Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ՝ ՇՈՈՒԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՆԵՐԸ

Մարտ 17,2011 00:00

\"\"Մեկնաբանում են հոգեւորականն ու ցեղակրոնը

Տոնը բերկրանքով, համապատասխան ծիսակարգ ու արարողակարգ ենթադրող այն իրադարձությունն է, որի մեջ մարդիկ հոգեւոր եւ մարմնավոր լիցքավորում են ապրում: Տոները ծագում են մարդկանց ներաշխարհից, ներքին կենսական մղումներից եւ ունեն նույն գլխավոր խորհուրդը՝ մարդկանց մեջ նորոգել-թարմացնել նրանց որակներն ու հոգեգծերը: Տոները նաեւ մարդկանց միավորելու, նրանց մեջ ընդհանուր նպատակներ սերմանելու առաքելություն ունեն: Անուրանալի է նաեւ տոների դերը մարդկանց ու բնության կապի, մարդու մեջ բնականի վերահաստատման առումով: Մեր պապերն ու տատերը վկայում են, որ իրենց փոքր տարիքում տոնվող տոները (Վարդավառը, Զատիկը, Ամանորը, Խաղողօրհնեքը…) իրենց վրա հենց այն ազդեցություններն են թողել, որոնք նշվեցին:
Տոների (օրինակ՝ Նավասարդի) պատմությունն էլ է դա վկայում: Ի՞նչ պատահեց տոնասեր, շուքով ու ցնծությամբ տոներ նշող հայի հետ, որ այսօր նրա տոները դարձել են ձեւական, կարծես անիմաստ, չաշխատելու համար օր կամ հերթական շոու: Այս թեմայով զրուցեցինք տեր Աբրահամ քահանա Մալխասյանի եւ ԵՊՀ դոցենտ Սուրեն Մանուկյանի հետ: Նրանց երկուսին էլ տվեցինք հետեւյալ հարցերը՝ ի՞նչ ընդհանրություն կա հայի կողմից տոնվող տոների եւ մինչքրիստոնեական տոների միջեւ: Տոնը ենթադրում է բուռն ուրախություն եւ ցնծություն, ինչպես նաեւ՝ տոնի խորհրդի ներքին խորը վերապրում: Ինչո՞ւ այսօր հայը իր տոները տոնելիս այդ ապրումները չի ունենում: Տեր Աբրահամը պատասխանեց, որ դրանց միջեւ ընդհանրությունն այն է, որ հայ եկեղեցին պահպանել է ազգային տոները: Քրիստոնեական եկեղեցին պահպանել է ազգային տարրերը, սակայն նոր բացատրություն է տվել: Այն տարրերը, որոնք հակառակ են քրիստոնեական ուսուցումին, եկեղեցին որոշակի ձեռնպահություն է ցուցաբերում: Նույն հարցին պատասխանեց նաեւ հայ ազգային տոների խորհրդով զբաղվող, ցեղակրոն Ս. Մանուկյանը: Նա կարծում է, որ այսօր հայի կողմից տոնվող եկեղեցական տոների եւ մինչ քրիստոնեության ընդունումը նշվողների միջեւ ոչ մի ընդհանրություն չկա, դրանք արտահայտում են տարբեր խորհուրդներ՝ առաջինները հուդդա-քրիստոնեական, իսկ երկրորդները՝ զուտ ազգային: Իսկ այսօր տոնվող ազգային տոների (Վարդավառ, Զատիկ, Նոր տարի…) եւ հեթանոսական ժամանակներում տոնվողների միջեւ, ըստ նրա, այնուամենայնիվ, որոշ ընդհանրություն կա:
Հոգեւորականը կարծում է, որ տոնի առումով քրիստոնեական ցնծությունն այն է, որ մարդու ներաշխարհը հանգիստ է եւ հենց այդ հանգստության մեջ է նրա ուրախությունը. «Այդ ուրախությունն ունի նաեւ սահմաններ եւ յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի ու դուրս չգա այդ սահմանից, քանի որ որոշակի սահմանից հետո ուրախությունը վերածվում է լպիրշության»:
Ցեղակրոնն այլ կարծիքի է. հայը տոները նշելիս ըստ ամենայնի խինդ ու ցնծություն չի ապրում, որովհետեւ եկեղեցական տոները նրա հոգուն բնավ հարազատ չեն, իսկ երբ նա նախնյաց տոներն է նշում, դրանց իմաստները ոչ լիովին է հասկանում, հետեւաբար էլ ի՞նչ ցնծության մասին կարող է խոսք լինել: Ո՞վ է ճիշտ՝ ցույց կտա ապագան: Անձամբ իմ կարծիքով, գուցե եկեղեցական եւ ազգային տոները միմյանցից տարբեր բաներ են, եւ այսօր հայը իր տոներից բան չի հասկանում, որովհետեւ դրանք հաճախ խառնվում են միմյանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել