Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԳԺԱԿԱՆՈՎ» ԱԶԱՏՎԵԼԸ ՀԵՇՏ ԲԱՆ ՉԷ

Մարտ 18,2011 00:00

\"\"Պետք է իսկական գիժ լինես, որ բանակում ծառայելուց ազատվես

Ամեն զորակոչին ընդառաջ՝ բանակ գնալու ենթակա որոշ երիտասարդներ իրենց գժի տեղ են դնում՝ երակներն են կտրում, ձեռքերն են այրում, սպառնում են շենքի կտուրից ցած նետվել, տարբեր մեթոդներով ինքնասպանության փորձեր են անում եւ այլն: Եվ եթե այդ երիտասարդներին հաջողվում է հոգեբույժներին ապացուցել, որ իսկապես հոգեկան հիվանդ են, այլ ոչ թե ձեւացնում են՝ բանակից ազատվում են: Գժական մեթոդների կիրառման ձեւերը տղաներն իրար են փոխանցում ու տարիների ընթացքում դրանք կատարելագործվում են: Սակայն, հոգեբույժների վստահեցմամբ, այնքան էլ հեշտ չէ «գժականով» բանակից ազատվելը, քանի որ բժիշկները դա ստուգելու համար փորձված մի շարք մեթոդներ ունեն: «Առավոտի» հետ զրույցում «Նորք» հոգեբուժական կլինիկայի ղեկավար Անահիտ Գեւորգյանն ասաց, որ հոգեբուժական միջամտության կարիք ունեցողներին նախ ուղեգրում են կլինիկա, որտեղ հիվանդին 7 օր հետազոտում են ոչ միայն հոգեբույժները, այլեւ թերապեւտը եւ նյարդաբանը. «Բացի հոգեբանական թեստերից, նաեւ այլ հետազոտություններ ենք անցկացնում, գլխուղեղի էլեկտրոսկոպիա ենք անում: Ոչ մի տեսակի պրեպարատ չենք օգտագործում հետազոտության ժամանակ: Հիմնվում ենք օբյեկտիվ տեղեկությունների վրա, որոնք կան տղայի անձնական գործում, դպրոցից տրված բնութագրերին ենք նայում, եթե նա երբեւէ բժշկական օգնության է դիմել, դրան ենք ուշադրություն դարձնում: Սրանք շատ օբյեկտիվ հիմքեր են, որպեսզի ձեւավորվի կարծիք երիտասարդի մասին: Այդ ամենից հետո նոր միայն տալիս ենք եզրակացություն, որը հետագայում հանրապետական հանձնաժողովի համար, որտեղ որոշվում է տղաներին բանակում ծառայելու պիտանելիությունը, ծառայում է որպես հիմք: Հանրապետական հանձնաժողովն է տալիս վերջնական եզրակացություն, երիտասարդը ազատվո՞ւմ է բանակից, թե՝ ոչ»:

Մեր այն հարցին, թե հատկապես ինչպիսի՞ վնասներ են իրենք իրենց հասցնում տղաները, որպեսզի ազատվեն բանակից, տիկին Գեւորգյանը պատասխանեց. «Մարմնի տարբեր մասերում ինքնավնասումներ են անում, հիմնականում կտրվածքների եւ այրվածքների ձեւով, որոնք, իհարկե, ցույց են տալիս, որ կա որոշակի խնդիր՝ պայմանավորված ինչ-որ մի իրավիճակով: Դա կարող է լինել վախ՝ շրջապատի փոփոխության նկատմամբ, ընտանիքից հեռու ապրելու եւ այլն, ամեն դեպքում հեշտ չէ բանակում ծառայելը»: Հարցին՝ չի՞ արձանագրվել արդյոք այնպիսի դեպք, որ երիտասարդն ամեն ինչի դիմի, որպեսզի հաստատ ախտորոշեն, որ նա հոգեկան հիվանդ է, տիկին Գեւորգյանը պատասխանեց. «Չէ, չի եղել: Բայց ասեմ, որ եթե մարդ ընդունակ է ամեն ինչի, միայն թե բանակ չգնա, դա խնդիր է: Նախ նշեմ, որ այդպիսի վախը չի կարող լինել հասուն եւ առողջ հոգեվիճակում գտնվող մարդու մոտ, այդ խնդիրը պետք է հետազոտել եւ համապատասխան օգնություն ցուցաբերել: Չէ՞ որ տղա ունեցող ընտանիքներում դեռ փոքր հասակից պատրաստում են իրենց երեխային, որ բանակ է գնալու, հետո դպրոցում խոսում են այդ մասին, չեմ կարծում, որ դա ահաբեկող անակնկալ է նրանց համար»:

Մենք մասնագետից հետաքրքրվեցինք նաեւ, թե հիվանդին տեսնելով՝ նրանք արդեն կարողանո՞ւմ են հասկանալ տվյալ երիտասարդի մոտ իսկապես լուրջ խնդիր կա ու դրա համար է նա իրեն վնաս հասցրել, թե՞ նպատակային է նրա արարքը, սրան ի պատասխան, Ա. Գեւորգյանն ասաց. «Առաջին հայացքից ոչինչ չենք կարող ասել եւ եզրակացություն չենք կարող տալ, մենք հետազոտում ենք եւ նոր միայն տալիս եզրակացություն»: Ա. Գեւորգյանի տվյալներով, իրենց մոտ ուղեգրվածներից 5-ից 1-ի համար տրված եզրակացությունն է, որ իրականում ազդում է տղայի՝ բանակի համար պիտանելիության վրա. «Այսինքն՝ մեզ մոտ հետազոտվածների մոտավորապես 30%-ն ազատվում է բանակից, սակայն հետազոտվողների 50%-ը իրենք իրենց վնաս հասցրածներն են: Մեր խնդիրը հենց դա է, որ տարբերենք նպատակային վնասումը՝ խնդիր ունեցող վնասումից: Նշեմ, որ միտումնավոր կամ նպատակային իրենք իրենց վնաս տվածներն այնքան էլ շատ չեն: Լուրջ թիվ չեն կազմում հետազոտվողների մեջ, բայց այդ երեւույթը կա»:

Նշենք, որ նպատակային ինքն իրեն վնասածներից շատերը հենց առաջին օրվանից էլ հետազոտող բժիշկներին ասում են, թե ինչի համար են իրենք երակները կտրել կամ նման այլ բան արել:

Նկատենք, որ վերջերս բանակից ազատվելու այլ մեթոդ էլ է շրջանառության մեջ դրվել: Երիտասարդներն անգամ բժշկահոգեբուժական հետազոտությունների ժամանակ ասում են, որ համասեռամոլ են ու չեն կարող բանակում ծառայել, քանի որ հալածանքների ու կտտանքների կենթարկվեն, սակայն տիկին Գեւորգյանը վստահեցրեց, որ սա ոչ մի կերպ տղաներին չի ազատում բանակից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031