Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԾԵԾԿՌՏՈՒՔ, ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ, ՍՊԱՌՆԱԼԻՔ

Մարտ 18,2011 00:00

\"\"Ընդամենը 100 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուն սպառնացել է «Առավոտի» թղթակցին, ապա՝ ներողություն խնդրել:

Փետրվարի 25-ին «Հուշագիրը ՏԻՄ ընտրության համար չէ» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Կաղնուտ գյուղում գյուղապետի աթոռին հավակնում են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Հովհաննիսյանը եւ այս պահին ոչ մի տեղ չաշխատող, ԲՀԿ-ական Կարեն Փարամազյանը:

Քվեարկությանը մնացել է ընդամենը երկու օր, եւ գյուղում ընտրապայքարը խիստ լարված մթնոլորտ է ձեւավորել: Ցավն այն է, որ Կաղնուտը փոքր, նույնիսկ շատ փոքր գյուղ է՝ պաշտոնական տվյալներով այստեղ ապրում է հազիվ 100 մարդ, որից 83-ն է ընտրող: Մեր աղբյուրներով՝ գյուղացիների համար ընտրությունն իսկական պատուհաս է դարձել, գյուղում կռիվներ են լինում հաճախակի, մարդկանց են ծեծում, նույնիսկ գիշերվա ժամը 1-ին մարդկանց տներից հանում են ու ծեծում միայն նրա համար, որ գյուղի որոշ ընտանիքների անդամներ ցանկանում են իրենց քվեն տալ ոչ գյուղապետի օգտին: Հիմնականում 8 ընտանիք է թիրախը դարձել: Մյուս կողմի ընտրողներն էլ բողոքում են, որ իրենց մրցակիցը կաշառք է բաժանում: Կրքերն այնքան են բորբոքվել, որ երբ «Առավոտի» թղթակից Մերի Սողոմոնյանը փորձել է պարզաբանում ստանալ՝ սպառնալիք-հաղորդագրություն է ստացել: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն, ով նախապես հեռախոսով զրուցել եւ պատասխանել էր մեր լրագրողի հարցերին, այնուհետեւ, չգիտես ինչու, ենթադրել է, որ դա հակառակորդի կողմից «սարքված» քայլ կարող է լինել: «Եթե իսկականից լրագրող ես, ապա արի հանդիպենք, այլապես պրոբլեմներ կունենաս»,- նշված էր Մերիի ստացած նամակում: Մեր թղթակիցը, բնականաբար, «ռազբորկաների» չէր մասնակցելու, նամակին չի արձագանքել եւ գյուղապետի թեկնածուի կատարած քայլի մասին տեղյակ է պահել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցին: Քիչ անց Մերի Սողոմոնյանին զանգել են ԲՀԿ գրասենյակից եւ «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուն ներողություն է խնդրել «Առավոտի» լրագրողից, ասել, որ զղջում է եւ որ ինքը դա արել է մտածելով, թե իրեն հերթական անգամ խաբում են: «Մի քանի անգամ զանգել են՝ իբրեւ լրագրող ներկայացել, հարցեր-բան տվել, հետո պարզվել ա, որ զանգողը լրագրող չի, մեզ հենց-ընենց խոսացրել են կրքերը բորբոքելու նպատակով»,- ասել է գյուղապետի թեկնածուն: Լարվածությունն ու շփոթմունքը դեռ կարելի է հասկանալ, զարմանալի է, որ սպառնալիքներով է խոսում մեկը, ով ցանկանում է մի ամբողջ համայնք ղեկավարել:

Կաղնուտի ներկայիս գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ իր ընտրվելու հավանականությունը մեծ է: Իսկ հարցին, թե ի՞նչ հիմքերից ելնելով է նման կանխատեսում անում եւ վստահ, որ 4-րդ անգամ կընտրվի, պատասխանեց. «Իմ գյուղացիները բոլորը եկել են իմ գրասենյակ ու ասել, որ ինձ են ընտրելու: Պաշտոնավարման 10 տարիներիս ընթացքում արդարացրել եմ իմ արած գործերով»: Իսկ գյուղում տիրող լարված ու արդեն աղմուկ հանած նախընտրական իրավիճակի մասին 2 թեկնածուներն էլ լռեցին եւ հավատացրին, որ նման խնդիրներ չկան եւ ամեն ինչ ընթանում է խաղաղ ձեւով:

Հիշեցնենք, որ նախորդ ընտրությանը՝ 2007 թվականին գործող գյուղապետի հետ համայնքի ղեկավարի համար առաջադրվել էր այսօրվա մրցակից Կարեն Փարամազյանի հորեղբոր տղան, որը անկուսակցական էր: Կարեն Փարամազյանը նշում է, որ ընտրության հետ կապված կանխատեսումներ չի ուզում անել ու լավատեսորեն է տրամադրված: «100 տոկոսով չեմ կարող ասել, ով կընտրվի, պիտի որ լավ լինի, ամսի 20-ից հետո պարզ կլինի: Գյուղի բարգավաճման, կենդանացման համար եմ թեկնածությունս առաջադրել, առաջին գործը, որ պիտի անեմ՝ դպրոց բացելն է գյուղում: Մյուս թեկնածուի հետ ոչ մի պրոբլեմ չունեմ: Եթե հանկարծ չընտրվեմ էլ՝ թշնամի չեմ համարի ինձ: Կարծում եմ՝ ընտրությունը խաղաղ ճանապարհով կընթանա»,- ասում է ԲՀԿ թեկնածուն:

Հ. Գ. Մարտի 20-ին համայնքի ղեկավարի եւ համայնքի ավագանու ընտրություններ կանցկացվեն մարզի վեց գյուղական համայնքերում՝ Շուռնուխում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու, Կաղնուտում, Լորում, Գորիսի Որոտան գյուղում՝ համայնքի ղեկավարի, Նոր Աստղաբերդում եւ Սիսիանի Որոտան գյուղերում՝ համայնքի ավագանու ընտրություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել