Առաջիկա տարիներին՝ պալատական խարդավանքներ, քաղաքական ցնցումներ, բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկություններ, թանկացումներ, արտագաղթ:
Սեդա Վարդանյան անունը Հայաստանում քչերը գիտեն ու այն շատերին ոչինչ չի ասում: Իսկ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում նրան լավ են ճանաչում: Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցն այդ երկրներում հայտնի է իր կանխատեսումների շնորհիվ: Հավաստագրերում, որոնցով տիկնոջը արտոնվում է աշխատել մի շարք երկրներում, Սեդա Վարդանյանը ներկայացված է էքստրասենս-պայծառատես: Ռուսական THT ալիքով հեռարձակվող «Էքստրասենսերի մրցամարտում» նա կիսաեզրափակիչ է հասել:
Սեդան հայտնի է իր քաղաքական կանխատեսումներով. նրա այցելուները Պետդումայի պատգամավորներ են, քաղաքական եւ պետական գործիչներ, կինոյի եւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի պաշտոնանկությունը, օրինակ, Սեդան կանխատեսել էր դեռ ամիսներ առաջ: Նույնիսկ «երրորդ աչքով» տեսել էր, որ Լուժկովի նկատմամբ դատական հետապնդումներ են լինելու. նա Ռուսաստանից գնալու է: Լուժկովի պաշտոնանկության մասին Սեդայի կանխատեսումները տպագրել են ռուսական մի շարք պարբերականներ, որից հետո էքստրասենս-պայծառատեսը լրագրողներին նույնիսկ հաջորդ քաղաքապետի անունն է տվել: «Ես ասացի, որ Սոբյանինն է լինելու, չնայած նրան ժողովուրդը չի ուզում, բայց 80 տոկոսով ինքն է լինելու, որովհետեւ շատ փող է խաղացնելու»,- ասում է Սեդա Վարդանյանը:
Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի նախկին բնակիչը հարազատներին այցելության էր եկել եւ հենց այստեղ էլ հանդիպեցինք նրան:
Ռուսական մի շարք հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդաշարերից հայտնի էքստրասենս-պայծառատեսի բացահայտումներին արդեն ծանոթ լինելով, խնդրեցինք կանխատեսումներ անել նաեւ Հայաստանի ապագայի մասին:
Իսկ Հայաստանում առաջիկայում քաղաքական երկու խոշոր զարգացում կա՝ ՀՀ ԱԺ եւ նախագահի ընտրություններ: «Պալատական խարդավանքներ եմ տեսնում, բարձր պաշտոններ վարող երկու ղեկավարներ «գահընկեց» են արվելու: Չորրորդ նախագահը երկիրը ղեկավարելու է շատ ավելի դժվար ժամանակներում»,- ասաց էքստրասենս-պայծառատեսը:
Ըստ նրա՝ Հայաստանի համար դժվար ժամանակները դեռ նոր են սկսվելու. «խորանալու է տնտեսական ճգնաժամը, համատարած թանկացումներ են լինելու, բնակիչների արտահոսքն էլ ավելի մեծ չափերի է հասնելու: Ութ տարվա ընթացքում ահավոր ցնցում եմ տեսնում, բայց ոչ բնությունից եկած, այլ՝ քաղաքական ցնցում: Դրա հետեւանքով մեծ խառնաշփոթ է լինելու, այնքան մեծ, որ ղարաբաղյան խնդիրը դրա համեմատ բավականին մեղմ է երեւալու»:
Որդի Ալիեւի՝ ուժի գործադրմամբ Ղարաբաղի հարցը լուծելու հարկի-անհարկի հայտարարությունների մասով էլ նկատեց. «Ընդամենը հոխորտանք է: Մոտակա ութ տարում Արցախի կարգավիճակում ոչինչ չի փոխվելու»:
Սեդա Վարդանյանի կանխատեսումները շարքային շառլատանություն կհամարեինք, եթե ծանոթ չլինեինք ռուսական հեղինակավոր հեռուստաընկերություններով ցուցադրվող նրա բացահայտումներին: «Պիկ ժամ» հաղորդաշարի ուղիղ եթերում նա լուսանկարների միջոցով անսխալ բացահայտել է ոչ միայն կորած մարդկանց, այլեւ տեսել՝ նրանք ո՞ղջ են, թե՝ մահացած: Սեդան անգամ սպանվածներին է տեսնում եւ մանրամասն նկարագրում դեպքի վայրը, անձին կամ անձանց, որոնք կատարել են սպանությունը եւ այլ մանրամասներ:
Սեդան համագործակցում է իրավապահների հետ: «Հաճախ են ինձ դիմում կորած մարդկանց գտնվելու վայրը բացահայտելու խնդրանքով»,- ասաց: Օրինակ, ռուսական Ռժեւ քաղաքի երկու անչափահաս երեխաներ անհայտ հանգամանքներում անհետանում են: Տեղի միլիցիան բացահայտում է դեպքը եւ պնդում, որ երեխաները դժբախտ պատահարի զոհ են դարձել՝ սահնակով ընկնելով գետը: Նրանցից մեկի մարմինը հայտնաբերվում է, մյուսինը՝ ոչ: Երկրորդ երեխայի գտնվելու վայրը ցույց տալու, ինչպես նաեւ նրանց՝ մինչեւ գետ հասնելու մանրամասները բացահայտելու համար հրավիրում են Սեդային: Վերջինս չի համաձայնում «դժբախտ պատահար» որակման հետ: Ասում է, որ երեխաներին խաբեությամբ տարել է 47 տարեկան մի ճաղատ տղամարդ, սեռական բռնության ենթարկել ու նետել գետը: Պնդում է, որ երկրորդ երեխայի մարմինը փնտրեն այն վայրում, որն ինքն է ցույց տալիս: Գտնում են: Դրանից հետո քրեական գործի նախաքննությունը նոր փուլ է մտնում: Կազմվում է Սեդայի նկարագրած մարդու ֆոտոռոբոտը եւ նրա նկատմամբ հայտարարվում հետախուզում: Ռժեւ քաղաքում տեղի ունեցած դժբախտության եւ Սեդա Վարդանյանի՝ իրավապահներին օգնության հասնելու մասին փաստագրական ֆիլմ է նկարահանվել:
Հարցին, թե կհամաձայնե՞ր համագործակցել նաեւ հայ իրավապահների հետ, էքստրասենս-պայծառատեսը դրական արձագանքեց: