Խաղաղության ճապոնական «Նիվանո» հիմնադրամն իր ամենամյա մրցանակը հանձնել է թաիլանդցի բուդդայական առաջնորդ Սուլակ Սիվարակսեին:
Մրցանակի հանձնման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Սուլակ Սիվարակսեն «ականավոր եւ բազմակողմանի բուդդայական առաջնորդ է, ում՝ հանուն խաղաղության աշխատանքը աչքի է ընկնում խիզախությամբ, վճռականությամբ, երեւակայությամբ եւ մշտական ոգեւորությամբ, որոնք գալիս են բուդդայականության հիմնական սկզբունքներից: Սուլակն օգնել է փոխել Թաիլանդի, Ասիայի եւ ողջ աշխարհի քաղաքական գործիչների, գիտնականների եւ երիտասարդության հայացքները՝ ներշնչելով նրանց խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման նոր ընկալում: Նա մարտահրավեր է նետում աղքատների հիմնախնդիրները ոտնահարող համընդհանուր մոտեցումներին»:
Մրցանակակիրը հիմնել է մի քանի բարեգործական կազմակերպություններ եւ հրատարակել է 100-ից ավելի գիրք՝ քարոզելով բռնության չկիրառման, խաղաղության եւ արդարության բուդդայական սկզբունքները, ինչպես նաեւ հանդես գալով ի պաշտպանություն շրջակա միջավայրի: Շուրջ 243 հազար դոլար կազմող մրցանակի հանձնումը տեղի կունենա մայիսին՝ Տոկիոյում:
«Նիվանո» մրցանակը, որը երբեմն անվանում են «Կրոնական նոբելյան մրցանակ», սահմանվել է բուդդայական «Ռիսսյո Կոսեյ-կայ» ինստիտուտի կողմից: Կազմակերպության հիմնադիր Նիկկյու Նիվանոն, ում անունն է կրում մրցանակը, կրոնների երկխոսությունը եւ փոխգործակցությունը համարում էր վճռորոշ՝ ողջ աշխարհում խաղաղության հասնելու համար:
Qahana.am-ը գրում է, որ տարբեր տարիների «Նիվանո» մրցանակակիրներ են եղել ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Պոտտերը (1986թ.), աստվածաբան Հանս Կյունգը (2005թ.) եւ Հորդանանի արքայազն Հասսան բեն Թալալը (2008թ.), ինչպես նաեւ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Համաշխարհային մահմեդական կոնգրեսը (1987թ.), «Րաբբիները հանուն մարդու իրավունքների» (2006թ.) եւ Հռոմի Սուրբ Էգիդիո համայնքը (1999թ.):