Լրահոս
Օրվա լրահոսը

Երգահանի իրավունքը ոտնահարվել է

Մարտ 18,2011 00:00

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին նամակով դիմել է երգահան Զառա Դանիելը: Նպատակը, տիկնոջ ձեւակերպմամբ, մշակույթի նախարարության համակարգի մաս կազմող «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի ղեկավար Սեդրակ Երկանյանի կողմից իր ստեղծագործական գործունեությանն առնչվող հեղինակային իրավունքի խախտման մասին տեղեկացնելն է եւ վերադասի միջամտությամբ՝ հետագա անցանկալի զարգացումները կանխելը: Բանն այն է, որ երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացել է «Տաղարան» համույթի համերգը՝ «Այ, գնա, չի պիտիս դուն ինձ» խորագրով, ազդագրերի վրա էլ գրված է՝ «վոկալ-խորեոգրաֆիա, հեղինակ՝ Ս. Երկանյան, ըստ Զ. Դանիելի, Ն. Քուչակի հայրենների հիման վրա հորինած երաժշտական մոտիվների համերգային կատարում»: «Սեդրակ Երկանյանի իրավական տգիտությամբ եւ ուրիշի (տվյալ դեպքում՝ իմ) երաժշտական ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքը բռնազավթելու անազնիվ մարմաջով թելադրված՝ առայժմ ոչ ճշմարիտ ազդագրերը եւ համերգը անառողջ թյուրիմացությունների կհանգեցնեն նախ՝ երաժշտասեր հասարակայնությանը, ապա եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը, ՀՀ մշակույթի նախարարությանը, զանգվածային լրատվամիջոցներին, Ինտերնետ համացանցին եւ այլն…»,- ասում է Զ. Դանիելը: Ըստ նրա, խնդիրն այն է, որ «համերգի ազդագրում Սեդրակ Երկանյանն իրեն ներկայացրել է որպես հեղինակ (իսկ որեւէ երգի կամ համանման ժանրի ստեղծագործության հեղինակ կարող է համարվել մեկ անձ կամ երկուսը, եթե երաժշտության եւ խոսքերի հեղինակները տարբեր են, եւ այդ իրավունքն անօտարելի է)»: Մեր տեղեկություններով, երեկ ազդագրի տեսքը որոշակի փոփոխություն է կրել, համերգն էլ, որի մասին Զ. Դանիելը պատահաբար է տեղեկացել, այնուամենայնիվ, կայացել է: Մանրամասները՝ առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել