Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շառով» բնակարան Մինչեւ տուն գնելը մտածեք՝ ո՞ւմից եք գնում

Մարտ 18,2011 00:00

«12 շնչից բաղկացած ընտանիքիս բնակարանային վիճակը բարելավելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 28-ին Մարատ Հովհաննիսյանից $50 000-ով գնել եմ Քաջազնունու փողոցի 4 շենքի բնակարաններից մեկը (69, 95 քմ): Բնակարանի առքուվաճառքի գործարքը օրենքով սահմանված կարգով նոտարական գրասենյակում վավերացվել է, գնորդ կողմը նոտարական գրասենյակում ինձնից ստացավ $50 000 կանխիկ գումարը»,- «Առավոտի» հետ զրույցում հայտնեց Ցոլակ Թանգամյանը:

Մեր տրամադրության տակ գտնվող պաշտոնական պայմանագրի համաձայն, բնակարանը գնորդին պետք է հանձնվեր պայմանագիրը կնքելուց հետո՝ մինչեւ 2009թ. ապրիլի 28-ը: Թանգամյանը, սակայն, բնակարանը գնելուց 1 տարի 2 ամիս հետո հրավիրվում է ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնում, թե Հովհաննիսյանները (նկատի ունի նաեւ Մարատի կնոջը՝ Ասյա Հովհաննիսյանին) բողոք են ներկայացրել. «Նրանք ասել էին, թե ես խաբել եմ իրենց»:

Մարատ Հովհաննիսյանի դիմումի կապակցությամբ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստվեցին նյութեր: Անցյալ տարվա փետրվարի 22-ին մերժվեց քրեական գործ հարուցել:Սակայն Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց այդ որոշումը եւ որոշում կայացրեց քրեական գործ հարուցելու մասին:

«Անցած ամիսների ընթացքում չէի ուզում բարձրաձայնել իմ նկատմամբ կատարված ապօրինությունների մասին, մտածելով, որ ապօրինություններին վերջ կտրվի: Սակայն այս տարվա մարտի 3-ին քրեական գործ հարուցվեց նաեւ բնակարանի բրոքեր Սերգեյ Նեյմանի նկատմամբ, ինչը մի նպատակ ունի. կոտրել իմ դիմադրությունը»,- ասում է Ց. Թանգամյանը:

Ի դեպ, ըստ քրեական գործի նյութերի, Հովհաննիսյանները բրոքերի մասնակցությունը «վաշխառությանը»՝ նշել էին իրենց ցուցմունքներում հետեւյալ կերպ. «Երբ Մարատի հետ մտանք նոտարական գրասենյակ, այնտեղ նստած 2 նոտարները բարկացան ինձ վրա, ես խնդրեցի ինձ ծանոթացնեն, թե ինչ փաստաթուղթ եմ ստորագրելու, սակայն նոտարներից մեկն ասաց, որ լեզվիս չտամ, ստորագրեմ ու հեռանամ: Այդ հանգամանքից վախեցա, ընկա շփոթմունքի մեջ, խառնված ստորագրեցի եւ դուրս եկա, որից հետո նկատեցի, որ երկու նոտարները՝ Ցոլակն ու Սերգեյը ստիպում են, որ Մարատը ինչ-որ բան գրի, եւ նա վախից նույնպես կատարեց նրանց կարգադրությունները»,- գրել էր Ասյա Հովհաննիսյանը:

«Եթե քննչական մարմինը Մարատ եւ Ասյա Հովհաննիսյանների ցուցմունքը դիտել է արժանահավատ եւ քրեական գործ է հարուցել իմ եւ բրոքերի դեմ, ապա ինչո՞ւ չի գնահատել մեր գործարքը վավերացրած նոտար Ն. Սարգսյանի գործողությունները, ով, ըստ ցուցմունքի, վիրավորել ու սպառնացել է քաղաքացիներին, նրանց զրկել ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքից»,- հարցնում է գնորդ, մեղադրյալ Ցոլակ Թանգամյանը: Վերջինս նաեւ հայտնեց, որ իր հետ հանդիպման ցանկություն է հայտնել նաեւ Հովհաննիսյանի որդին՝ Արթուրը, գնացել է եւ տեսել եւս երկու տղաների: Ա. Հովհաննիսյանն ասել է, որ Թանգամյանն իր ծնողներից բնակարանը էժան է գնել եւ պահանջել է եւս $35 000: «Ես բնականաբար առարկեցի: Այս ընթացքում նրա ընկերներից բարձրահասակը գրպանում պահած ինչ-որ առարկա ուղղեց իմ կողմը եւ պահանջեց կատարել Հովհաննիսյանի պահանջը: Երբ մերժեցի, նրանք սպառնացին ինձ եւ ընտանիքիս անդամներին»,- պատմում է Թանգամյանը: Այդ կապակցությամբ հայտարարություն է եղել ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում, որին ընթացք չի տրվել մինչ օրս: «Առավոտին» Ց. Թանգամյանը նաեւ տեղեկացրեց, որ քննիչի առանձնասենյակում, երբ տեսել է իրեն սպառնացող երիտասարդներից մեկին, զարմացել է: Քաղաքացին պահանջում է, որ Հովհաննիսյաններն իր գումարը վերադարձնեն, նա չի ուզում այլեւս այդ բնակարանը, սակայն դա էլ չի կարողանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել