրեկտիվը ստիպում է գետերին, ջրային ավազաններին նայել որպես ամբողջ էկոհամակարգ, եւ այդ տեսանկյունից լրիվ այլ փորձաքննություն եւ մոնիտորինգ է անհրաժեշտ: «Անդրսահմանային գետերի կառավարում» ծրագրով իրականացվում է այդ կարգի մոնիտորինգ:
Ի դեպ, ծրագիրն արժեցել է 2,5 մլն եվրո՝ երեք երկրների համար:
Ծրագիրն այս տարի ավարտվելու է, սակայն մեր կառավարությունը կշարունակի ֆինանսավորել գետերի մոնիտորինգը, եւ, ի դեպ, ըստ Ս. Մինասյանի, արդեն երեք տարի շարունակ մեր պետբյուջեից այս նպատակներով տարեկան գրեթե 200 հազար դոլար է փոխանցվում, ինչը գրեթե համեմատելի է եվրոպական չափանիշների հետ: Ավելին, մեր բյուջեից 200 մլն դրամի լաբորատոր սարքավորում է գնվել՝ գետերի էկոհամակարգը ստուգելու համար, եւ այդ սարքավորումների եւ մեր մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մեր մասնագետների փոխանցած տվյալները Եվրոպա գրեթե մեկը մեկին նույնական են եղել այնտեղի լաբորատորիաների ստացած տվյալների հետ, այն դեպքում, երբ մեր հարեւան երկրների մասնագետների ստացած տվյալները բազմակի անգամ տարբերություն են տվել: Պարոն Մինասյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց մոնիտորինգային կենտրոնը որեւէ վերահսկողական կամ խորհրդատվական-ուղղորդման իրավասություններ չունի. «Մենք միայն վերցնում ենք նմուշները, լաբորատոր ստուգման ենթարկում եւ ուղարկում համապատասխան մարմիններին, մնացածը մեր գործը չէ: Եվ ես շատ դեմ կլինեի, եթե մեզ տրվեր ինչ-որ վերահսկողական ֆունկցիա»,- ասաց պարոն Մինասյանը՝ ենթադրելով, որ այդ պարագայում չէին բացառվի ինչ-ինչ կոռուպցիոն կամ հովանավորչական ռիսկերը:
Հ. Գ. «Առավոտի» հարցին՝ այսօրվա դրությամբ Հայաստանի 14 խոշոր գետերից որո՞նք են ամենակեղտոտը, Սեյրան Մինասյանը պատասխանեց, որ Հրազդան գետի՝ Երեւանից դուրս եկող հատվածը, Դեբեդի՝ Վանաձորից դուրս եկող հատվածը, եւ որքան էլ զարմանալի է՝ Ծաղկաձոր գետը, որն այլեւս չի դիմանում գերաճ տված կուրորտային քաղաքի աղբին: