Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԳՆԱՃԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՆ Է ԴԱՐՁԵԼ»

Մարտ 18,2011 00:00

\"\"ԿԲ նախկին նախագահի խոսքով՝ քաղաքացիները խանգարում են կառավարությանն աշխատել

«Բարձր գնաճային ճնշումներն առաջիկայում Հայաստանի կինն են լինելու, մշտական ուղեկիցը: Ինձ ապշեցնում է էսօրվա իշխանությունների չաշխատելը կամ աշխատելու ցանկության բացակայությունը: Մարդը, շարքային քաղաքացին այսօր կառավարությանը խանգարում են: Հասկանո՞ւմ եք՝ իրենք ուզում են աշխատել»,- երեկ «Սիվիլիթասի» կազմակերպած «Թանկացումներ, համաշխարհային գնաճ, հայկական մենաշնորհներ» թեմայով քննարկմանը հեգնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով, Հայաստանի տնտեսությունը հասել է ծայրահեղ սահմանի. «Ճգնաժամը ուղղակի պատռեց մեր տնտեսության դեմքը: Հիմա թե իշխանությունները, թե ընդդիմությունը հասկացել են, որ այսպես այլեւս չի կարող շարունակվել»:

ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը պնդում է, որ կառավարությունը երբեք էլ հակագնաճային քաղաքականություն չի վարել, քանի որ այդ լիազորությունները առանձին կառույցներին է վերապահված՝ Կենտրոնական բանկին ու տնտեսական մրցակցության հանձնաժողովին. «Հայաստանը ունի փոքր տնտեսություն, մշտապես կախված է ներկրումից, եւ գնաճային ճնշումներին, ի թիվս այլ գործոնների, նպաստում են նաեւ արտաքին շուկաներում գների փոփոխությունները: Ուղղակի ծիծաղելի է, որ կառավարությունը ասում է, թե հակագնաճային քաղաքականությունը պետք է տեղավորվի ԿԲ դրամավարկային քաղաքականության մեջ: Աբսուրդ է, որ միայն դրամավարկային քաղաքականության գործիքի վրա են հույսները դրել»: Պարոն Նռանյանի համոզմամբ, գնաճի դեմ պայքարելու համար, բացի պահուստային պաշարներից, կառավարությունը պետք է բորսայական առեւտրի միջոցով առաջացած գնագոյացման եղանակը կիրառի. «Եթե ռազմավարական նշանակության ապրանքները ներկրվում են ու իրացվում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների կողմից, ապա պետությունը պետք է պարտադրի գնագոյացումը բորսայական մեխանիզմների պայմաններում, ինչը գնագոյացումը կդարձնի կանխատեսելի ու տնտեսվարողներին կստիպի արտասահմանցի գործընկերների հետ քաղաքակիրթ առեւտրի պայմաններ հիմնել»:

Սննդամթերք ներկրող Գուրգեն Կոստանյանը, միջամտելով քննարկմանը, դժգոհեց մաքսային օրենսդրությունից՝ այն որակելով արատավոր. «Մաքսային այն արժեքը, որ գոյություն ունի կոնկրետ ապրանքի վրա, ներկրողին թույլ չի տալիս ավելի մատչելի իրացում կատարել: 100 դրամով ներկրած ապրանքն այստեղ գնահատում են 150 դրամ, ու ես ստիպված եմ ավելի թանկ վաճառել, քան կարող եմ: Չհաշված այն արատավոր երեւույթը, երբ նոր ապրանք եմ ներկրում ու դեռ այն չեմ հասցրել իրացնել, ինձնից ավելացված արժեքի հարկ են պահանջում»: Պարոն Նռանյանն էլ նկատեց, որ երբեմն հսկիչ գինը բարձր է ոչ միայն ներկրողի իրական ծախսերից, այլեւ հանրապետությունում այդ ապրանքի վաճառքի գնից. «Էդքան որ խոսում ենք մենաշնորհներից, հենց սա է, որ կա, ամեն ինչ անում են, որ մի քանի հոգի ներկրեն, արդյունքում առաջիկա ամիսներին հագուստն ու կոշիկը թանկանալու են»: Պարոն Ասատրյանն էլ հավելեց. «Հարկ պետք է վճարեն նրանք, ովքեր եկամուտ ունեն, ոչ թե նրանք, ովքեր ինչ-որ շարժ են ցույց տալիս»:

Արա Նռանյանն անդրադարձավ նաեւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, որով մեկ ամսվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների 30% գնաճի դեպքում պետությանը իրավունք է տրվելու միջամտել ու գների վերին շեմ սահմանել, ռուսական օրենսդրության պատճենն է. «Կառավարությունը արտատպել է ու գնում է ծայրահեղ միջոցների: Գնային առաստաղի սկզբունքը կարող է կիրառվել այն ժամանակ, երբ կառավարությունը հենց սկզբից տալիս է համապատասխան խաղի կանոնները: Խայտառակություն է, կառավարությունն ասում է՝ դու գնա արտադրի, ներկրի, վերջում ես կասեմ, թե ինչքանով վաճառես: Փորձը ցույց է տալիս, որ կարճ ժամանակահատվածում գների կարգավորումը բերում է ապրանքատեսակների դեֆիցիտի: Արդյունքում՝ խորհրդային տարիների նման, ապրանքները տակից կամ ավելի գնով են վաճառելու»: Պարոն Նռանյանի կարծիքով, կառավարությունը չի պատրաստվում գործադրել այս օրենսդրական նախաձեռնությունը. «Որովհետեւ գիտի, որ վատ է լինելու: Իրականում սա քարոզչական նպատակ ունի, վարչապետն էլ խոստովանեց, թե հույս ունի, որ տնտեսվարողները հենց օրենքը տեսնեն, կվախենան գները բարձրացնելուց»:

Տնտեսագետ Սամվել Ավագյանն էլ ասաց, որ թեեւ օրենքով ԿԲ-ին հանձնարարվում է որոշակի միջակայքում պահպանել գները, բայց ինչպես տեսնում ենք՝ գնաճն անվերահսկելի է, ինչը, տնտեսագետի կարծիքով, Կենտրոնական բանկի մեղքով չէ: «ԿԲ-ին նման լիազորություն չպետք է տալ: Երկու տարբերակ կա՝ կամ պետք է փոխենք օրենսդրությունը, կամ էլ Կենտրոնական բանկին ամեն անգամ պատժենք, որ գների կայունություն չի կարողանում կարգավորել»: Տնտեսագետի այս տեսակետին չհամաձայնեց ԿԲ նախկին նախագահը՝ պնդելով, որ կառավարությունը ձեռքերը լվացել ու քաշվել է մի կողմ. «Մեր երկրում իշխանությունն է քայքայված, կառավարման համակարգն է քայքայված, սենց էլ պետք է լիներ: Չեմ կարծում, որ այս հարցում Կենտրոնական բանկին պետք է քննադատենք կամ էլ օրենքը վերցնենք ու փոխենք: Աշխարհը փոխվում է, բայց մենք միջնադարյան համակարգով հարկեր ենք գանձում: Կենտրոնական բանկի խնդիրներից մեկը արտաքին պահուստների պահպանումն է, բայց պահպանելու փոխարեն վատնում են: Անցած տարի մոտ $50 միլիոն պահուստները նվազեցին, իսկ այս տարի, հունվարի տվյալներով, նվազել է $40 միլիոն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031