Երեկ Բահրեյնից տեղեկություններ են ստացվել ընդդիմության առնվազն հինգ առաջնորդների ձերբակալության մասին: Դա տեղի է ունեցել իշխանությունների կողմից մարտի 16-ին տեղի ունեցած բողոքի ակցիան ցրելուց հետո, որի ընթացքում իրավապահները օգտագործել են նաեւ արցունքաբեր նռնակներ եւ ուղղաթիռներ: Ոստիկանների այդ գործողությունների արդյունքում, հիշեցնենք, զոհվել էին երեք ցուցարար եւ երեք ոստիկան: BBC-ի փոխանցմամբ, ընդդիմադիր շարժման ներկայացուցիչները փորձում են հետագա քայլերի ծրագիր մշակել:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կողմերին երկխոսության կոչ է արել, բայց իշխանությունների կողմից կոշտ միջոցների կիրառումից հետո ընդդիմադիր ճամբարում իշխանությունների հետ բանակցություններից հրաժարվելու մասին կարծիքներ են հնչում:
Իրանը որպես ցուցարարների դեմ կիրառված բռնությունների դեմ բողոքի նշան ետ է կանչել Բահրեյնում իր դեսպանին: Թեհրանը ցույցի ցրումը որակել է որպես անհամաչափ, որեւէ բացատրություն չունեցող քայլ եւ դրա համար, որպես պատասխանատուի, մատնանշել է Միացյալ Նահանգներին:
Ավելի վաղ, Բահրեյնում ստեղծված լարված իրավիճակը նկատի առնելով, բրիտանական իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ էին արել լքել այդ երկիրը: