Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԴԱՍԵՐԸ …ԿԱՄ՝ ԿՈՎՍ ՏԱՐԱՆ ՄՇՈՒՇԻ ՄԻՋՈՎ

Մարտ 18,2011 00:00

Երեւի թե նորեն ու դարձյալ ճիշտ է այն, որ արդեն հիշատակել եմ, թե պետությունները ուժեղ են, քանի դեռ եղանակը լավ է:

Վերջին մի քանի օրերին հեռուստատեսությամբ դիտելով Ճապոնիայի երկրաշարժը, երկիր, որը ի սկզբանե իր երկրակեղեւով խախուտ էր, որի մասին գիտեին ե՛ւ բնակիչները, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ աշխարհը նաեւ, տարօրինակ բան կատարվեց մեր աչքի առաջ. երբ հողը ցնցվում էր ամբողջությամբ, Ճապոնիա զարմանալի երկրի խորհրդարանի պատգամավորները ոտքի կանգնեցին, բայց նրանցից ոչ մեկը դուրս չփախավ եւ շարունակ ցնցվող շենքի մեջ խորհրդարանի նախագահը չելնելով իր տեղից՝ հորդորեց նստել, եւ բոլոր պատգամավորները նստեցին իրենց տեղերում, եւ ոչ մեկը վախից սեղանի տակ չմտավ…

Հետո արդեն Տոկիո մայրաքաղաք անհավանական հսկայական կառույցում ցնցումից դատարկված փողոցներն ու տները ոչ ոք չէր ասպատակում, եւ ոչ ոք չէր մղվում դիակապտության, եւ ջարդուփշուր չէին անում թանկարժեք խանութների ապակիները, եւ չէր հայտնվում մեկը, որ թալաներ այն, ինչ իրեն չէր պատկանում, քանզի Աստված արդեն իրենց թալանել էր…

Ճապոնիա, սիրելի՛ երկիր, ես ամեն գիշեր մտահոգ եմ քեզ համար, քանզի քո ցավը իմ ցավն է նաեւ: Բայց թույլ տուր հիանամ ու փառաբանեմ քեզ, քանի որ քեզ պահեցիր անհավատալիորեն արժանապատիվ եւ ոչ մի երկրից օգնություն չխնդրեցիր՝ լինելով օգնության կարոտ: Եվ քո ժողովուրդը հազարավոր կորուստ տալով՝ չխոսեց պետության դեմ: Ի՜նչ զուսպ էր ձեր ողբը ձեր կորուսյալ հարազատների հանդեպ: Խորին խոնարհում իրենց առջեւ…

Ցավում եմ, որ ես ձեր երկրում երբեք չեմ եղել, բայց հավատացեք, որ Բասյոյի նման եւ Բասյոյից առաջ իմ կովն էլ տարան մշուշի միջով: Եվ ես տագնապով մտածում եմ, թե ինչի վրա է ձեր եւ իմ հույսը, երբ հողն անընդհատ տատանվում է, իսկ մենք միասին չենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել