Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼ Ո՞ՒՄ Է ՊԵՏՔ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

Մարտ 18,2011 00:00

\"\"«Բաց նամակ» ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) տեղի են ունենում բազմաթիվ աշխատանքային օրենսդրական եւ այլ խախտումներ, որոնց վերաբերյալ երկու ամիս առաջ դիմումներ եմ ուղղել ինչպես բուհի ռեկտոր Գ. Խաչատրյանին, այնպես էլ ՀՀ ԿԳ նախարարություն: Առ այսօր ինստիտուտի ռեկտորից ոչ մի պատասխան չեմ ստացել, իսկ նախարարությունը ուղարկել է անհեթեթ եւ բացարձակապես ոչինչ չասող մի պատասխան: Մեր բուհում ոտնահարվում են նաեւ աշխատակիցների նվազագույն մարդկային իրավունքները: Այսպես, հայոց լեզվի ամբիոնի վարիչ Տիգրան Ավետիսյանը աշխատանքային գործընթացում մշտապես ինձ սթրեսային վիճակների մեջ է գցում՝ զանազան ինտրիգներ ստեղծելով իմ անձի շուրջը. պատճառն այն է, որ ցանկանում է ինձ աշխատանքից ազատել, քանի որ, իմ կարծիքով, ես չեմ համապատասխանում իր գրպանի չափանիշներին: Իրականում ինքն է խախտում իր աշխատանքային պարտականությունները՝ մշտապես անօրինական կերպով բացակայում է աշխատանքից. փոխանակ աշխատանքի ներկայանա ամեն աշխատանքային օր՝ ժ. 8.45.-17.45, աշխատանքի է ներկայանում երկու շաբաթը մեկ՝ երեք-չորս օր՝ ժ. 10.00-13.30: Սրա պատճառն այն է, որ նա զուգահեռաբար լրիվ դրույքով աշխատում է նաեւ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում՝ դրանով կատարելով աշխատանքային օրենսգրքի մեկ այլ կոպիտ խախտում: Հարկ եմ համարում նշել, որ նա Լեզվի ինստիտուտում աշխատում է ոչ թե համատեղությամբ, այլ անօրինական կարգով. չէ՞ որ մարդը միեւնույն ժամին չի կարող գտնվել եւ՛ Վանաձորում, եւ՛ Երեւանում, այն էլ լրիվ դրույքներով:

Իր անօրինական բացակայությունների պատճառով պարոն Ավետիսյանը չի կարողանում կատարել (կամ չի էլ ցանկանում կատարել) աշխատանքային պարտականությունները (չի կատարում դասալսումներ, չի անցկացնում ամբիոնի նիստեր, գիտամեթոդական սեմինարներ, թեեւ այդ ամենի մասին հաջողությամբ սարքում է կեղծ փաստաթղթեր):

Տ. Ավետիսյանը կադրերի ընտրություն կատարում է կամայականորեն՝ հաշվի չառնելով ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային հանգամանքները: Ես ԳԱԱ լեզվի ինստիտուտի հայցորդ եմ, գերազանցությամբ հանձնել եմ մասնագիտական որակավորման քննություններս, հրատարակել 8 գիտական հոդված, ավարտել ատենախոսությունս: Ո՛չ գիտական ձեռքբերումներս, ո՛չ սոցիալական վիճակս (միայնակ խնամում եմ երկու հաշմանդամի՝ առաջին կարգի եւ մանկուց հաշմանդամի) պարոն Ավետիսյանի համար նշանակություն չունեն: Մեր ամբիոնի վարիչը ամբիոնում պահում է ինձնից ցածր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք ոչ միայն չեն հանձնել մասնագիտական որակավորման քննություններ, այլեւ բուհում ուսանելու տարիներին էլ իրենց գիտելիքներով չեն փայլել:

Պարոն Ավետիսյանն իր պարտականություններում թերանում է ոչ միայն որպես ամբիոնի վարիչ, այլեւ որպես դասախոս: Նա թերակատարում է իր ծանրաբեռնվածությունը, հաճախ տարբեր կուրսերի դասերի անթույլատրելի միացումներ է կատարում: Սրանք ոչ միայն ֆինանսական, այլեւ ուսումնական գործընթացի կոպիտ խախտումներ են: Նա չի պարապում իր վրա դրված գործնական պարապմունքները, չի ղեկավարում կուրսային աշխատանքները, այլ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, հանձնարարում է ամբիոնի դասախոսներին: Ի դեպ, մեր ինստիտուտում միայն պարոն Ավետիսյանը չէ, որ «համատեղությամբ» է աշխատում: Եվ դասախոսների, եւ լաբորանտավարչական կազմի աշխատողների մեջ կան նաեւ այլ արտոնյալ մարդիկ, որոնք ինստիտուտում աշխատանքը «համատեղում» են այլ հիմնարկությունների աշխատանքների հետ: Այսպես, կան մրցույթով անցած դասախոսներ, որոնք այլ հիմնարկություններում աշխատում են որպես տնօրեններ: Պարետը միաժամանակ կարող է աշխատել նաեւ որպես պահակբաժնի աշխատակից… Միեւնույն աշխատանքի դիմաց մեր ինստիտուտում տարբեր աշխատողներ տարբեր վարձատրություն են ստանում: Օրինակ, մրցույթով անցած գիտական աստիճան չունեցող դասախոսն ստանում է վաթսունութ հազար դրամ, մինչդեռ մրցույթով չանցած դասախոսը՝ քառասուն հազար դրամ: Ո՞րն է այսքան մեծ տարբերության պատճառը, չէ՞ որ երկուսի համար էլ ակադեմիական ժամը քառասուն րոպե է, չէ՞ որ երկուսն էլ դասին միեւնույն աշխատանքն են կատարում՝ իրականացնելով միեւնույն առարկայական ծրագիրը: Իսկ եթե տարբերությունը նրանց մասնագիտական կարողությունների մեջ է, ապա ինչո՞ւ են նման մասնագետներին հրավիրում:

Միեւնույն աշխատանքի դիմաց անհավասարաչափ են վարձատրվում նաեւ լաբորանտավարչական կազմի աշխատողները…

Մարդկանց լավություն անելու նպատակով մեր ռեկտորը զանազան՝ որեւէ կերպ չհիմնավորված նոր բաժիններ եւ հաստիքներ է ստեղծում՝ կրթական բարեփոխումների, կրթական որակի ապահովման բաժին, ստեղծել է փոխդեկանների հաստիք, ընդ որում՝ փոխդեկանը երկու անգամ ավելի է վարձատրվում, քան ամբիոնի վարիչը: Գտնում եմ, որ անհրաժեշտ է անցկացնել դասախոսների որակավորման քննություններ եւ դրանց հիման վրա որոշել՝ ու՛մ կարելի է լսարան թողնել, ու՛մ՝ ոչ:

Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ինստիտուտի աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում որեւէ հարցով մտնել ռեկտորի մոտ: Երբ որեւէ մեկը հարց ունի, պիտի դիմի պրոռեկտորներին, իսկ եթե հարցին լուծում չի տրվում՝ կա՛մ պիտի լռի, կա՛մ զայրույթից ատամները կրճտացնելով հեռանա:

Վերջում ուզում եմ հավելել, որ ԿԳՆ-ն իր գրությամբ կարծես կնքում է. «Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բուհը գործել է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»: Ուզում եմ հարց ուղղել նախարարությանը. «Այդ ո՞ր օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում է մեր բուհը գործել, ո՞վ է այդ օրենսդրության հեղինակը. կրթության եւ գիտության նախարարությո՞ւնը, թե՞ բուհի ռեկտորը…»: Ստացվում է, որ մեր երկրում յուրաքանչյուր գործատու (կամ նրա ներկայացուցիչ) սեփական օրենսդրություն է գրում եւ դրանով առաջնորդվում: Էլ ո՞ւմ է հարկավոր ՀՀ աշխատանքային օրենսգիրքը:

Պատրաստ ենք տպագրել նաեւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի տեսակետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել