Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակը վաղուց է գրավված

Մարտ 18,2011 00:00

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին երեկ «Ազդակ» ակումբում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հարցնում էին բացառապես Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի եւ ՀՀ նախագահի վերջին օրերի ելույթների մասին:

Երեկ ասուլիսի գնացի Ազատության հրապարակով: Հրապարակում պարոն Հովհաննիսյանի շուրջ բազմաթիվ մարդիկ էին հավաքվել: Բացի «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներից, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանից եւ դաշնակցական Արծվիկ Մինասյանից, որեւէ այլ պատգամավորներ Րաֆֆի Հովհաննիսյանին երեկվա դրությամբ չէին այցելել: Գալուստ Սահակյանին «Առավոտը» հարցրեց՝ մտադիր չէ՞ այցելել իր խորհրդարանական գործընկերոջը, նաեւ ուզեցինք պարզել՝ չի՞ կարծում արդյոք պարոն Սահակյանը, որ իր այս քայլով Րաֆֆի Հովհաննիսյանը, ըստ էության, «գրավեց» Ազատության հրապարակը: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Շատ ցանկալի կլիներ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ զրուցել, բայց մեր իրականության մեջ ցանկացած ազնիվ մղում դառնում է երեւույթ, քաղաքական շահարկումների առարկա եւ սենսացիա, իսկ ես ինձ տրամաբանորեն չեմ տանի այնտեղ, որ մարդու, իր համար ազնիվ մղումները դառնան սենսացիոն ինչ-որ խնդիրների առարկա: Իսկ Ազատության հրապարակը վաղուց գրավված է, մեր ժողովրդինն է, մեր հանրությանն է, եւ դրական եմ համարում, որ ժողովուրդր հետաքրքրվում է, որովհետեւ, այդուհանդերձ, սենսացիա է, որովհետեւ բաց ժողովից, որտեղ պիտի քննարկվեին կարեւորագույն հարցեր, միանգամից՝ հացադուլ: Պայմանը չեմ կարողանում ընկալել»: Գալուստ Սահակյանը պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, ասաց, թե այդ ձեւը իր համար հետաքրքիր է եւ նորություն է նման ակցիան. «Ժամանակակիցները կհիշեն, երբ նորանկախ Հայաստանի հիմքերն էին դնում, եւ երբ հացադուլ էր տեղի ունենում, ամբողջ ազգը սարսռում էր, փշաքաղվում էր եւ ոտքի էր կանգնել ամեն ինչ անելու, նույնիսկ ինքնազոհողության, որպեսզի ունենանք անկախ Հայաստան: Փոփոխվում էին ժամանակները, առավել եւս փոխվում էր նաեւ ֆորմացիան:

Այն ժամանակ շատ բնութագրական էր, բայց այսօր ինձ համար շատ հետաքրքիր է, եւ հետեւում եմ հաջորդ գործողությունները ինչպիսին պիտի լինեն:

Չեմ կարծում, այս պահին գոնե, ես հնարավորություն ունեմ քաղաքական տեսակետից վերլուծել, մանավանդ պարզորոշ խոսք չի գնում կոնկրետ խնդիրների մասին, այլ խոսք է գնում որոշակի գործոնների մասին, որին սպասում ենք մենք, որին սպասում է մեր ամբողջ ազգը: Իհարկե, ինձ համար ցավալի է, մանավանդ կապված է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որովհետեւ գոնե ես այլ դիրքերում, այլ պայմաններում եմ պատկերացրել Րաֆֆի Հովհաննիսյանին, քան կուսակցության լիդեր, որը, գոնե ինձ համար, չհիմնավորված հացադուլ է հայտարարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031