Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂԸ ԴԱՏՎԵՑԻՆ

Մարտ 18,2011 00:00

2 րոպե խանգարել էին հասարակության անդորրը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, արագացված դատաքննության կարգով քննվեց Անուշավան Հովսեփյանի եւ Արամայիս Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը:

Նախկինում չդատված Անուշավան Հովսեփյանն աշխատում էր «Անի պլյուս» ՍՊԸ տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, խնամքին՝ համապատասխանաբար 4 եւ 8 տարեկան երկու երեխա, թոշակառու հայր, իսկ Արամայիս Սահակյանը սովորում է Երեւանի ճարտարապետական համալսարանի կոմպյուտերային համակարգերի նախագծում եւ տեխնոլոգիա ֆակուլտետի 4-րդ կուրսում: Պարզվեց, որ Ա. Հովսեփյանը 2010թ. դեկտեմբերի 8-ին, ժամը 12.20-ի սահմաններում իր կողմից շահագործվող՝ «Անի պլյուս» տաքսի ծառայությանը պատկանող «Ռենո» մակնիշի Տ 3066 պետհամարանիշի ավտոմեքենայով Երեւանի Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց անցնելու ժամանակ հանդիպել է լուսացույցի կանաչ լույսի տակ հետիոտնային անցումով քայլող՝ Արամայիս Սահակյանին: Նա, ըստ գործի նյութերի, ավտոմեքենան կտրուկ կանգնեցնելով իջել է եւ վերջինիս՝ երթեւեկությանը խոչընդոտելու համար, դիտողություն արել: Վարորդը, ըստ գործի նյութերի, «պարզաբանումներ կատարելու նպատակով» Ա. Սահակյանի հետ գնացել է Երեւանի Մաշտոց եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մոտ: Այնտեղ նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում «Ա. Հովսեփյանը եւ Ա. Սահակյանը կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, աղմկել են, հայհոյել եւ բռնություն գործադրել միմյանց նկատմամբ՝ Ա.Հովսեփյանը ձեռքերով հարվածել է Ա. Սահակյանին, «գլխի շրջանում պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք», իսկ Ա. Սահակյանը ձեռքերով հարվածել է ամբաստանյալ Ա. Հովսեփյանին: Իրենց այդ դիտավորյալ գործողություններով նրանք շուրջ 2 րոպե խանգարել են անցորդների հանգիստն ու անդորրը»:

Երեկ մինչ դատաքննությունը կսկսվեր, վարորդն ու ուսանողը միջնորդեցին դատական քննությունն անցկացնել արագացված կարգով եւ դատարանում հայտարարեցին, որ «գիտակցում են իրենց կողմից ներկայացված միջնորդության բնույթը եւ հետեւանքները, միջնորդությունը ներկայացրել են կամավոր՝ խորհրդակցելով պաշտպանների հետ եւ որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում»:

Դատարանը ապացույցները գնահատելիս գտավ, որ նրանք կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը: Դատարանը որպես պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու անձը բնութագրող հանգամանքներ դիտեց այն, որ երկուսն էլ երիտասարդ են, հանցանքը կատարում են առաջին անգամ, զղջում են կատարվածի համար, բնութագրվել են դրական: Ի դեպ, Արամայիս Սահակյանն էլ պետք է այս տարվա հունիսին ՀՀ զինված ուժեր զորակոչվի:

Երեկ դատարանը Անուշավան Հովսեփյանին դատապարտեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ Արամայիս Սահակյանին դատապարտեց տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Երկուսի նկատմամբ ընտրված ստորագրությունը քաղաքից չբացակայելու մասին՝ մնաց անփոփոխ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել