Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է

Մարտ 18,2011 00:00

\"\"Հայ ազգային կոնգրեսը կատարեց իր խոստումը. երեկվա հանրահավաքն, իրոք, կարելի է շրջադարձային որակել

Երեկ Հայ ազգային կոնգրեսը, ըստ էության, երկու հանրահավաք արեց: Նախապես հայտարարված՝ այսպես ասած, «մայր» հանրահավաքը մեկնարկեց Մատենադարանում: Դեռ մի քանի օր առաջ թերահավատություն կար, թե մարտի 17-ի հանրահավաքը պակաս բազմամարդ կարող է լինել, քան մարտի 1-ինն էր, բայց իրական պատկերը միանգամայն այլ էր. մարտիմեկյան դեպքերից հետո ընկած եռամյա ժամանակահատվածի կտրվածքով Կոնգրեսի երեկվա հանրահավաքը ռեկորդային էր՝ իր մասնակիցների թվով: Ոստիկանությունն այս անգամ ուղղակի այլ տարբերակ չէր ունեցել, քան երթեւեկության համար փակել Կորյուն-Մաշտոցի պողոտա հատվածը՝ մինչեւ Մոսկովյան փողոցի խաչմերուկը: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար էլ այդ փաստը, թերեւս, անսպասելի ու ոգեւորիչ էր, որովհետեւ նա Մատենադարանի հարթակից, մինչեւ իր ելույթը, ժամանակ առ ժամանակ մոտենում էր հարթակին՝ հոծ զանգվածը տեսնելու համար: Թերեւս հենց այդ փաստը ոգեւորություն հաղորդեց ՀԱԿ-ին, որը հանրահավաքում հնչած երեք-չորս ու Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանի ելույթից հետո որոշում կայացրեց երթով գնալ եւ վերանվաճել Ազատության հրապարակը: Մատենադարանում հնչած ելույթներին մենք չենք անդրադառնա՝ անկախ դրանց նշանակությունից, որովհետեւ դրանք Ազատության հրապարակ մտնելուց հետո մի տեսակ ժամանակավրեպ են թվում:

Արժե, թերեւս, հիշատակել միայն հան րահավաքը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հորդորը՝ ուղղված հանրահավաքի «Հիմա» պահանջող, նրա հաշվարկով՝ 100 հազարանոց մասնակիցներին. «Համբերեք, համբերեք, ժողովո՛ւրդ: Մեր առավելությունն այն է, որ մենք խելքով ենք գործում, ոչ թե էմոցիայով: Անշուշտ, էմոցիան շատ է անհրաժեշտ, տարիների լարվածությունը մեզ պրկել է, մենք սթրեսներ ենք ապրել, բայց դա չի նշանակում, որ մեր քայլերը հաշվարկով ու խելքով չպետք է անենք: Մեր ծրագրերում հաշվարկը միշտ էմոցիաներին գերիշխելու է, ու դրա արդյունքում դուք ձեր պահանջի իրականացնողը, վկան ու ուրախացողը կլինեք»:

Հանրահավաքի եզրափակիչ՝ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընդդիմությունը կատարում է իր՝ Ազատության հրապարակը վերանվաճելու խոստումը, եւ հանրահավաքի մասնակիցների երթը գնալու ու մտնելու է Ազատության հրապարակ:

Դեռ մինչեւ այդ երթի մեկնարկը՝ Ազատության հրապարակի բոլոր մուտքերն արդեն պաշարել էին սաղավարտավոր, մահակավոր ու էլեկտրաշոկերով զինված ոստիկանները: Հատկապես ուժեղացված էր Թումանյան փողոցից հրապարակ տանող մուտքը: Ազատության հրապարակը կարելի կլիներ ամայացված համարել, եթե միայն այնտեղ չլիներ հացադուլ հայտարարած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մի քանի տասնյակ համակիրներով: Մեր երկրի իշխանությունները՝ ի դեմս ոստիկանության ու քաղաքապետարանի, երեկ սահմանափակել էին ոչ միայն ընդդիմադիրների, այլեւ ՀՀ որեւէ քաղաքացու, բացառությամբ լրագրողների, մուտքը հրապարակ: Այն միջոցառումները, որոնք վկայակոչելով՝ քաղաքապետարանը խոչընդոտում էր ՀԱԿ-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել, այս անգամ քաղաքապետարանն ինքն էր չեղյալ համարել:

Հանրահավաքի մասնակիցների երթը հասնելով Մաշտոցի պողոտա՝ մի տեւական ժամանակ կանգ առավ: Մարդիկ տարբեր հատվածներից փորձում էին մուտք գործել Ազատության հրապարակ, բայց ապարդյուն: Երթի մասնակիցները, ըստ էության, պաշարել էին հրապարակի՝ Մաշտոցի պողոտայի եւ Թումանյան փողոցի երեք մուտքերը եւ անընդհատ վանկարկում էին «Ազատություն», «Հիմա», «Լեւոն, նախագահ» կարգախոսները: Թերեւս հասկանալով, որ հոծ զանգվածին դիմակայելը կարող է հերթական միջադեպ կամ բախում դառնալ, ոստիկանները ձեւ արեցին, թե բանակցում են ՀԱԿ առաջնորդների հետ, իսկ այդ ընթացքում Թումանյան փողոցի կողմից մարդիկ ուղղակի ճեղքելով ոստիկանության օղակը՝ մտան հրապարակ: Ոստիկանությանն այլ բան, քան ապաշրջափակել հրապարակի մյուս մուտքերը, ուղղակի չէր մնացել: Ցուցարարները ծափողջույններով ճանապարհեցին հրապարակը լքող ոստիկաններին: Մարդիկ անասելի ոգեւորություն էին ապրում, իրար ձեռք սեղմում, ողջագուրվում ու ծափահարում էին: Առ ժամանակ հետո քաղաքապետարանի միջոցառման համար հրապարակում տեղադրված հարթակը լուսավորվեց, տեղադրվեցին բարձրախոսներ, ամբիոն, ու ընդդիմության երկրորդ հանրահավաքը, դրա մասնակիցների մի լավ պարելուց հետո, մեկնարկեց:

Առաջին ելույթը երեք տարի անց վերանվաճված կամ ազատագրված Ազատության հրապարակում Արամ Մանուկյանն ունեցավ. «Ժողովուրդ, աչքներդ լույս, Ազատության հրապարակն արդեն ազատագրված է, սակայն սա դեռ հաղթանակի ավարտը չէ, այլ առաջին ծանր, պատվով ձեռք բերված արժանապատիվ փոքրիկ հաղթանակն է: Մեր ծանր մաքառումներով, զոհերով, քաղբանտարկյալներով, արտագաղթով լի անցած երեք տարին ավարտվում է իր տրամաբանական եւ արժանապատիվ հաղթանակով: Միայն չկարծեք, թե ամեն ինչ արված է: Մեկ խնդրանք՝ վստահեք Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Նա հավաստիացրեց, թե «ամեն ինչ արվում է հաշվարկով եւ համաձայնեցված շատ տարբեր գործոնների հետ՝ միջազգային հանրության, կառույցների, ներսի կառույցների, իշխանական օղակների հետ: Միայն մեր հրահանգները պետք է կատարեք ու հավատացեք՝ հաղթանակը շուտով մերը կլինի»:

Ազատության հրապարակում էր նաեւ երեկ ազատ արձակված ու արդեն նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանը: Նա կարճ խոսեց. «Խոնարհվում եմ ժողովրդի առաջ: Եթե չլինեիք դուք եւ այս օրը, ես հիմա այստեղ չէի լինի: Ցանկանում եմ, որ մյուս քաղբանտարկյալներն էլ ազատ արձակվեն, ինչին հասնելու ենք ամեն գնով: Մենք ազատության մեջ ենք ՀԱԿ-ի պայքարի շնորհիվ»:

Իր ելույթում ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը շնորհավորեց հանրահավաքի մասնակիցներին՝ ասելով, որ հենց նրանք ցույց տվեցին, որ մեր երկիրը ապագա ունի. «Կասկած չկա, որ հասնելու ենք մեր նպատակներին՝ ազատ ենք արձակելու քաղբանտարկյալներին եւ երկրում հաստատելու ենք օրինական իշխանություն: Երկիրը այս վիճակից կարող է հանել միայն ձեր կողմից վստահված իշխանությունը»:

2008թ. փետրվարի 29-ից հետո առաջին անգամ Ազատության հրապարակում ելույթ ունեցավ նաեւ Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Տվյալ պահի գլխավոր խնդիրներն են. առաջին՝ քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, եւ դա, ի վերջո, լինելու է շատ շուտով, չկասկածեք: Երկրորդ՝ Ազատության հրապարակում արտոնված հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը: Դա նույնպես տեղի է ունենալու: Երրորդ՝ իշխանությունը այսօր եւեթ անհապաղ պետք է հավաստիացնի մեր ազգին, ժողովրդին, որ պետությունը բացահայտելու է մարտի 1-ի բոլոր սպանությունները, եւ դրա բոլոր մեղավորները կանգնելու են արդարադատության առջեւ»: Նրա ասելով, պետությունը պարտավոր է այդ սպանությունների հեղինակը լինելով հանդերձ՝ դա անել, «քանի որ հաջորդ իշխանությունները եւ անկախ միջազգային կառույցները, միեւնույն է՝ դրանք բացահայտելու են»: Նա հանրահավաքի մասնակիցներին խնդրեց՝ «ոչ ոք թող չկասկածի մեր հաջողությանը», ասաց, որ հանրահավաքային հռետորաբանությունն ավարտվեց, բայց «մեր խնդիրը մեկ օրում լուծվելիք խնդիր չէ: Երկար էլ չի տեւի, մի մտահոգվեք, կարճատեւ, բայց համակարգված, զուսպ, ինքնավստահ՝ այստեղ հաղթելու է կամքը, եւ ես դրանում չեմ կասկածում»: Հավաքվածներին բարի գիշեր մաղթելուց առաջ Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հաջորդ հանրահավաքը եւս կանցկացվի Ազատության հրապարակում՝ հավելելով, որ դրա մասին այս անգամ ոչ թե ՀԱԿ-ն է իրազեկելու, այլ հանրահավաքի 100 հազար մասնակիցները:

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին: Ու եթե քաղաքապետարանն ի գիտություն չընդունի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրազեկումը, ՀԱԿ-ը հանրահավաքը կանի Մատենադարանում, որտեղ էլ կորոշվեն հետագա քայլերը: Երեկվա հանրահավաքի ավարտից առաջ այդ մասին հայտարարեց Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել