Հացադուլավոր Րաֆֆի Հովհաննիսյանը մեկնաբանում է, թե ինչու ի տարբերություն ՀԱԿ-ի այլ գործիչների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն անգամ չմոտեցավ իրեն:
Երեկ պատասխանելով «Երկիրի» հարցին, թե ինչպե՞ս է պատճառաբանում Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի իր նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե չի ուզում գնահատել որեւէ մեկի գործունեությունը կամ անգործությունը. «Ամեն մեկն ունի իր ներքին արժեքային համակարգը, իր մարդկային կերպարն ու նաեւ իր քաղաքական դիմագիծն ու դիրքորոշումը: Եթե դերերը հակառակը լինեին, եթե տեղերով մեկս լիներ հարթակում, մյուսը՝ հացադուլի մեջ, կարող եմ ասել, որ ո՛վ էլ լիներ հացադուլի մեջ գտնվող համաքաղաքացին՝ նախագահ, շարքային քաղաքացի, իշխանական գործիչ թե ընդդիմադիր՝ ես կփորձեի առաջինը լինել իրեն այցելելու ու զորակցելու եւ իր հետ կիսելու իր ցավն ու նաեւ պահանջը լուծելու հնարավորությունը: Այս դեպքում կարող եմ ասել, որ ես նման ակնկալիքով չէի լցված: Եթե ես լինեի՝ ես կանեի: Իմ կարծիքով, քանի որ ՀՀ առաջին նախագահը շատ խելացի մարդ է՝ լուսավորյալ, կարդացած, սա հավանաբար ոչ թե քաղաքական մշակույթի պակաս էր, այլ քաղաքական դիրքորոշում: Եվ մի հոգու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքն այն է, որ այդ քաղաքական դիրքորոշումը չի նպաստելու հասարակության եւ ազգի միասնության համատեղման, իրավատիրության օրակարգին, այլ հակառակը: Դրա համար ես կոչ չեմ անում, ոչ էլ խնդրում եմ կամ պահանջում, բայց արժե, որ բոլոր-բոլորը հիմա վերանայեն իրենց սեփական դիրքորոշումը եւ, ինչու չէ, նաեւ քաղաքական մշակույթի իրենց պատկերացումները»: Ի դեպ, պատմեց, որ հոտնկայս ողջունել է Ազատության հրապարակ մտնողներին. «Ելույթ կարելի էր ունենալ, եթե համապատասխան հրավեր լիներ: Հրավերի դեպքում սիրով կմոտենայի»:
Մինչդեռ իշխանական մամուլն օրեր առաջ որպես «գաղտնի օպերացիա» էր մատուցել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը՝ նշելով, թե դրան հաջորդելու է ՀԱԿ-ի մուտքը Ազատության հրապարակ: Այս վարկածի օգտին էր նշել այն փաստը, որ մարտի 3-ի երեկոյան «Ժառանգության» գրասենյակ էին այցելել Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Դավիթ Մաթեւոսյանը, որոնք ոչ միայն ՀԱԿ-ի անունից աջակցություն եւ զորակցություն էին հայտնել «Ժառանգության» ներկայացուցիչներին, այլ նաեւ նպատակահարմար էին համարել, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» փոխադարձ խորհրդատվություններ սկսեն, համակարգեն իրենց գործողությունները եւ աջակցեն միմյանց նախաձեռնություններին: «Առավոտի» հարցին, թե այդ հանդիպման ժամանակ իրոք եղե՞լ է նման կամ որեւէ այլ պայմանավորվածություն՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, թե մարտի 3-ին՝ ոստիկանության գործողություններից հետո, երբ իրենք վարչության արտահերթ նիստ էին անցկացնում, «մոտեցան մի քանի հոգի ՀԱԿ-ից: Զորակցական, քաղաքավարական այց էր՝ առանց նախնական պայմանավորվածության: Եկան, զորակցեցին, հարցրին Անահիտ Բախշյանի որպիսության մասին եւ մեկնեցին: Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր վկա եղան երեկվա անցուդարձին Ազատության հրապարակում, կարող են եզրակացնել, որ իմ՝ Ազատության հրապարակում ծոմ պահելու որոշումը կապ չուներ որեւէ այլ մեկի հետ եւ կապ չուներ անգամ Ազատության հրապարակին վերատիրանալու հետ: Ուղղակի սա մի քաղաքացու մուտքն էր իրեն պատկանող հրապարակ»:
Պատասխանելով հարցին, թե ընդդիմադիր ուժերին ի՞նչն է խանգարում միասնաբար հանդես գալ՝ «Ժառանգության» առաջնորդն ասաց. «Հիմնական խնդիրներն անձնական, հոգեբանական, բարդութային են, որ կիրառվում են բոլորիս վրա՝ տարբեր չափաբաժիններով, ու թույլ չեն տալիս, որ մարդիկ կարողանան վեր կանգնել անցյալի սեփական սխալներից, անցյալի միջկուսակցական հակասություններից ու հասկանան, որ միայն մի հրապարակում կանգնելով է, որ կկարողանանք հասնել երանելի նպատակին»: Քիչ անց նաեւ նշեց. «Երբ մեր մեջ կա չարություն, խանդ, նաեւ ինքնակարեւորում՝ վստահեցնում եմ, որ անհնար է քաղաքական արդյունքի հասնել: Երեկվա հանրահավաքը նաեւ հաստատեց այն իրողությունը, որ Հայաստանի ապագայի բարօրությունը անհրաժեշտ է դիտարկել երեք նախագահների եռանկյունուց դուրս»:
«Առավոտի» հարցին, թե իր կարծիքով՝ ի՞նչ բացատրություն ունի այն, որ 3 տարի համառորեն դիմադրելուց եւ Ազատության հրապարակում անգամ նստացույց չթույլատրելուց հետո իշխանությունը մարտի 17-ին գնաց նման զիջումի. պատճառը Երեւանում եվրոպական պաշտոնյաների ներկայությո՞ւնն էր, թե՞ գուցե կային նախնական ինչ-որ պայմանավորվածություններ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Թող ամեն մեկն իրեն վերագրի: Ինձ հետ կապ չունի: Ես գտնում եմ, որ ժողովուրդն ինքը վերատիրացավ իր իրավունքին: Թե՛ ոստիկանությունը, թե՛ «Ժառանգությունը», թե՛ ՀԱԿ-ն իսկապես երկրորդական հասկացություններ են»: