Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԽԻ՞ՍՏ Է ԼԻՆԵԼՈՒ

Մարտ 18,2011 00:00

\"\"Իրավապաշտպանն այս տպավորությունն է ստացել ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումից: Մինչդեռ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նրանք ասել են, թե բարեփոխումներ իրականացվել են, բայց դեռ կան չլուծված հարցեր:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը, որը երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ հանդիպել էր ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին՝ «Առավոտին» փոխանցեց, որ պրն Պրեսկոտն ասել է. «Ամեն անգամ մենք զեկույցներում ասում ենք, թե մի քայլ առաջ է, բարեփոխում կա եւ այլն: Բայց դա անվերջ չի կարող լինել: Գալիս է մի պահ, երբ արդեն պետք է տաս ընդհանուր գնահատական, քանի որ մի քայլ առաջ-մի քայլ հետն ինչ-որ ժամանակի մեջ վերջանում է: Կարծես թե եկել է այն պահը, երբ պետք է արդեն գնահատել ամբողջ գործընթացը»:

Այս այցից հետո ի՞նչ գնահատականներ են տալու համազեկուցողները: Ավետիք Իշխանյանը պատմեց, որ նրանց հիմնականում հետաքրքրում էր, թե 2008 թ. մարտի 1-ից հետո իրականությունը փոխվե՞լ է. «Ֆիշերն ընդհանրապես չէր խոսում՝ լսում էր միայն: Իսկ Պրեսկոտն ասաց, թե մարտի 1-ի գործերով կալանավորվածները չնայած քիչ են մնացել, բայց ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ պնդելու են, որ ազատ արձակվեն բոլորը: Նրա խոսքից զգացվեց, որ իրենց զեկույցը բավական խիստ է լինելու: Նման ակնարկ արեց»: Մեր ճշտող հարցին, թե հատկապես ինչո՞ւ է նման տպավորություն ստացել՝ պրն Իշխանյանը պատասխանեց, որ Պրեսկոտն ասել է, թե բավարարված չէ առկա առաջընթացով:

Մինչդեռ համազեկուցողների հետ հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում փոխանցված են բոլորովին այլ գնահատականներ: Այսպես՝ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման մասին հաղորդվում է. «Ջոն Պրեսկոտը գոհունակությամբ նշեց, որ երկրում կատարվել են ու դեռեւս շարունակում են իրականացվել բարեփոխումներ ե՛ւ երկարաժամկետ, ե՛ւ կարճաժամկետ ծրագրերի մասով, սակայն դեռեւս կան չլուծված հարցեր»: Նաեւ նշել է, թե ԵԽԽՎ-ին կզեկուցի, որ այդ հանձնաժողովում աշխատանքները ընթանում են ճիշտ հունով:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին հաղորդվում է, որ պրն Պրեսկոտը հիշատակել է, թե մարտի 1-ից հետո սա իր 6-րդ այցելությունն է Հայաստան, ու «թեեւ որոշ դրական փոփոխություններ կատարվել են այս ժամանակահատվածում, ինչը ողջունում են, այդուամենայնիվ կան դեռ լուծման կարիք ունեցող խնդիրներ»: Նա որպես անհաջողություն է գնահատել այն փաստը, որ չհաջողվեց մարտյան իրադարձությունների առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել. «Հասարակությունը բավարարվում է, երբ տեսնում է, որ ճիշտ հետաքննություն է իրականացվել»:

ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ համազեկուցողների հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հյուրերը դրական գնահատեցին ՀՀ ոստիկանության բարեփոխումների ծրագրի կատարման ընթացքը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ բարեփոխումները պետք է իրականացվեն ողջ ծավալով ու նախատեսված ժամկետում՝ անշրջելի դարձնելով ոստիկանական համակարգի արդիականացման գործընթացը»:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ էլ նրա գրասենյակը տարածել է հետեւյալը. «Համազեկուցող Ջոն Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ի իրադարձություններից հետո ակնհայտ են այն փոփոխությունները, որ տեղի են ունենում, որոնք իրենք տեսնում ու զգում են ՀՀ նախագահի հետ իրենց հանդիպումների, զրույցների ժամանակ: «Այս փոփոխությունները չափվում եւ գնահատվում են այն բանաձեւի եւ առաջարկությունների ներքո, որ մեր կողմից արվել են այդ կապակցությամբ: Պարո՛ն նախագահ, կարեւորն այստեղ քաղաքական կամքն է, որ Դուք ցուցաբերել եք: Մենք արձանագրել ենք ձեր ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված այդ կամքը, փոփոխությունները, որոնք, իրոք, անհրաժեշտ են: Այդ փոփոխությունների մասին զեկուցել ենք նաեւ Վեհաժողովին»,- ասել է Ջոն Պրեսկոտը»:

Կես տարի էլ չի անցնի, եւ պարզ կդառնա, թե արդյոք իրականությո՞ւն էին համազեկուցողների այս ոգեւորված գնահատականները, որոնք արտացոլված են պաշտոնական հաղորդագրություններում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Ջոն Պրեսկոտը նշել է, որ «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կզեկուցվի Հայաստանում իրականացված բարեփոխումների եւ առաջընթացի մասին: Նա հատկապես կարեւորեց հեռանկարային բարեփոխումները, որոնք ավելի գնահատելի են»: Գարնանային նստաշրջանը տեղի է ունենալու ապրիլի 11-15-ը, եւ ռեկորդային արագություն կլինի, եթե մինչ այդ համազեկուցողները հասցնեն զեկույց պատրաստել, քննարկել Մոնիթորինգի հանձնաժողովում եւ այլն:

Վերջում նշենք, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի, հանձնաժողովի անդամներ Լիլիթ Գալստյանի եւ Արտակ Զաքարյանի հետ հանդիպման ընթացքում էլ, երբ անդրադարձել են զանգվածային լրատվության ոլորտը կարգավորող օրենսդրությանը, մասնավորապես՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին՝ ըստ ԱԺ հաղորդագրության՝ պրն Պրեսկոտն էլի գնահատել է, թե «կատարված դրական փոփոխություններն ակնհայտ են. դրանք իրենց տեղը կգտնեն առաջիկա զեկույցում»: Մինչդեռ Լիլիթ Գալստյանը, որը ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից եւ ՀԱԿ-ի 3 ղեկավարների հետ միասին՝ այն քիչ ընդդիմադիրներից է, որոնց այս 2 օրերի ընթացքում հանդիպեցին համազեկուցողները՝ այլ պատկեր է փոխանցել նրանց: Մեզ փոխանցեց, որ մասնավորապես ասել է. «Երկխոսությունը չի էլ ստացվել. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերաբերյալ 60-ից ավելի առաջարկներ ունեինք, եւ դրանց մեծ մասը չընդունվեց»: Ու նաեւ՝ «Կարեւորեցի այն խնդիրը, որ թեեւ Հայաստանում օրենսդրական շատ հրաշալի լուծումներ կան, բայց խնդիրը դրանց կիրառումն է: Որպես կանոն՝ իրականությունն ու օրենքները տարբեր բաներ են: Եվ ամեն անգամ բախվում ենք օրենքը գործադրելու քաղաքական կամքին, որը չի դրսեւորվում իշխանությունների կողմից»: Լիլիթ Գալստյանը պատմեց. «Պրն Պրեսկոտն ինձ հետ համաձայնեց, թե այո՝ նախ եւ առաջ պետք է դրանք գործադրելու քաղաքական կամք ու վճռականություն, որպեսզի կայանա երկխոսությունը: Նաեւ ասաց, թե ցավոք՝ իշխանության եւ ընդդիմության դերակատարությունների քաղաքակիրթ ընկալման խնդիր ունենք Հայաստանում, քանի որ իշխանությունը չունի ընդդիմության դերակատարության բավարար գնահատումը: Ընդդիմությունն էլ շատ հաճախ ուզում է ինչ-որ լիազորություններ կամ որոշիչ կեցվածք, երբ որպես ընդդիմություն ունի սահմանափակ լծակներ: Մի խոսքով՝ արձանագրեց Հայաստանում ժողովրդավարության ոչ բավարար ընկալումը»:

Հ. Գ. Այս բոլոր պաշտոնական հաղորդագրություններից ամենաանբովանդակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման մասին լուրն է. «Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքներին վերաբերող հարցեր»: Թերեւս նաեւ հանդիպումների մասին մանրամասներ չհաղորդելո՞վ է ՄԻՊ-ը շարունակում իր 50-օրյա լռությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել