Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՄԲԻՇՆԵՐԸ ԴՈՐՏՄՈՒՆԴՈՒՄ ԿԱՆԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ

Մարտ 18,2011 00:00

\"\"Մարտի 29-ին Դորտմունդում մեկնարկելու է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի ավարտից հետո Գերմանիայի մրցագորգերը կտրամադրվեն հունահռոմեական ըմբիշներին:

Ըմբշամարտի երկու ոճերի Հայաստանի ազգային հավաքականները դեռ տարեսկզբից լուրջ նախապատրաստություն են անցել ինչպես ուսումնամարզական հավաքներով, այնպես էլ Հայաստանի առաջնությանն ու միջազգային հեղինակավոր մրցաշարերին մասնակցելով: Երեկ «Առավոտը» զրուցեց երկու հավաքականների գլխավոր մարզիչների հետ՝ պարզելու, թե մեր ըմբիշները որքանո՞վ են պատրաստ պատասխանատու մեկնարկներին եւ ովքե՞ր են Հայաստանը ներկայացնելու Դորտմունդում: Առաջին կարեւոր բանը, որ ճշտեցինք, այն է, որ երկու ոճերում էլ մեր երկիրը հանդես է գալու հավաքականների ամբողջական ու մարտական կազմերով:

Հունահռոմեական ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ասաց. «Տղաները լավ մարզավիճակում են եւ բոլորն էլ մարտի 31-ին մրցավայր մեկնում են իրենց հնարավորությունների առավելագույնը ներդնելու մտադրությամբ: Թե կոնկրետ ի՞նչ ակնկալիքներ ունենք, ինչպես միշտ, ժամանակից առաջ չեմ ընկնի. մրցագորգը ցույց կտա: Բայց մի բան կարող եմ ասել՝ տղաները մարզասերներին ուրախացնելու համար կանեն հնարավոր ամեն բան: Ինչ վերաբերում է հավաքականի կազմին, այն արդեն որոշված է: Եվրոպայի առաջնություն մեկնում են ներկայիս պահին մեր բոլոր լավագույնները: Նրանք են.

55 կգ՝ Ռոման Ամոյան (Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն եւ երրորդ մրցանակակիր, Եվրոպայի չեմպիոն), 60 կգ՝ Վահան Ջուհարյան, 66 կգ` Սասուն Ղամբարյան, 74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան (աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն), 84 կգ՝ Արթուր Շահինյան, 96 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ (Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն)»:

Ազատ ոճի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն էլ տեղեկացրեց. «Լիարժեք նախապատրաստական փուլեր ենք անցկացրել եւ այսօր էլ շարունակում ենք մարզումները: Դորտմունդ մեկնում ենք մարտի 27-ին: Հավաքականում ընդգրկվել են Միհրան Ջաբուրյանը՝ 55 կգ, Աշոտ Տերտերյանը՝ 60 կգ, Ժիրայր Հովհաննիսյանը՝ 66 կգ, Մուսա Մուրթազալիեւը՝ 74 կգ, Վադիմ Լալիեւը՝ 84 կգ, Էդգար Ենոքյանը՝ 96 կգ եւ Ռուսլան Բասիեւը՝ 120 կգ: Աշխատելու ենք արդյունքների մեջ առաջընթաց գրանցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել