«Լոռվա ձոր» հայրենակցական միության եւ «Փյունիկ» հիմնադրամի կազմակերպած «Հայկական ներկապնակ» խորագրով նկարչական փառատոնը այս տարի առաջինը մեկնարկեց Ծաղկունյաց աշխարհում՝ Ապարանի տարածաշրջանում։
Ութ նկարիչներից բաղկացած ստեղծագործական խումբն իր նկարչական առաջին հրապարակը հաստատեց Ապարանին մերձակա բարձրադիր վայրում։ «Այս վայրի ընտրությունը պատահական չէ,- ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադեւոսյանը,- այստեղից իր վեհությամբ խոյանում է Արագած սարը, ավելի ցայտուն ու ընդգծված են երեւում բնակավայրերը։ Պատահական չէ նաեւ, որ այսօրվա մեր նկարների առանցքը հենց Ապարանն է, Արագածը եւ այստեղի հրաշք բնաշխարհի կտորները։ Նկարչական հրապարակում ձմռան ցուրտ արեւի պայմաններում ծնունդ են առնում հետաքրքիր եւ ինքնատիպ կտավներ՝ Լեմս Ներսիսյանի, Նիկոլ Աղաբաբյանի, Լորիկ Մինասյանի, Արմեն Հարությունյանի, Յուրա Եղիազարյանի, Մանվել Անտոնյանի եւ այլնի վրձնահարվածներում»։
«Մեկնարկած նկարչական փառատոնը սկիզբ է այս տարվա համար,- ասում է «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը,- ծրագրերը 2011-ին քիչ չեն եւ բազմազան են։ Մեր «Հայկական ներկապնակ» անվանումը ստացած նկարչական փառատոնն իր շարունակությունը կունենա Սյունիքում՝ մարտ-ապրիլ ամիսներին։ Այնուհետեւ կմեկնարկի մեր առաջին միջազգային փառատոնը՝ «Դերզորյան հիշողություններ» խորագրով՝ ապրիլին, Սիրիայում, հենց Դեր-Զորում։ Մայիս-հունիսին Հայաստան կգան ռուս նկարիչները՝ սկիզբ դնելով հայ-ռուսական նկարչական փառատոների եւ ցուցահանդեսների։
Ամռանը տեղի կունենա «Լոռվա ձորում» խորագիրը կրող նկարչական փառատոնը, որը կընդարձակի իր սահմանները՝ հասնելով մինչեւ հայ-վրացական սահման եւ Նոյեմբերյանի տարածաշրջան՝ Կողբ-Բերդավան։ Մեր ծրագրում է նաեւ Շիրակի մարզում եւ Ջավախքում ցուցահանդեսներ կազմակերպելը։ Իսկ աշնանը մեր հունձքը կլինի հիմնականում ցուցահանդեսների տեսքով։ Առնվազն 3-4 ցուցահանդես կունենանք, դրանով իսկ հարստացնելով «Հայկական ներկապնակը»։