Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՎԱԳԱԽՄԲԱՅԻՆ ՄԻԱԿ ԿԻՆ ԴԻՐԻԺՈՐԸ

Մարտ 18,2011 00:00

\"\"Հայաստանում Վարդուհի Մինասյանը իր «տեսակով» եզակի է

Քիչ են նվագախմբային արվեստում կին դիրիժորները: Հաճախ դա մեզանում համարվում է զուտ տղամարդկային մասնագիտություն, անսովոր դարձնելով կնոջ հայտնությունը դիրիժորական վահանակի առջեւ: Բայց անսովորությունը չի խանգարել Վարդուհի Մինասյանին՝ ընտրելու նվագախմբային դիրիժորի մասնագիտությունը: Նա Հայաստանում առայժմ միակն է:

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկած Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի առաջին միջոցառումը բացվեց Վարդուհի Մինասյանի ղեկավարությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) ելույթով: Վերջինիս մատուցմամբ Կոմիտասի, Միրզոյանի, Հայդընի, Մոցարտի, Շուբերտի ստեղծագործությունները արժանացան հանդիսատեսի բուռն ընդունելությանը: Կին դիրիժորին ներկաները մտաբերեցին 1980-ականների վերջին, կոնկրետ՝ «Երեւան» սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարելիս:

Վ. Մինասյանը իբրեւ դաշնակահարուհի ավարտել է Երեւանի կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան՝ Ա. Յոլչյանի եւ պրոֆեսոր Ռ. Թանդիլյանի դասարանները, զուգահեռաբար դասեր է առել երգեհոնահար, պրոֆեսոր Ա. Ադամյանից եւ անվանի կոմպոզիտոր Էդ. Միրզոյանից: Իսկ իբրեւ դիրիժոր սովորել է պրոֆեսոր Յուրի Դավթյանի ղեկավարությամբ, ավարտել նաեւ ասպիրանտուրան: Նա դասավանդում է Երեւանի կոնսերվատորիայում, կամերային անսամբլի ամբիոնում, 1998 թ.-ից էլ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ասիստենտն է:

«Առավոտի» հետ զրույցում դիրիժորը պատմեց, որ գուցեեւ չընտրեր այս մասնագիտությունը, եթե չլիներ կյանքի հետեւյալ դիպվածը: 16 տարեկանում Գյումրիի երկրաշարժից զոհվում է նրա եղբայրը՝ Վարդանը, ում երազանքն էր դառնալ հատկապես սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր: Մեր զրուցակցի փոխանցմամբ, կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստուգման գրքույկում Վարդուհու փոխարեն գրված է եղել եղբոր անունը…

Դիրիժորը հիշեց իր առաջին ելույթը, որն ուղիղ տասը տարի առաջ էր. «Կարեն Դուրգարյանը, Ռուբեն Ասատրյանը եւ ես ղեկավարում էինք Ֆիլհարմոնիկ նվագախումբը, որտեղ որպես մենակատարներ հանդես էին գալիս շնորհալի երիտասարդ երաժիշտները: Ինձ «բաժին» էր ընկել այսօր արդեն միջազգային ճանաչման արժանացած ջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով այժմ ապրում եւ ստեղծագործում է ԱՄՆ-ում: Մեր հազվադեպ հանդիպումների ժամանակ Նարեկը մշտապես հիշում է նվագախմբի հետ իր առաջին ելույթը ու կատակում, ասելով՝ մաեստրո, ձեռքդ թեթեւ էր…»:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ չենք տեսնում Ֆիլհարմոնիկը ղեկավարելիս, Վ. Մինասյանն ասաց. «Իբրեւ դիրիժորի ասիստենտ, դաշնակահար, կոնցերտմայստեր մասնակցել եմ Ֆիլհարմոնիկի նախաձեռնած 11 օպերային ներկայացումներին ու համերգային կատարումներին, ինչպես նաեւ այլ ստեղծագործությունների, այդ թվում՝ մեծակտավ օրատորիաների փորձերին»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե կնամեծար Էդ. Թոփչյանը գոնե մեկ օրով իր տեղը կզիջի՞ Վարդուհուն, մաեստրոյի պատասխանը լուրջ էր. «Նա ոչ միայն բարձրակարգ մասնագետ է, այլեւ աշխատանքում անասելի բծախնդիր եւ պահանջկոտ: Չեմ պատկերացնում Վարդուհու փոխարեն մեկ ուրիշին, ով բառի իսկական իմաստով այդ տաժանակիր գործն ի վիճակի լինի անելու: Ի վերջո, աշխատանքում չկան մանրուքներ եւ կարեւորը արդյունքն է, ինչը կարող եմ փաստել Ֆիլհարմոնիկի կողմից նախաձեռնած օպերաների բեմելով, որտեղ անուրանալի է Վարդուհու դերակատարությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել