Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՂԱՅԱՄԱՆԻԱ» ԿԱՄ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Մարտ 17,2011 00:00

\"\"Ի՞նչ ազդեցություն դա ունի հղի կնոջ հոգեվիճակի վրա

Հայաստանն ավելի շատ եվրոպակա՞ն, թե՞ ասիական երկիր է: Այս հարցը մեզնից շատերն են թերեւս քննարկել: Եվ գուցե մեծամասնությունը  հակված է կարծելու, որ մենք նայում ենք ավելի շատ դեպի Եվրոպա, քան Արեւելք: Սակայն հոգեբանական եւ գաղափարական հարթությունում, միեւնույն է, մենք՝ հայերս, մնացել ենք նույն ասիացին:
«Առավոտի» հարցումը շուրջ 30 հայ տղամարդկանց շրջանում ցույց տվեց, որ այն հարցին, թե իրենք ի՞նչ սեռի զավակ են ցանկացել ունենալ կամ կցանկանային ունենալ, նրանցից ընդամենը 3-ը պատասխանեց՝ աղջիկ: Սա էլ այն պատճառով, որ իրենք արդեն ունեն տղա զավակ: Եվրոպացիների հետ շփումներ ունեցած անձինք, թերեւս, կփաստեն, որ եվրոպական միջավայրում նշված հարցն անգամ չի էլ առաջանում, էլ ուր մնաց՝ սեռից կախված խտրականություն դնեն երեխաների միջեւ: Բայց արի ու տես, որ հայ հասարակության մեջ դեռ իշխում են կարծրատիպերը, որոնք հաճախ հիվանդագին դրսեւորումների են հասնում: Այն, որ հայ տղամարդը ավանդույթն ու իր նախնիների գաղափարախոսությունն աչքի առաջ ունենալով, դրանից ձերբազատվել դեռ չկարողանալով, երազում է արու զավակի մասին, ինչ-որ առումով կանխատեսելի է, բայց որ իրենք՝ կանայք են խտրականություն դնում երեխաների սեռի միջեւ, դա արդեն զարմանալի է:
Օրերս ականատես եղա մի միջադեպի, որն էլ փաստեց վերոնշյալ խոսքերի ճշմարտությունը: Նորապսակ զույգը, որ սպասում էր առաջին զավակին, առաջին անգամ բժիշկների օգնությամբ փորձում էր պարզել առաջնեկի սեռը: Նկատելի էր, որ թե՛ ապագա մայրիկը, թե՛ ապագա հայրիկը առանձնապես կարեւորություն չէին տալիս երեխայի սեռին: Եվ հանկարծ, բժշկուհին նվաղած եւ վախվորած ձայնով ասաց. «Պապային պետք է հիասթափեցնենք, աղջիկ է»: Այս խոսքերին հետեւեց ապագա հայրիկի նախատինքը, թե իր համար ոչ մի տարբերություն չկա՝ ապագա բալիկը տղա է, թե աղջիկ: Իսկ հարեւան սենյակում, երբ մեկ ուրիշ ապագա մայրիկ ասաց, որ ինքը արական սեռի բալիկ է սպասում, գինեկոլոգը կարծես մի տեսակ թեթեւացած նրան ասաց. «Շատ լավ է, պրծար»:
 Իհարկե, այսպիսի միջադեպերն ու վերաբերմունքը անհետեւանք չեն անցնում հղի կնոջ համար: Սա են փաստում նաեւ հոգեբանները: «Առավոտը» նշված խնդրի կապակցությամբ մանրամասներ պարզեց հոգեբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի ասիստենտ Լիլիթ Գարգրցյանից: Նա նշեց. «Հղիությունը օրգանիզմի յուրահատուկ վիճակ է, որի ընթացքում տեղի են ունենում փոփոխություններ բոլոր ոլորտներում՝ ֆիզիկական, հորմոնալ, կառուցվածքային: Դրանով պայմանավորված՝ տեղի են ունենում նաեւ հոգեբանական գործընթացներ: Մայրության բերկրանքի, ուրախության հետ ապագա մայրիկի մեջ առաջանում են նաեւ բազում վախեր ու տագնապներ: Օրինակ՝ հղիության առաջին եռամսյակում մոր մոտ գերակայում է երեխային կորցնելու վախը, կան նաեւ որոշ տագնապներ իր կարգավիճակի փոփոխության հետ կապված: Հղիության 2-րդ եռամսյակը համեմատաբար ավելի թեթեւ է անցնում: Պտղի շարժի զգացողութունը դրական ազդեցություն է թողնում կնոջ հոգեվիճակի վրա: Բայց միեւնույն ժամանակ մեծանում է պատասխանատվության զգացողությունը: Այստեղ մեծ է երեխայի հոր դերը, քանի որ պատասխանատվության կիսումը թեթեւացնում է կնոջ ապրումները: Հղիության վերջին եռամսյակում գերակշռում է անհանգստությունը ծննդաբերության, իր եւ երեխայի առողջության առիթով»: Հոգեբանը նշեց, որ ապագա մայրիկի հոգեկան վիճակի հանգստության հարցում մեծ դերակատարություն ունի նրա պատրաստվածությունը: Այնուհետեւ փաստեց. «Ցավոք, մեր երկրում չկա կանանց ծննդաբերության եւ մայրության պատրաստելու կարգը, այնինչ զարգացած երկրներում բազում դասընթացներ են կազմակերպվում, որոնց ընթացքում կանանց սովորեցնում են՝ ինչպես իրեն պահել ծննդաբերության ժամանակ, ծանոթ լինել հնարավոր խնդիրներին, ինչպես սնվել, հանգստանալ եւ այլն: Իսկ մենք բախվում ենք մի իրավիճակի հետ, երբ կինը չի էլ գիտակցում՝ իր հետ ինչ է կատարվելու, շատ անգամ ծնողները չեն կարողանում առաջին երեխային ապահովել նախնական խնամքով»: Փաստորեն, հասարակությունն ավելի շատ խանգարում, քան օգնում է հղի կնոջը: Դառնալով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կնոջը երեխայի սեռի նկատմամբ նախատրամադրելը, հոգեբանը նշեց. «Եթե կինն անպայման սպասում է որոշակի սեռի երեխայի, ապա երբ պարզվում է, որ իր ցանկացածն ու երեխայի սեռը չեն համընկնում, դա կարող է բերել նրան, որ մայրիկը ենթագիտակցաբար մերժողական վերաբերմունք ունենա իր երեխայի հանդեպ: Հետագայում հնարավոր է ծնող-երեխա հարաբերությունները ներդաշնակ չլինեն»: Իսկ «Առավոտի» ներկայացրած միջադեպի մասին Լ. Գարգրցյանն ասաց. «Դա, իհարկե, էթիկապես ճիշտ չէ, ուղղակի մեզանում էթիկական հարցերի կարգավորում չկա: Իսկ ինչ վերաբերում է անպայման տղա զավակ ունենալու ցանկությանը, ապա դրա առաջին պատճառներից է այն, որ մեր հասարակությունը տղամարդակենտրոն է: Մյուս կողմից էլ արական սեռն ավելի խոցելի է, վիժումների մեծ մասը արական սեռի երեխաների դեպքում է գրանցվում, մանկածնությունը մեծ է տղաների շրջանում, կյանքի տարբեր տեսակի աղետների ժամանակ մեծ է տղամարդկանց կորստի տոկոսը եւ այլն: Բացի այդ, արական սեռը կրում է կարգավիճակային գերակայություն, նա միշտ ավելի լավ պաշտոնների է հասնում, իշխանություն ունի, այդ պատճառով էլ արական սեռի զավակի ծնունդը հիմնականում ավելի գերադասելի է»: Անդրադառնալով զուտ հայ հասարակությանը բնորոշ պատճառներին՝ հոգեբանը նկատեց. «Քանի որ հայերի համար ցեղի, ազգանվան շարունակությունը կապվում է տղա զավակի հետ, ապա դա մեծացնում է հատկապես տղամարդկանց շրջանում արական սեռի զավակ ունենալու ցանկությունը: Հայ հասարակության շրջանում տղա զավակի հետ է կապվում ծերության ընթացքում ծնողների կողքին լինելը: Իսկ այս խնդիրը չկա արեւմտյան հասարակություններում, որտեղ արդեն վաղուց ընդլայնված ընտանիքով չեն ապրում: Իսկ երբ կանանց մեջ է առաջանում անպայման տղա երեխա ունենալու ցանկությունը, այստեղ տարբերություն իրականում չկա, քանի որ այս ամենը նստած է մեր ենթագիտակցական մակարդակում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել