Լրահոս
Օրվա լրահոսը

Ա. ԱԺՈՒԲԱԼԻՍ. ԻՄՊՐՈՎԻԶԱՑԻԱ

Մարտ 19,2011 00:00

ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳՆ ղեկավար Աուդրոնիուս Աժուբալիսը այսօր Երեւանում հայտարարել է, որ իր հայ պաշտոնակցին արել է «իմպրովիզացիոն, էմոցիոնալ առաջարկ հայ դիպուկահարներին միակողմանի կարգով դուրս բերելու մասին»: Պատասխանելով «Մեդիամաքսի» հարցին՝ նա ասել է. «Թեեւ դա, ավելի շուտ, իմպրովիզացիա էր, ես հայկական կողմին առաջարկեցի մտածել իր դիպուկահարներին շփման գծից միակողմանի կարգով դուրս բերելու մասին: Իհարկե, դա էմոցիոնալ առաջարկ էր, բայց կարծում եմ, որ այն կարող է Հայաստանի բարի կամքի դրսեւորման լավ օրինակ հանդիսանալ»:
Ի պատասխան՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ վերջին 2 տարվա ընթացքում դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու բազմաթիվ կոչերով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահները, Մինսկի խմբի համանախագահները: «Թե Հայաստանը, թե Ղարաբաղը դրական են պատասխանել ինչպես այդ կոչին, այնպես էլ հրադադարի ռեժիմի ամրապնդման ու շփման գծում միջադեպերի քննման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ առաջարկներին»,- հայտարարել է Նալբանդյանը: Նա հիշեցրել է, որ ՀՀ ԱԳՆ-ն անհապաղ արձագանքել էր շփման գծում միջադեպերի քննման մեխանիզմների մշակման վերաբերյալ համանախագահների կոչերին:
Նախարարն ընդգծել է, որ երեկ, երբ տարածաշրջանում էին գտնվում համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահը, ադրբեջանական դիպուկահարները կրկին սպանել են ԼՂ զինծառայողի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել