Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ ՀՊՖՆ համերգաշրջանի հովանավոր

Մարտ 18,2011 00:00

\"\"«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը եւ ՀՊՖՆ տնօրեն Ռուզաննա Սիրունյանը օրերս ամփոփել են 2010-11թթ. համատեղ իրականացրած ծրագրերն ու հայտարարել հետագա համագործակցության մասին: Նոր համերգաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին՝ երեւանյան 5-րդ միջազգային փառատոնով, որին իրենց մասնակցությունը կբերեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի մենակատարներ, ինչպիսիք են Ջուլիա Ֆիշերը, Կոնստանտին Լիֆշիցը, Պոլ Մայերը, Ժիլբեր Օդինը եւ այլք:

Այս տարի մեկնարկել է նոր համերգաշար՝ բուհերի ուսանողների համար: Իսկ մարտի 25-ին ՀՊՖՆ-ն կներկայացնի Չայկովսկու մեկ այլ ստեղծագործություն՝ «Շչելկունչիկ» գրական-երաժշտական կոմպոզիցիան՝ բալետի երաժշտության ամբողջական կատարմամբ: Գարնանը հայ հանդիսատեսին կներկայացվի նաեւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչ» օպերան: «Երաժշտությունը գեղեցիկ ապրելու արվեստ է: Իսկ կատարելության հասնելու ճանապարհն սկսվում է գեղեցիկ մտածելուց եւ գործելուց: Մենք վաղվա սերնդի արժեքային համակարգի մասին պետք է մտածենք այսօր: Մեր գործադրած բոլոր ջանքերն ուղղված են այդ նպատակին»,- ասում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նախորդ համերգաշրջանի ընթացքում դասական երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան ակնդրելու եւ ունկնդրելու համաշխարհային գոհարների վերարտադրություն ոչ միայն այնպիսին՝ ինչպիսին դրանք ստեղծվել են, այլեւ երբեմն նորովի՝ համարձակ մտածողությամբ: Այդպիսին էր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի ներկայացումը «Արամ Խաչատրյան» համերգասրահում (ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Երեւանյան ավանդական երաժշտական 4-րդ փառատոնի շրջանակներում անվանի մենակատարների մասնակցությամբ՝ հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների լավագույն ստեղծագործությունների մի ամբողջ շարք ներկայացվեց:

Հավելենք, որ տարբեր նախագծերը կյանքի կոչելու հարցում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատրաստակամ աջակցության շնորհիվ, 2010-11թթ. համերգաշրջանում ՀՊՖՀ-ն կազմակերպեց շուրջ 35 համերգ Երեւանում, երկուսը՝ Ֆրանկֆուրտում, եւս մեկը՝ Բրատիսլավայում: Նախատեսված է եւս 20 համերգ:

Այս տարի նշվելու է նվագախմբի հիմնադրման 85-ամյակը եւ ՀՀ անկախության 20-ամյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել