Երդում տված դաշնակցականներից շատերը տանիք են փնտրում ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի շարքերում
Այս մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու, Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի սանիկ Արտակ Ավետիսյանը: Վերջինս եւս դուրս է եկել ՀՅԴ շարքերից, իսկ թե ինչու ավանդական կուսակցությունը այլեւս չի հրապուրում, 20-ամյա դաշնակցական Արտակ Ավետիսյանը իր քայլը պարզաբանում է այսպես. «Էն գործունեությունը, որը ես որպես անձ կամ որպես քաղաքացի ծավալել եմ կուսակցական պատկանելությունից դուրս, էս պահին ես էդ գործունեությունը ծավալելու հնարավորություն չունեմ: Այսինքն՝ այն, ինչ ես մտածում եմ, էս պահին լիարժեք արտահայտելու հնարավորություն չունեմ: Սա առաջին պատճառն է, երկրորդ պատճառը՝ ներկուսակցական որոշակի խնդիրներ կային կուսակցության ներսում, մեր որոշ ընկերներ երեւի ենթադրում էին, որ էս պրոբլեմների հիմքում մասնավորապես իմ գործունեությունն է: Իմ այս քայլով նաեւ էդ մարդկանց եմ հնարավորություն տալիս կայանալու ու այսպես ասած՝ իրենց ասածի վրա համոզվելու: Եթե ես եմ խանգարում կուսակցությանը մարզում նորմալ քաղաքական գործունեություն ծավալելու, ժամանակը լավագույն ապացույցն է էդպես մտածողների համար»: Ըստ Արտակ Ավետիսյանի, ինքը միակը չէ, ով լքել է կուսակցությունը, թեեւ նա հստակ թվերի չի տիրապետում, այնուամենայնիվ փաստում է, որ իր հին ընկերների մեջ կան մարդիկ, ովքեր համալրել են ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի շարքերը: Նա նաեւ հավելում է, որ թե Գյումրիի, թե առհասարակ շիրակցի կուսակցականների թիվը կիսով չափ պակասել է, եւ դա սկսվել է Դաշնակցության՝ կոալիցիայից դուրս գալուց հետո: «Քանի որ իմ խնդիրները սուբյեկտիվ, անձնական են, ես հավաստիացնում եմ, որ որեւէ կուսակցության մեջ մտնելու համար չէ, որ դուրս եմ եկել, որեւէ կուսակցության մեջ չեմ մտնելու, էդ հաստատ է: Իմ մյուս ընկերները, որոնք դուրս են եկել, երեւի ունեցել են անձնական շահ կամ խնդիրներ, եւ էս պահին, էսպես ասենք, քաղաքական տանիքի պատճառով են դուրս եկել կուսակցությունից, որովհետեւ մեր երկրում քաղաքական գործընթացները, բոլորին է հայտնի, ընթանում են հետեւյալ սցենարով. կոալիցիոն համագործակցության մեջ Դաշնակցությունն ուներ իր դերակատարությունը, իմ շատ կուսակցական ընկերներ պաշտոնյաներ էին, քաղաքական պաշտոններ էին զբաղեցնում, որպես քաղծառայողներ տարբեր հաստատություններում էին աշխատում, էս մարդիկ խնդիրներ ունեցան աշխատանքի վայրում եւ մեծ մասամբ հեռացան կուսակցությունից այս պատճառով»,- ասում է Արտակ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ երբեմնի դաշնակցական մարզը դաշնակաթափ արեց Շիրակի նախկին մարզպետ Լիդա Նանյանը, տիկինը պաշտոնաթող արեց այն բոլոր դպրոցների ու հիվանդանոցների տնօրեններին, որոնք դաշնակցական էին դարձել Ռոմիկ Մանուկյանի «խաթր»: Պաշտոնազուրկ դարձողներից մեկն էլ Արտակ Ավետիսյանն էր, ով Գյումրու թիվ 41 դպրոցի տնօրենն էր: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ Գյումրու Դաշնակցությունը փլուզվում է, Արտակ Ավետիսյանը խուսափեց գնահատականներ տալուց: «Չէի ուզենա այդպես ասել, որովհետեւ ես եթե ասեմ՝ մեծամտություն կլինի, այսինքն՝ ես չէի էդ սյունը, որին հանելուց հետո փլվեց: Ժամանակը կարող է միայն ցույց տալ, թե՞ իմ կամ մյուսների դուրս գալուց հետո կուսակցությունը կորցրե՞ց, թե շահեց: Բնականաբար, եթե ես այս պահին լինեի դաշնակցական եւ ուրիշների դուրս գալու մասին իմանայի, պիտի ձեզ հավաստիացնեի, որ Դաշնակցությունից շատ-շատերն են դուրս եկել, ու ոչ մի բան Դաշնակցության մեջ չի եղել: Էս պահին հավաստիացնում եմ ձեզ՝ եթե հարցնեք որեւէ դաշնակցական պատասխանատուի, ձեզ նույն կերպ կվստահեցնեն, որ ցանկացած մեկի դուրս գալուց հետո ոչինչ չի կորցրել Դաշնակցությունը»,- ասում է Արտակ Ավետիսյանը: Վերջինիս ասելով, իրեն վատ վիճակի մեջ է դրել նաեւ այն, որ Դաշնակցությունը քաղաքական դաշտում չունի միանշանակ լուծումներ, իրադարձություններին «ադեկվատ» չի արձագանքում: «Երբ որ մերձավոր հարազատիդ էլ չես կարողանում ապացուցել եւ փաստերով էլ ապացուցողական չես, որ դու իրականում ընդդիմություն ես, դա ամենավատ վիճակն է»,- ասում է Արտակ Ավետիսյանը:
Թե ինչու են մարզի քիչ, թե շատ պաշտոններ ունեցող դաշնակցականները, օրինակ՝ հիվանդանոցների ու բուժկետերի տնօրենները, դպրոցների փոխտնօրենները մտնում ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի շարքերը, Դաշնակցության Գյումրու կոմիտեի նախագահ Աշոտ Հակոբյանը հերքում է այս փաստը՝ պնդելով, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, Դաշնակցության շարքերը մի բան էլ ավելանում են: Նա նաեւ պնդում է, որ Արտակ Ավետիսյանը եւս դեռ կուսակցության անդամ է: Ի դեպ, Դաշնակցության Շիրակի մարզային կոմիտեն էլ, խոստումներին հակառակ, դեռ չի ձեւավորվել: