Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դեմոգրաֆիական անկում՝ Շիրակում

Մարտ 18,2011 00:00

Պատճառն արտագա՞ղթն է, թե՞ ծնելիության անկումը

Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանի ներկայացմամբ, վերջին մեկ տարվա ընթացքում Շիրակի մարզում մոտ 300-ով կամ 6-7 տոկոսով պակասել է ծնելիությունը: Ըստ նրա, թեեւ Գյումրիի ծննդատանը ծնունդների թիվը չի նվազել, խնդիրը վերջին երկու տարվա ընթացքում գլուխ է բարձրացրել Շիրակի մարզի կտրվածքով:

Պատճառը, ըստ մասնագետի, ոչ այնքան Գյումրիի սոցիալական վատ պայմաններն են, գործազրկությունն ու մարդկանց զանգվածային արտագաղթը, որքան երկրաշարժի ծանր հետեւանքները: «Հիմա պիտի ծննդաբերեն երկրաշարժի ժամանակ ծնված աղջիկները, այսինքն՝ 22-23 տարեկան աղջիկներն ու տղաները, որոնք զույգեր պիտի կազմեն, նրանց մի մասը չկա, մյուս մասը չի ծնվել, ծնողներն են մահացել, ու այդ երկու տարվա տարբերությունը այստեղ զգալու ենք»,- ասաց ծննդատան տնօրենը՝ կանխատեսելով, որ երկու տարի հետո միայն ծնունդների աճ կգրանցվի Շիրակի մարզում:

Արմեն Իսահակյանի խոսքերով, մարզում պակասում են նաեւ բազմազավակ ընտանքիները, շատերն են հրաժարվում երրորդ, շատ դեպքերում նաեւ երկրորդ երեխան ունենալու մտքից: Այս հարցում էլ բժիշկ-մասնագետը չի համաձայնում գյումրեցիների այն պնդումներին, թե քաղաքը խեղդված է սոցիալական խնդիրների մեջ, հետեւաբար եւ երեխա ունենալը անհեռանկարային է: «Ես կարող եմ ասել, որ փաստացի ավելի լավ սոցիալական պայմաններ ունեցող երկներում ավելի քիչ է ծնելիությունը, եւ հակառակը՝ ավելի հետամնաց, նաեւ Հայաստանից շատ հեռու գտնվող երկրներում ավելի շատ են: Ընդհակառակը՝ սոցիալականով երբ համեմատում ենք, ավելի շատ զարգացման հետ երեխաների քանակը քչանում է: Եվրոպական երկրներում մեկ երեխան երեւի թե նորմա է դարձել, կամաց-կամաց մեզ մոտ էլ՝ քաղաքում երկու երեխան է նորմա դառնում»,- ասում է բժիշկը:

Նկատենք, որ Շիրակի մարզում ավելացել է նաեւ նորածինների մահացության թիվը: «Նախկինում էլ երեխաները մահանում էին, բայց նախկինում 22 շաբաթականը ծնունդ չի համարվել, 500 գրամանոց երեխան համարվել է վիժում, եւ որպես ծնունդ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 28 շաբաթական հղիությունով ազատված կանխածինները, որոնց քաշը գոնե 1 կիլոգրամ կամ 1 կիլոգրամ 200 գրամ է եղել, իսկ հիմա 500 գրամից մինչեւ 1կգ երեխաները համարվում են ծնունդ, նախկինում էլ նրանք չեն ապրել, մահացել են, բայց նախկինում գրանցվել են որպես վիժում, իսկ հիմա գրանցվում են որպես ծնունդ: Գրանցվելով որպես ծնունդ, փաստացի շատացնում են մահացողների թիվը: Բայց պիտի նկատի ունենանք, եթե նախկինում հնարավոր չէր 500 գրամանոց երեխաներին փրկել, որեւէ ձեւով օգնել, այսօր, նոր սարքավորումների շնորհիվ, հնարավոր է ինչ-որ տոկոսի փրկել: Մենք ծննդատանը ունեցել ենք 600 գրամանոց երեխա, որին խնամել ենք, տեղափոխել ենք բուժման Ավստրիական մանկական հիվանդանոց, եւ երեխան էդտեղից դուրս է գրվել: Սա մեծ առաջընթաց է»,- պարզաբանեց ծննդատան տնօրենը:

Միակ մխիթարանքը թերեւս այն է, որ Շիրակի մարզում վերջերս նվազել է արատավոր երեխաների թիվը, Արմեն Իսահակյանի խոսքերով՝ առողջապահության նախարարությունը գյուղական վայրերի ամբուլատորիաներում սկսել է նոր սարքավորումներ տեղադրել, որը հնարավորություն է տալիս ճիշտ ժամանակին ախտորոշել ու կողմնորոշվել. եթե երեխայի վիճակն այնպիսին է, որ ծննդաբերելուց հետո հնարավոր չէ վիրահատական միջամտությամբ արատազերծ անել, ուրեմն հղիությունը կընդհատեն:

Ըստ բժշկի, այս տարի Շիրակի մարզում դեռ արատավոր երեխա չի ծնվել:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031