Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՊԱՍԻՎ Է

Մարտ 19,2011 00:00

Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ: Ինչպես հայտնում են ՀԱԿ-ի գրասենյակից, հանդիպման սկզբում ԵԱՀԿ գործող նախագահը Լիտվայի ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Լեւոն Տեր-Պետրոսյանին 1991թ. հունվարին Լիտվայում ծայր առած ճգնաժամի հաղթահարմանը ցուցաբերած աջակցության համար:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներքաղաքական զարգացումները՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համատեքստում: Տեր-Պետրոսյանը ԵԱՀԿ գործող նախագահի ուշադրությունն է հրավիրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, հանրահավաքների ազատությունը, ինչպես նաեւ մարտիմեկյան սպանդի բացահայտումը իշխանությունների կողմից խոչընդոտելու հարցերի վրա, նշելով, որ դրանց լուծումը Հայ ազգային կոնգրեսի առաջնահերթություններն են: Նա նաեւ անդրադարձել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պասիվությանը՝ ԵԱՀԿ կողմից առաջնային համարվող ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության խնդիրների առնչությամբ: ՀՀ առաջին նախագահը նաեւ նշել է, որ արդյունավետ չի իրագործվում նաեւ դեռեւս 2003 թվականին մեկնարկած ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող «Ոստիկանության աջակցության ծրագիրը»: Զրուցակիցները քննարկել են նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից պատրաստված «Հայաստանի դատավարությունների դիտարկում» զեկույցի, ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը առնչվող հարցեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել