Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 17-ի հանրահավաքում հրապարակավ հայտարարեց, որ ոչ թե «քինգ-բոքսինգ», այլ շախմատ են խաղում:
Ենթադրվում է՝ իշխանության հետ:
Իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ մամուլի ասուլիսում կրկին խոսեց այն մասին, որ իշխանության քայլերը պայմանավորված են ոչ թե ընդդիմության պահանջներով, այլ այդ քայլերն ուղղակիորեն բխում են կուսակցության 20-ամյակի միջոցառման ժամանակ ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գրեթե ծրագրային ելույթի դրույթներից: Ըստ Էդուարդ Շարմազանովի. «Ուժեղ է այն իշխանությունը, որը գնում է համերաշխության, լայնախոհ է եւ պատրաստ է բարեփոխումների: Դրա վառ ապացույցը պարոն Պրեսկոտի գնահատականներն էին, երբ նշեց, որ 2008-ի մարտի մեկից հետո նախագահ Սարգսյանի քաղաքական կամքի շնորհիվ Հայաստանում տեղի են ունեցել լուրջ բարեփոխումներ»: Ըստ պարոն Շարմազանովի՝ իշխանությունը պետք է աշխատի, ընդդիմությունը պետք է քննադատի. «Երեկվա իրադարձությունը ցույց տվեց, որ երկու կողմերն էլ ունեն խոհեմություն, խոհեմ գտնվեցին, չգնացին բախումների, երկու կողմերի համար էլ շատ կարեւոր է ոչ թե քաղաքական դիվիդենդներ շահելը, այլ առհասարակ կայուն, քաղաքական զարգացումները: Այստեղ կարեւորում եմ նաեւ ոստիկանության կոլեգիայի նիստում երկրի նախագահի խիստ ելույթը եւ խիստ գնահատականները, եւ սա այդ ամենի հետեւանքն է, եւ ամենակարեւորը՝ եւս մեկ անգամ պետք է հաստատեմ, որ նման քայլերի կարող է գնալ այն իշխանությունը, որը ուժեղ է, լայնախոհ է, որը ժողովրդավարական արժեքների ջատագով է»:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի գնահատականները բավականին տարբեր էին իր Հանրապետական գործընկերոջ գնահատականներից:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում պարոն Մարտիրոսյանին հարցրինք շախմատի եւ «քինգ-բոքսինգի» մասին, ի պատասխան՝ մեր զրուցակիցը, որպես սպորտսմեն, ասաց. «Որպես սպորտային մասնագետ՝ ասեմ, որ մեծ նվաճումների հասնելու համար սպորտում առաջին տեղը տեսական եւ տակտիկական պատրաստությունն է, որն անմիջապես կապված է քայլերի հաշվարկի հետ: Բոլոր սպորտաձեւերում, նույնիսկ վազքում հաշվարկը առաջնային տեղում է գտնվում: Եթե մարդիկ ասում են «Հիմա», իսկ դուք ասում եք, թե շախմատ եք խաղում՝ այն դեպքում, երբ արդեն ասել էիք, թե մարտի մեկից անցել եք ժողովրդական ինքնակառավարման, եւ որ օրակարգը ժողովուրդն է թելադրելու, ապա՝ եթե ամբողջ ժողովուրդը գոռում է «Հիմա», ինչպե՞ս եք գնահատում ձեր ոչ համարժեք քայլերը»:
Արմեն Մարտիրոսյանը չուզեց գնահատականներ տալ արդեն իսկ հնչող այն կարծիքներին, թե տեղի է ունեցել ՀԱԿ-իշխանություն գործարք, եւ ասաց, որ դա իր խնդիրը չէ, այլ՝ հայտնի կողմերի. «Ես այն կարծիքին եմ, որ խոսքերի ժամանակը վաղուց անցել է, եւ մենք այսօր ունենք շատ կարճ ժամանակահատված ռեալ քայլերի համար, իսկ այդ ուղղությամբ մենք կարծեք թե քայլեր չենք տեսնում: Ես ինչքան հասկացել եմ՝ վարչապետի ելույթը եվրահանձնաժողովում բավականին դրական նոտաներով է եղել այստեղի ժողովրդավարության մասին: Բայց եթե ժողովրդավարությունն այն է, որ մարդու նույնիսկ տարրական առողջությունն ապահովելու համար (նկատի ունի Րաֆֆի Հովհաննիսյանին) թույլ չեն տալիս մեկ տեղանոց վրան տեղադրել, որպեսզի նա իր հանգիստը հացադուլի պայմաններում կարողանա ապահովել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Իհարկե, խոսքի եւ գործի տարբերությունները մեզանում մշտական են»: