Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐՎԱ ՊԱՀՎԱԾՔԸ ՀՈՒՇՈՒՄ Է ՎԱՂՎԱ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Մարտ 19,2011 00:00

\"\"Իսկ թե ինչու մարտի 17-ին ՀՀ առաջին նախագահը չմոտեցավ ՀՀ առաջին արտգործնախարարին՝ դժվար է ասել

Մարտի 17-ին Հայ ազգային կոնգրեսը, կատարելով ավելի վաղ իր համակիրներին տված խոստումը, Մատենադարանում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցների հետ մտավ Ազատության հրապարակ: Դա, ինչպես ՀՀ առաջին նախագահ եւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց հրապարակում ունեցած իր ելույթում, 2008-ի մարտի 1-ից հետո առաջին լիաթոք ցնծությունն էր: Ու գնահատականները՝ դա Ազատության հրապարակի ազատագրո՞ւմ էր, թե՞ վերանվաճում, այլեւս էական չեն: Փոխարենը՝ փաստն ինքնին ու նաեւ այն, թե ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարակ մտնելուց առաջ եւ հետո, երեկ դարձել էին լրատվամիջոցների, քաղաքական ուժերի, շարքային քաղաքացիների ու նաեւ՝ Facebook սոցիալական ցանցի քննարկումների առարկա, որի շրջանակներում առանցքային հարցերից մեկն այն էր, թե ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ գոնե ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ի տարբերություն իրենց բազմաթիվ զինակիցների, այդպես էլ հարկ չհամարեցին մոտենալ եւ իրենց զորակցությունը հայտնել հրապարակում արդեն երրորդ օրը հացադուլ հայտարարած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրանք ո՛չ Մատենադարանի ու ո՛չ էլ Ազատության հրապարակի հարթակից իրենց զորակցությունը չհայտնեցին: Ավելին, դեռ մարտի 17-ին, հենց Ազատության հրապարակում, ի պատասխան լրագրողների հարցին՝ արդյոք իրենք կմոտենա՞ն Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունելու, Զուրաբյանը պատասխանել էր կարճ ու կոնկրետ. «Մենք հիմա լուրջ քաղաքականությամբ ենք զբաղվում, մեզ մի՛ խանգարեք»:
Թե ո՞րն էր Տեր-Պետրոսյանի այդ պահվածքի շարժառիթը՝ դժվար է ասել, թեեւ բազմաթիվ մեկնաբանություններ ու ենթադրություններ կան: Բացատրություններից մեկը հիշաչարությունն է, որը պայմանավորված է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախագահի թեկնածու Տեր-Պետրոսյանին չմիանալու փաստով, թեեւ Ր. Հովհաննիսյանի «Ժառանգությունը» ընտրությունների ժամանակ ակտիվորեն համագործակցում էր Տեր-Պետրոսյանի շտաբի հետ՝ ընտրական հանձնաժողովների շրջանակներում, հետընտրական հանրահավաքներում էլ զորակցում էր ընտրությունների կեղծման դեմ պայքարում, «Մարտի 1»-ին էլ «Ժառանգության» պատգամավորները մասնակցեցին Մյասնիկյանի արձանի մոտ ոստիկանների հետ բանակցություններին, դանակահարվեց պատգամավորներից մեկը, մյուսները ոստիկանության բաժիններ էին վազվզում ձերբակալվածների հետեւից, ինչն, ի դեպ, անում են մինչ օրս: Կամ երեւի Տեր-Պետրոսյանը չէր մոռացել քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Ժառանգության» մերժումը՝ միասնական ցուցակով եւ ՀՀ առաջին նախագահի գլխավորությամբ մասնակցելու առաջարկին: Թեեւ այդ դեպքում «Ժառանգությունը» չմասնակցեց էլ այդ ընտրություններին՝ ՀԱԿ-ից ձայներ չխլելու համար: Կամ գուցե այն, որ «Ժառանգությունը» փորձում է ինքնուրույն միավոր լինել քաղաքական դաշտում ու համառորեն չի անդամակցում Կոնգրեսին: Պատճառներից մյուսը կարող էր լինել ՀՀ առաջին նախագահի գոռոզությունը կամ փառասիրությունը: Սա էլ անհավանական տարբերակ չէ՝ եթե հիշենք, որ իր իշխանության տարիներին Տեր-Պետրոսյանը նախագահական նստավայրում ընդունելով իր հրաժարականը պահանջող ընդդիմության առաջնորդներին՝ հայտարարեց, թե չի ճանաչում նրանցից այն մեկին, ով «Ղարաբաղ» կոմիտեի, այսպես ասած, փոխարինող կազմում է, նաեւ երբեմնի ՀՀՇ-ական պատգամավոր էր: Հնարավոր է, որ Տեր-Պետրոսյանը, ինչպես ՀԱԿ-ում մեծամասնությունը, վստահ է, որ Հովհաննիսյանը «իսկական» ընդդիմություն չէ, եւ ինքը նրա հետ ճանապարհ չունի անցնելու: Գուցե այլ շարժառիթներ կային, բայց որ Տեր-Պետրոսյանի քայլը բացասական նստվածք թողեց շատերի, այդ թվում՝ հասարակ քաղաքացիների ու նաեւ առանձին ՀԱԿ-ականների վրա՝ փաստ է: Ընդ որում, դա նկատելի դարձավ դեռ այն ժամանակ, երբ Տեր-Պետրոսյանն իր խոսքում անդրադարձավ ՀԱԿ-ին «խանգարողներին». «Մենք շատ խանգարողներ ունենք, իշխանությունը պարզապես ուզում է մեզ ոչնչացնել: Կան նախանձողներ, մեր հաջողությունը չցանկացողներ, մշտապես մեզ խանգարողներ, բայց մեր ներսում որեւէ խանգարող չի լինելու»:
Հանրահավաքը դեռ չէր էլ ավարտվել, «բարի գիշեր» մաղթանքը դեռ չէր հնչել, բայց հրապարակում հավաքված մարդիկ կամաց-կամաց հեռացան՝ չսպասելով ՀԱԿ-ի հետագա քայլերի մասին տեղեկություններին՝ մնալո՞ւ են հրապարակում, թե՞ ոչ, կամ՝ հաջորդ հանրահավաքը ե՞րբ է լինելու: Նրանց մի մասը լքեց հրապարակը, մի մասն էլ մոտեցավ Րաֆֆի Հովհաննիսյանին իր զորակցությունը հայտնելու եւ մխիթարելու համար:
Մինչդեռ հանրահավաքի մասնակիցների՝ Ազատության հրապարակ մտնելուց առաջ եւ դրանից հետո իրավիճակն ու զգացողությունները հրապարակի ներսում միանգամայն այլ էին, հրապարակի ներսում՝ Ր. Հովհաննիսյանի մոտ մնացած մի քանի տասնյակ մարդիկ անընդհատ ոգեւորված «Միացում» էին վանկարկում: Հրապարակ մտնելիս էլ ժողովրդի մի հատվածը «Լեւոն», մյուսը՝ «Րաֆֆի», մի մասն էլ «Միացում» էր վանկարկում:
Այդ միջադեպի առնչությամբ Facebook-ում էլ են թեժ քննարկումներ ընթանում. ոմանք արդարացնում են Տեր-Պետրոսյանի վարքագիծն ու մեղադրում են Հովհաննիսյանին, մյուսները՝ հակառակը: «Ինչո՞ւ ա ինձ մոտ տպավորություն, որ Դուք երեկ ինքներդ էլ եք վատ զգացել (ես ինքս վատ եմ զգացել) Տեր-Պետրոսյանի արհամարհական, իմ կարծիքով, լիդերին ոչ վայել պահվածքից, ու հիմա պարզապես փորձում եք Ձեր ու մնացածիս աչքերում արդարացման հիմքեր ստեղծել: Գիտեք, եթե Սերժը նման բան աներ (իսկ նման բաներ եղել են), մենք նրան ոտնատակ կտայինք (նման բաներ էլ են եղել): Բայց էս դեպքում անձնական գերդրական վերաբերմունք ունենք Տեր-Պետրոսյանի հանդեպ, եւ անքննելի են գործերը նրա». ահա այսպիսի ու առավել կտրուկ՝ «Լեւոնի համար մարդիկ աղբ են», կամ՝ «Երեկվա քայլից հետո մտածում եմ, որ Լեւոնը դառնա նախագահ, ի՞նչ կլինի տեսնես… ընդդիմություն չի լինի, մարդիկ, որոնք կլինեն իրենցից տարբեր, կընկալվեն հակա…», գրառումներ կային երեկ սոցցանցում: Ասել է թե՝ մեր հասարակության սկզբունքորեն ընդդիմադիր ու քաղաքականապես ակտիվ հատվածն էլ է երկատված, թեեւ չկա որեւէ մեկը, որը ընդդիմության համախմբվածությանը դեմ արտահայտվի: Ընդդիմության՝ միասնական ճակատով հանդես գալը հասարակական պահանջ է, ու առանց իրապես համաժողովրդական շարժման, «լեւոնականների» ու «ժառանգականների» մասնատված լինելով, դժվար է լինելու առաջ շարժվել այնպիսի մի ճանապարհի կեսին, ինչպիսին ռեժիմի հեռացումն է:
Իսկ երեկ «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ-ի համակիր, դերասան Երվանդ Մանարյանն անդրադառնալով Տեր-Պետրոսյանի քայլին՝ թեեւ համամիտ էր, որ տեղի ունեցածը գեղեցիկ չէր, այդուամենայնիվ, հորդորեց. «Կարիք չկա որեւէ բան տեսնել այդտեղ: Ամեն մարդ իր քաղաքացիական կեցվածքն ունի: Ո՞վ գիտի՝ ինչ խնդիրներ կան: Պետք չէ այդ մանրամասների մեջ մտնել: Կարծում եմ, դա չի օգնի ավելի կարեւոր հարցերի լուսաբանմանը: Դե, հիմա ի՞նչ անել. կարող է բնավորության հարց է, կարող է հոգնածության հարց է, կարող է որոշել է այդ հարցին ուրիշ ձեւով մոտենալ… Ի՞նչ իմանաս: Ես այսօր գնացի Րաֆֆիին հանդիպելու, ու այնտեղ հավաքված մարդկանց մեջ էլ այդ կարգի խոսակցություն լսեցի: Նրանց էլ եմ ասում՝ կարիք չկա դրան ուշադրություն դարձնելու: Մենք պիտի սովորենք վերմարդկային ձեւով առաջնորդվել»:
«Եղածը, իհարկե, գուցե մեծ բան չէ, առավել եւս այն մեծ գործերի համեմատությամբ, որով հիմա զբաղված են Կոնգրեսը, Րաֆֆին, բոլորը: Բայց հենց դա, թերեւս, այն դեպքն է, որի առումով շատ պատեհ է անգլիացիների հայտնի խոսքը՝ «սատանան մանրուքների մեջ է»: Այդ մանրուքները խոսում են մարդկային նկարագրերի մասին, իսկ հասարակարգերը, կարծես թե, կերտվում են մարդկային նկարագրերի հիմքով: Ահա թե ինչու քաղաքական լուրջ գործերը, թերեւս, պետք է իրենց մեջ նաեւ մարդկային լուրջ ժեստեր ներառեն: Իսկ այդ ժեստերը կոմերցիոն բնույթ չպետք է ունենան՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ», առավել եւս՝ լուրջ քաղաքական գործերի ժամանակ»,- երեկ եզրակացրել էր lragir.am-ը՝ հարցադրում անելով, թե՝ «մի՞թե դրանով Տեր-Պետրոսյանը ցածրանալու էր, նվաստանալու էր, կամ մի՞թե դրանով Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությունն էր ընդունելու: Ի՞նչ էր պատահելու Տեր-Պետրոսյանին, եթե նա մոտենար, բարեւեր, զորակցեր ու հեռանար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել