ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ձեռնպահ է մնում համազեկուցողների զեկույցի խստության վերաբերյալ գնահատականներ հայտնելուց:
Կայքերից մեկը հաղորդել էր, թե ԱԺ պետաիրավական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտն ասել է, որ բարեփոխումները ուշանում են. «Պետք է անել ամեն ինչ, որ նոր «մարտի 1»-երը չկրկնվեն»: Վերջին միտքն արտացոլվել է նաեւ պաշտոնական որոշ հաղորդագրություններում: Սակայն արդյոք պրն Պրեսկոտն իրոք գնահատե՞լ է, թե բարեփոխումներն ուշանում են՝ մեր այս հարցին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ինձ հայտնի չէ նման գնահատական»:
Դավիթ Հարությունյանի հետ ԵԽԽՎ համազեկուցողները հանդիպել էին ե՛ւ որպես ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի, ե՛ւ որպես «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ մշակող աշխատանքային խմբի ղեկավարի, ե՛ւ որպես «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողովի առաջարկների կատարման ընթացքը մշտադիտարկող՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի: Մեր հարցին՝ մի՞թե Ստրասբուրգում տարին 4 անգամ ԵԽԽՎ նստաշրջանների ընթացքում շփումների պակաս ունեին, որ երկօրյա այցի օրակարգում իր հետ հանդիպումներն այսպիսի մեծ ծավալ կազմեցին՝ պրն Հարությունյանը պատասխանեց. «Իրականում հանդիպումներն ինձ հետ չէին: Ես ընդամենը ղեկավարում եմ աշխատանքային խումբը, բայց հանդիպումը խմբի հետ էր: Կամ՝ հանդիպում էր ԱԺ պետաիրավական հարցերի ամբողջ հանձնաժողովի հետ, այդ թվում՝ նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, եւ նույնը վերաբերում է նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը (առաջին հանդիպմանը մասնակցել էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը, երկրորդին՝ ԵԽԽՎ պատվիրակ Արմեն Ռուստամյանը.- Ա. Ի.): Հանդիպումը ոչ թե պատվիրակության ղեկավարի հետ էր, այլ ես ուղղակի մասնակցում էի՝ որպես պատվիրակության շարքային անդամ»:
Պաշտոնական հաղորդագրություններից դատելով՝ համազեկուցողների զեկույցը լինելու է «առաջընթաց կա, բայց դեռ մնում են չլուծված խնդիրներ» արտահայտության ոգով: Մինչդեռ համազեկուցողներին հանդիպած իրավապաշտպանները տպավորություն են ստացել, թե մեզ սպասվում է խիստ զեկույց: Հարցին, թե իր կարծիքով՝ զեկույցը խի՞ստ է լինելու, թե՞ ոչ՝ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարը պատասխանեց. «Ես ձեռնպահ կմնայի նման որեւէ գնահատականից: Ընդհանրապես՝ միշտ նախընտրում եմ տեսնել զեկույցը եւ հասկանալ, թե ինչ է առաջարկվում: Եվ կարծում եմ, որ համազեկուցողները պետք է ժամանակ ունենան իրենք էլ քննարկելու, թե ինչ առաջարկություններ են ներկայացնելու»:
Հ. Գ. ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստի ընթացքում անդրադարձել են երկու օրինագծերի, որոնք ԵԽԽՎ ուշադրության ներքո են: Հանձնաժողովի դրական եզրակացությունն է ստացել «Հավաքների ազատության մասին» եւ հարակից 11 օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը պետք է նպաստի հավաքներն առանց անհարկի խոչընդոտների եւ պատշաճ կազմակերպելուն:
Բացի այդ՝ դրական եզրակացություն են ստացել ե՛ւ կոալիցիայի, ե՛ւ խորհրդարանական ընդդիմության նախագծերը՝ «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ: «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորների առաջարկությունների հիման վրա ՀՅԴ ներկայացրած նախագիծը որոշում է կայացվել համարել այլընտրանքային: Կոալիցիոն առաջարկում ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության մեջ նշված բոլոր առաջարկությունները՝ բացառությամբ մատների թանաքոտման: ՀՅԴ պատգամավորների նախագծի վերաբերյալ հարակից զեկուցողը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը, ըստ ԱԺ կայքէջի՝ նշել է, թե ելնելով օրինագծի վիճահարույց որոշ կետերից՝ հանձնաժողովը չի կարող հարցի առնչությամբ ներկայացնել դրական եզրակացություն: Սակայն Դավիթ Հարությունյանը ելույթում նշել է, թե «այս օրինագծի ճակատագիրը ոչ թե հանձնաժողովը պետք է որոշի, այլեւ խորհրդարանը», ուստի առաջարկել է այն դրական եզրակացությամբ ներկայացնել խորհրդարանի դատին: