Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վայոց ձորում սկսել են ծախսել 260մլն դրամը

Մարտ 18,2011 00:00

Մարզերում այս տարի շինարարական եռուզեռ է սպասվում: Կառավարության հատկացրած 10 միլիարդ 12 միլիոն դրամով կվերանորոգվեն մարզային դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանի շենքեր, բազմաբնակարան շենքերի տանիքներ, վերելակներ ու ճանապարհներ: Մի շարք համայնքներում կլուծվեն նաեւ ջրամատակարարման ու գազիֆիկացման խնդիրներ:

Բնակչության թվաքանակով պայմանավորելով՝ կառավարությունը ամենաքիչ գումարը՝ 260 միլիոն դրամ, Վայոց ձորին էր բաժին հանել: Մարզում, սակայն, չեն տխրել. կառավարության հանձնարարականով Գյուղական տարածքների տնտեսական զարգացման եւ սոցիալական ներդրումների հիմնադրամը վերջերս 560 միլիոն դրամ է փոխանցել Վայոց ձորին:

«Այսինքն՝ ինչ-որ կերպ գումարները համալրվում են: 560 միլիոն դրամով 6 համայնք ենք գազիֆիկացնելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը: Ըստ նրա, առաջնահերթությունը տալու են Իրան-Հայաստան գազատարին մոտ գտնվող համայնքներին՝ Գետափին, Ելփինին, Արենուն, Մալիշկային, Շատինին ու Խաչիկին: Իսկ թե ինչպես են ծախսելու կառավարության տված 260 միլիոն դրամը, պարոն Թարվերդյանը նշեց, որ արդեն գիտեն, թե որ քաղաքում ինչ են բարեկարգելու, ու սկսել են նախագծման աշխատանքները:

Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ազատ Հովսեփյանն էլ մանրամասնեց, որ միայն 10 միլիոն դրամ նախատեսել են նախագծման աշխատանքների համար: Նրա տեղեկացմամբ, բարեկարգումների թիրախը Վայքն ու Եղեգնաձորն են: Ի տարբերություն Ջերմուկի, այստեղ շատ անելիքներ ունեն. «Ջերմուկում էլի մի քիչ գործ է արվել՝ որպես կուրորտային քաղաք, ահագին բարեկարգվել է, ինչը չի կարելի ասել մյուս երկու քաղաքների մասին»: Նրա խոսքով, ընդհանուր թվով 10 բազմաբնակարան շենքի տանիք կվերանորոգվի. 2-ը՝ Եղեգնաձորում, 8-ը՝ Վայքում: Նախատեսել են նաեւ շենքերի պատշգամբներ բարեկարգել. «Շահումյան փողոցի բազմաբնակարան շենքի պատշգամբները քայքայված են, 60 տարվա շենք է, լուրջ աշխատանքներ ենք անելու»: Շենքերից բացի, կբարեկարգվեն մի քանի փողոց ու երկու դպրոցի տանիքներ: Կհիմնանորոգվի Ջերմուկի քաղաքային գրադարանը: Թե ինչու է իրենց մարզին ամենաքիչ գումարը հասել, այն դեպքում, երբ մարզում դեռ շատ անելիքներ կան, պարոն Հովսեփյանը պատասխանեց. «Մեր ցավոտ կողմին կպաք, մարզպետով, բանով խոսացինք, բայց ինչ անենք, կառավարությունն ասում է՝ ըստ բնակչության թվի է գումար հատկացնում»:

Քաղաքաշինության վարչության պետի խոսքով, մոտ 17 դպրոց ու քաղաքային կարեւոր նշանակություն ունեցող փողոցներ դեռ կմնան անբարեկարգ վիճակում. «Վայքում եւ Եղեգնաձորում փողոցների վիճակը վիճակ չէ: Չենք էլ հիշում, թե վերջին անգամ երբ են բարեկարգվել»: Պարոն Հովսեփյանը վստահեցրեց, որ մայիսի վերջից կսկսվի շինարարությունը ու ավարտին կհասցվի աշնանը: 16150 ընտանիք ունեցող Վայոց ձորը բնակչության թվաքանակով ամենափոքրն է, բայց սա, ըստ փոխմարզպետի, չի նշանակում, թե ամենից շատ իրենց մարզից են փախչում. «Վայոց ձորում արտագաղթի մեծ ցուցանիշ չի արձանագրվել, չի արձանագրվում, գնացողներ միշտ էլ եղել են, բայց նրանց թիվը շատ փոքր է»: Փոխմարզպետին հակառակ, քաղաքաշինության վարչության պետը նշեց, թե թեեւ չի կարող մարզից մեկնողների թվային ցուցանիշ ներկայացնել, բայց որ վերջին շրջանում արտագաղթը մեծացել է, դա ակներեւ է: Մեզ հետ զրույցում Վայոց ձորի փոխմարզպետը անդրադարձավ նաեւ գարու արտադրության զարգացման ծրագրին: Նրա խոսքով, կառավարությունն իրենց մարզին 26 տոննա գարու սերմացու է նախատեսել. «Գարունը մի քիչ ուշանում է, այն տարածքները, որտեղ գարու սերմացու պետք է ցանվի, դեռ ձյան տակ են, այնպես որ, եթե հենց հիմա էլ սերմացուն մարզ հասած լիներ, չէինք կարողանա ցանել: Մինչեւ ձյունը հալչի գնա, երեւի սերմն էլ տեղ կհասնի: Մեր մարզին հատկացված 26 տոննա սերմացուն կբաժանենք 15 տնտեսությունների»: Նա համամիտ չէ գյուղատնտեսների պնդումներին, թե Հայաստանը ներկրում է սերմերի այն տեսակները, որոնք առաջարկում են՝ հաշվի չառնելով, թե դրանք կկարողանա՞ն ապահովել արդյունավետ բերք. «Նման դատողություններ անողները սխալվում են: Ներկրում ենք բարձր բերքատվություն ապահովող սերմեր, մեր կառավարությունը պատահական սորտեր չի գնում, էդ սորտերն իրենց անձնագիրն ունեն, որտեղ հստակ կան տվյալներ, թե սերմի այդ տեսակը իրենից ինչ է ներկայացնում, ինչ բերքատվություն կարող է ապահովել: Անհանգստանալու հիմքեր չկան, կբերենք, կփորձենք, միայն թե ժամանակին տեղ հասնի ու ժամանակին ցանենք»: Պարոն Թարվերդյանը վստահեցրեց, որ այս տարի 150-200 հեկտարով իրենց մարզում կավելանան ցանքատարածությունները. «Գարու մշակությունը մեր գյուղացիներին շատ է հետաքրքրում՝ հատկապես անասնակեր օգտագործելու առումով: Մինչեւ այդ սերմը տալն էլ մեր գյուղացիները մինչեւ 700 հա գարու ցանք էին անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031