Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՐԹԱԳԱՅՈՒՄ ԵՆ ԻՐԱՐ

Մարտ 18,2011 00:00

\"\"Միացյալ Նահանգները ՄԱԿ-ին կոչ է արել շտապել Լիբիայի նկատմամբ, բացի այդ երկրի օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարելուց, նաեւ այլ պատժամիջոցներ կիրառել: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսը հայտարարել է, թե միայն թռիչքների արգելքը բավարար չէ: Նա հույս է հայտնել, որ, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առկա տարակարծություններին, գոնե այդ մի հարցով պետք է հնարավորինս շուտ քվեարկություն կազմակերպվի: ԱՄՆ-ն վստահեցրել է, որ միայն Լիբիայի օդային տարածքը ոչ թռիչքային հայտարարելն է, որ որոշակիորեն կարող է պաշտպանել այդ երկրի խաղաղ բնակչությանը: BBC-ի մատուցմամբ, ՄԱԿ-ի ԱԽ-ում տարակարծությունների առիթ է դարձել առաջարկվող բանաձեւում ներառված այն դրույթը, որով դրա հեղինակները կոչ են անում ցանկացած միջոց ձեռնարկել քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար: Բանաձեւի հակառակորդները բանաձեւի այդ դրույթը դիտարկում են որպես «կանաչ լույս»՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու անվան տակ Լիբիայի կառավարական զորքերի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու համար:

ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւի շուրջ քննարկումները շարունակվել են նաեւ հինգշաբթի օրը: Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան ԱԽ անդամներին կոչ են արել քվեարկել բանաձեւի օգտին: Ընդսմին, լիբիացի ապստամբները հայտարարել են, թե վախենում են Քադդաֆիի համակիրների կողմից իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու հեռանկարից եւ կրկին ՄԱԿ-ին կոչ են արել միջոցներ ձեռնարկել երկրի օդային տարածքը թռիչքների համար փակ հայտարարելու համար, որը կկասեցնի Քադդաֆիի օդուժի կողմից ընդդիմության դեմ օդային հարվածները:

Մարտի 17-ի դրությամբ, Լիբիայի առաջնորդին հավատարիմ զորքերը ճակատի բոլոր հատվածներում ընդդիմության մարտիկներին ետ են շպրտել եւ մեկը մյուսի ետեւից գրավել են մինչեւ վերջերս ընդդիմության վերահսկողության տակ գտնվող քաղաքները, թեեւ տեղեկություններ էին ստացվում նաեւ առ այն, որ ապստամբները կարողացել են վերանվաճել Աջդաբիա քաղաքը՝ առաջին անգամ օգտագործելով տանկեր, հրետանի եւ ուղղաթիռներ: Այդուհանդերձ, սպասվում էր, որ Քադդաֆիի զինուժը փորձելու է կրկին գրոհել քաղաքը՝ այս անգամ ավելի մեծ ուժերով, որոնք գերազանցում են ապստամբների ունեցած ռեսուրսները: Հենց այդ գրոհի առնչությամբ ունեցած մտահոգության պատճառով Կարմիր խաչը հայտարարել է Բենգազիից իր աշխատակիցների դուրսբերման մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել