ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում մարտի 16-ին գրանցվել է «Հնչակյան» կուսակցությունը:
Այս կուսակցության հիմնադիրները երկու տարի առաջ Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունից սկանդալային պատմություններով հեռացած-հեռացվածներն են՝ Վահան Շիրխանյան, Վարդան Խաչատրյան, Գեւորգ Պերկուպերկյան (ատենապետ), Նարեկ Գալստյան, Արսեն Կուպելյան եւ այլք: Հիշեցնենք, որ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր թիմակիցների հետ վերջիններիս մեղադրեց համահնչակյան կառույցի ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ միասին իշխանություններին ծախվելու մեջ: Իսկ հեռացած-հեռացվածներն իրենց հերթին Սարգսյանին ու իր թիմակիցներին մեղադրում էին Հայ ազգային կոնգրեսի կամակատարն ու կցորդը դառնալու մեջ: Դեռ անցած տարեվերջին պետք է հեռացած-հեռացվածները նոր կուսակցություն գրանցեին, համագումար հրավիրեին եւ ամեն ինչ իր տեղը դնելով՝ փակեին հնչակյանների պառակտման արդեն երկու տարի շարունակվող թեման: Երեկ «Առավոտը» Նարեկ Գալստյանից փորձեց պարզաբանումներ եւ մեկնաբանություններ ստանալ: Վերջինս ասաց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում «Հնչակյան» կուսակցության ղեկավարությունը մամուլի ասուլիս կհրավիրի, եւ բոլոր շահագրգիռ կողմերը կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: «Այս պահին, ձեր թույլտվությամբ, ձեռնպահ մնամ բոլոր հնարավոր մեկնաբանություններից»,- ասաց Նարեկ Գալստյանը: HayNews.am կայքը փոխանցում է, որ «Հնչակյան» կուսակցությունն ունի Սփյուռքի կառույցների եւ Կենտրոնական վարչության անվերապահ աջակցությունը եւ շատ շուտով վերսկսելու է ակտիվ քաղաքական գործունեությունը:
Երեկ այս առիթով ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի հետ զրույցում էլ տեղեկացանք, որ Գեւորգ Պերկուպերկյանն էլ դիմել է դատախազություն՝ ընդդեմ տիկին Սարգսյանի: Պերկուպերկյանը պնդում է, որ Լյուդմիլա Սարգսյանն անօրինական զավթել է կուսակցության ատենապետի աթոռը, որ օրինական ատենապետն ինքն է եւ խնդրում է իրավապահների միջնորդությունը՝ Սարգսյանից կուսակցության կնիքը բռնագրավելու ու իրեն վերադարձնելու համար: Այս առիթով Լյուդմիլա Սարգսյանը զայրացած-զարմացած էր. «Այդ տղան կամ հիմար է, կամ էլ շատ փուչ գործիք է»: Հիշեցնենք, որ կուսակցության «կնիքի գործով» ՀՀ երկու դատական ատյաններում անցած տարի հօգուտ լյուդմիլասարգսյանականների վճիռներ ընդունվեցին: Այնուհանդերձ, դատախազությունը բողոքն ուղարկել է ոստիկանություն, վերջիններս էլ տիկին Սարգսյանին են անհանգստացրել հեռախոսազանգով, ապա այցելել են կուսակցության գրասենյակ ու հենց այնտեղ էլ իրենց համար պարզել ու ծանոթացել են «կնիքի գործով» օրինական ուժի մեջ մտած վճիռներին: Տիկին Սարգսյանը խիստ կասկածում է, որ հայրենի դատախազությունն ու ոստիկանությունն անտեղյակ էին արդեն երկու տարի ընթացող կուսակցական այս վեճից ու դատարաններում կայացած վճիռներից: Պերկուպերկյանի բողոքն ու դրան այդպիսի օպերատիվ արձագանքը նրան զարմացնում է, ու դա որակում է ընդամենն իր քաղաքական ակտիվությունը սանձելու փորձ: Իսկ Պերկուպերկյանին անվանում է «ոստիկանության գործակալ»: Անկախ ամեն ինչից՝ ասում է, որ ինքը եւ իր կուսակիցները շարունակելու են իրենց խիստ ընդդիմադիր կեցվածքը՝ չվախենալով ոչ դատախազության, ոչ ոստիկանության, ոչ էլ առավել եւս՝ Պերկուպերկյանի ոտնձգություններից: Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենք մտավոր սեփականության գրասենյակում գրանցել են ՍԴՀԿ դրոշն ու զինանշանը՝ զրկելով «Հնչակյաններին» կուսակցության ատրիբուտներն օգտագործելու հնարավորությունից: Այս ամենի առիթով Լյուդմիլա Սարգսյանի դիտարկումները հետեւյալն են. «Իրենք միջանցիկ լուծում են փորձում գտնել, որպեսզի Սեդրակը դեռեւս կարողանա գոյատեւել Կենտրոնական վարչությունում: Ես տեղյակ եմ, որ նրա հետագա պաշտոնավարման հարցը բավականին սուր է դրված»: Ինչ մնում է նոր կուսակցության գրանցմանը, մեր զրուցակիցը վստահ է, որ անկախ հակառակ թեւի հավաստիացումներից՝ համահնչակյան Կենտրոնի հետ հակասություններ են լինելու, քանի որ՝ «Նույն անվան տակ չեն հանդես գալիս: Ինչ էլ ուզում է անեն՝ ավանդական հնչակյան կուսակցությունը Հայաստանում շարունակում է ներկայացնել ՍԴՀԿ-ն՝ իր պատմությամբ եւ կուսակցական ատրիբուտներով: Սա Սեդրակ Աճեմյանի եւ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական ավանտյուրա է: Իրենք, միեւնույն է, չեն կայանալու, ի վիճակի չեն որեւէ քաղաքական գործունեությամբ զբաղվելու, եւ այդ կուսակցությունը երբեւէ դեմքերի կուսակցություն չի կարող դառնալ, քանի որ դրա հիմնադրումը քաղաքական հիմքեր չի պարունակում»:
Հ. Գ. «Հնչակյանները» երեկ ձեռնպահ էին մնում մեկնաբանություններից, սակայն հուսով ենք, որ առաջիկայում կարձագանքեն տիկին Սարգսյանի հնչեցրած մեղադրանքներին: