Եթե այսպես շարունակվի, մարմնավաճառներով զբաղվող ոստիկանության համապատասխան բաժինը մի քանի տարի հետո կարող է փակվել:
Մարմնավաճառները մեր երկրում տարեցտարի պակասում են, իսկ անչափահաս մարմնավաճառ ընդհանրապես Հայաստանում չկա: Սա, ըստ էության, միֆ է, որին հավատում է միայն ոստիկանությունը: Ներկայացնենք մի քանի պաշտոնական ցուցանիշներ, որոնք վկայում են, թե վերջին մի քանի տարիներին ինչ հրաշքով մեր երկրում մարմնավաճառների «քոքը», այսպես ասած, կտրվում է:
Ոստիկանությունից «Առավոտին» տրամադրած տեղեկատվության համաձայն, 2010-ին Հայաստանում վարչական պատասխանատվության է ենթարկվել 199 մարմնավաճառ, իսկ անչափահաս մարմնավաճառ չի հայտնաբերվել: Նշենք, որ անչափահաս է համարվում մինչեւ 18 տարեկան անձը: Թերեւս կարելի էր հավատալ, որ մեր երկրում իսկապես չկա անչափահաս մարմնավաճառ, բայց քանի որ սա շատ բաց ոլորտ է, եւ մարմնավաճառները գործում են բոլորիս աչքի առաջ, դժվար է հավատալ, որ ոստիկանության աշխատակիցները ոչ մի անգամ Երեւանյան լճի մոտ չեն հանդիպել 16-17 տարեկան այն աղջկան, որին ձեռքից ձեռք են խլում:
Համեմատության համար ասենք, որ 2008-ի 10 ամիսների ընթացքում ոստիկանությունը բռնել էր 357 մարմնավաճառի, 2009-ի 9 ամիսների կտրվածքով՝ 241 մարմնավաճառի, իսկ նախորդ տարի, փաստորեն, ընդամենը 199 մարմնավաճառի: Ընդ որում, 2009-ին բռնված 241 մարմնավաճառից 3-ը եղել է անչափահաս: Այս ցուցանիշների մեջ ուրախալին ոչ թե այն է, որ մարմնավաճառների թիվը նվազել է, այլ՝ ավելի շատ այն, որ նվազել են վեներական հիվանդություն տարածողները: Ոստիկանության տրամադրած տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ վերջին շրջանում կա՛մ տղամարդիկ են խելքի եկել եւ ապահով սեռական կյանք են վարում մարմնավաճառների հետ, կամ մարմնավաճառներն են հոգնել բուժվելուց եւ սկսել են ապահովիչ կիրառել: Այդ մասին են վկայում մարմնավաճառների մոտ հայտնաբերված վեներական հիվանդության դեպքերը: Եթե 2009-ին առողջապահության նախարարության մաշկավեներական դիսպանսեր ստուգման ներկայացված 241 մարմնավաճառից 140-ի մոտ գտել էին տարբեր տեսակի վեներական հիվանդություններ՝ հոնորեա, սիֆիլիս, տրիխոմոնոզ, քլամիդիոզ եւ ՄԻԱՎ, ապա 2010-ի տվյալներով՝ 199 մարմնավաճառից 94-ի մոտ է հայտնաբերվել վեներական հիվանդություն:
Մենք ոստիկանությունից նաեւ հետաքրքրվել էինք, թե 2010-ին մարմնավաճառության քանի՞ որջ է հայտնաբերվել՝ հյուրանոց, մոթել, որոնք զբաղված են եղել այդ նպատակով: Ոստիկանության պարզաբանմամբ՝ 2010-ի ընթացքում ՀՀ քրօրի 261 եւ 262 հոդվածների հատկանիշներով (պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը, պոռնկությամբ զբաղվելու կազմակերպումը) հարուցվել է 31 քրեական գործ, որոնցով բացահայտվել է հանցագործության 43 դեպք: Այդ 43 դեպքից 20-ը միայն հայտնաբերվել են հյուրանոցային համալիրներում, ընդ որում, ինչպես պարզվել է, հյուրանոցների աշխատակիցներն են նպաստել պոռնկությամբ զբաղվելու: Մեր հարցին՝ ներկայումս Հայաստանում կա՞, այսպես ասած, պոռնոբիզնես, այսինքն՝ մարմնավաճառության բիզնեսով զբաղվող ցանցային հանցագործ խմբավորումներ, ոստիկանությունը չի պատասխանել: Նշենք, որ դեռեւս մի քանի տարի առաջ ՄԱԿ-ը հետազոտություն էր արել ու պարզել, որ Հայաստանում մարմնավաճառության ոլորտում շրջանառությունը 300 մլն դոլարի է հասնում: Հաշվի առնելով, որ սա այն բացառիկ ոլորտներից է, որի վրա համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի ազդել, կարելի է ենթադրել, որ այս տարիներին բիզնեսը բարգավաճել է եւ շրջանառությունն էլ եռապատկվել: Ուստի պաշտոնական մարմինները պետք է լուրջ մտածեն՝ այդ բիզնեսը օրինականացնելու համար: Տանը շուն ու կատու պահելու համար պետտուրք սահմանելու փոխարեն, եթե մի մարմնավաճառի վրա ՀԴՄ տեղադրեն՝ բյուջեն տարեվերջին լուրջ մուտքեր կունենա: Թեեւ հիմա դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս են մարմնավաճառները սպասարկելուց հետո կտրոն տալու հաճախորդին, կամ ասենք, կտրոն չտրամադրողների վրա հարկայինը ինչպե՞ս է փակցնելու՝ «Այստեղ շահող կտրոն չեն տրամադրել» եւ փակելու «օբյեկտը», բայց այդ բիզնեսը հարկային դաշտ մտցնելն այնքան էլ անիրատեսական չէ: Տաքսիների դեղին պետհամարանիշների պես, օրինական դաշտ մտած մարմնավաճառներն էլ կարող են տարբերանշան ունենալ, ասենք՝ հատուկ թողարկման կարմիր կոշիկներ հագնել եւ հարկերը վճարելով՝ նորմալ սպասարկել: