«Առավոտի» մարտի 12-ի համարում տպագրված «Երբ կողմերն իրենց պարտականությունները չեն կատարում» հոդվածում ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար Սամվել Հարությունյանը, որ սպասարկել է նաեւ Պեկինի օլիմպիական խաղերը, խոսել էր հանրապետության առաջնությունների կազմակերպման տեխնիկական խոչընդոտների մասին՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան դրանք վերացնելու նպատակով վերջին երկու տարիներին բավականին աշխատանք է կատարել:
Հարցազրույցի ընթացքում շոշափվել էին նաեւ ոչ պակաս կարեւոր այլ խնդիրներ, մասնավորապես՝ մեզանում մրցումների ժամանակ մրցավար-մարզիչ անցանկալի փոխհարաբերությունների պատճառներն ու դրանց վերացման ուղիները, որոնց մասնագետը տալիս է իր գնահատականները:
– Պարոն Հարությունյան, մարզիչներն էլ, մրցավարներն էլ ծառայում են ըմբշամարտին: Սակայն հանրապետության առաջնություններում նրանց միջեւ հաճախ են տարաձայնություններ առաջանում, որոնք ավարտվում են տհաճ միջադեպերով: Որո՞նք են պատճառները:
– Միանշանակ պատասխանել դժվար է, բայց իմ դիտարկումներով՝ դա ավելի շատ գալիս է անձնական մարզիչներից, ավելի ստույգ նրանց՝ մրցավարական կանոնների նրբությունները չիմանալուց: Այսպես ասում եմ, որովհետեւ ես գոտեմարտերին մրցավարի աչքերով եմ նայում:
– Բայց նույն մարզիչներն իրենց սաներին մարզում ու նախապատրաստում են ՖԻԼԱ-ի ընդունած կանոնների շրջանակներում:
– Այո: Նրանք, ճիշտ կլինի ասել՝ մարզիչների մեծ մասը, գիտեն այն, ինչը հասանելի է միայն դահլիճում մարզում անցկացնողին: Իսկ մրցավարությունը տարբերվում է մարզչություն անելուց: Մրցավարական բազմաթիվ նրբություններ կան, որոնց մարզիչները տեղյակ չեն: Այստեղից էլ գալիս են նրանց դժգոհությունները, բողոքները՝ իրենց բոլոր հետեւանքներով: Մեր մարզիչներից շատերը, չգիտես ինչու, տարանջատում են միջազգային մրցումները հանրապետականներից եւ տարբեր վարքագիծ են դրսեւորում: Օրինակ, բավականին մեծ թվով անձնական մարզիչներ հավաքականների հետ բազմիցս ներկա են եղել միջազգային մրցումների, Եվրոպայի, անգամ՝ աշխարհի առաջնությունների ու շատ լավ գիտեն ՖԻԼԱ-ի օրենքները: Քաջատեղյակ են, որ արգելված է մոտենալ ՖԻԼԱ-ի ներկայացուցչին, գորգի ղեկավարին, միջամտել մրցավարական հանձնաժողովի աշխատանքին: Եթե մարզիչը համաձայն չէ գորգի մրցավարի որոշմանը, դրա համար կան կարմիր եւ կապույտ բարձիկներ, որոնք լուսատախտակի վրա նրա համար կասկածելի թիվը վառվելու պահին պետք է նետել մրցագորգ: Այդ ժամանակ մրցավարական հանձնաժողովն առանց օտար մարդկանց ներկայության (այդ թվում՝ նաեւ մարզիչների) հեռուստաէկրանին դիտում է տեսագրությունը եւ իր վերջնական որոշումը կայացնում: Բայց Հայաստանի առաջնություններում մեր մարզիչներն այս ամենն անտեսում են:
– Այսինքն, օրենքներն իմանալով ոտնահարո՞ւմ են:
– Ասածս բոլորին չի վերաբերում, այլ անձնական մարզիչների մի որոշ մասի: Եվ ցավալին այն է, որ այդպիսիք, ցավոք, ըմբշամարտի տարրական կանոններին անգամ չեն տիրապետում: Օրինակ, նրանք չգիտեն, որ մաքուր հաղթանակի (տուշե) դեպքում բողոքարկում չի ընդունվում, որ մեկ մրցափուլում, անկախ լուսատախտակի վրա վառվող միավորների հարաբերակցությունից, եթե ըմբիշներից մեկը երկու անգամ երեք միավորանոց հնարք է կատարում, մարտը դադարեցվում է եւ մրցափուլը գրանցվում տվյալ մարզիկի օգտին: Այսպիսի տարրական կանոնները չիմանալուց է, որ անձնական մարզիչը երբեմն տուրք է տալիս զգացմունքներին, ինչն ազդում է նաեւ նրա սանի հոգեբանության ու վարքագծի վրա: Հայաստանի վերջին առաջնության ժամանակ հենց այսպիսի դրվագ եղավ եւ միջազգային կարգի մրցավար Աշոտ Խաչատրյանը հարկադրված մարզիչներին եւ հանդիսականին բարձրախոսով բացատրեց ՖԻԼԱ-ի այս կանոնը: Բայց որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ամեն ինչ բարդվում է միայն մարզիչների վրա, պիտի ասեմ, որ որոշ դեպքերում պատճառ դառնում են նաեւ մրցավարները՝ իրենց անվստահ գործողություններով:
– Խնդիրն առկա է: Դրա վերացման ի՞նչ ուղիներ եք տեսնում:
– Արդեն ասել եմ, որ ֆեդերացիան կոնկրետ քայլեր անում է, եւ դրական տեղաշարժը երեւաց արդեն վերջերս անցկացված ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում: Ֆեդերացիան երկու տարի մրցավարական սեմինարներ է կազմակերպել, որոնք տալիս են իրենց պտուղները: Այս տարի նախատեսվում է երկուսը՝ գարնանը եւ աշնանը: Կարծում եմ, որ կարգազանցության դեպքում արդեն կարելի է կիրառել նաեւ ֆինանսական պատժամիջոցներ, որոնք կզսպեն այս կամ այն կազմակերպությունը ներկայացնող թե մարզիչներին, թե ըմբիշներին: Իմանալով, որ եւ մրցավարները, եւ մարզիչներն առանձնապես լեզու սովորելու ցանկություն ու ձգտում չունեն, առանց որի առաջընթաց հնարավոր չէ, ինքս ժամանակին թարգմանել եմ ՖԻԼԱ-ի կանոնները, որոնք բաժանվել են հանրապետության ողջ տարածքում: Հիմա էլ ավարտում եմ նոր փոփոխությունների թարգմանությունը: Բայց բարեփոխումների արդյունավետությունն այն չի լինի, եթե իրենք՝ մարզիչներն ու մրցավարները գիտելիքները հարստացնել չցանկանան:
– Ի՞նչը նկատի ունեք:
– Նշածս սեմինարների դռները բաց են բոլորի համար: Ինքս բազմիցս հորդորել եմ թե մրցավարներին, թե մարզիչներին՝ մասնակցել դրանց, յուրացնել կանոններում հաճախ կատարվող նոր փոփոխություններն ու պահանջները, որոնք, եթե արդյունք ցույց տալու ցանկություն կա, նաեւ մարզումային մեթոդիկայի փոփոխություն են ենթադրում: Բայց ոգեւորությունն ու պատրաստակամությունն է պակասում: Հիմա մտածում եմ Հայաստանում մրցավարական դպրոց հիմնելու մասին: Դեռ պիտի խորհրդակցեմ ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի ղեկավարության հետ: Եթե ընդհանուր համաձայնության գանք, մասնագիտական անհրաժեշտ աջակցություն ստանալու նպատակով կդիմեմ ՖԻԼԱ-ի մարզչական հանձնաժողովի նախագահ, ՖԻԼԱ-ի դելեգատ, իմ ուսուցիչ Ստեփան Ղազարյանին, որի անունով ուզում եմ կոչել դպրոցը:
– Դպրոցում ի՞նչ է դասավանդվելու:
– ՖԻԼԱ-ի կանոնները, պաշտոնական լեզուները՝ անգլերեն եւ ֆրանսերեն: Կցուցադրվեն ֆիլմեր, կկազմակերպվեն քննարկումներ: Մասնակիցներին կընդգրկենք հանրապետության առաջնությունները սպասարկող անձնակազմեր, կտանենք միջազգային մրցումների. թող տեսնեն, սովորեն:
– Մենք քանի՞ միջազգային կարգի մրցավար ունենք: Նրանց մասնագիտական ունակությունները համապատասխանո՞ւմ են միջազգային պահանջներին:
– Տասներեք, որից չորսը քարտուղար է, այսինքն՝ գորգում չի աշխատում: Ինչ վերաբերում է մասնագիտական գիտելիքներին, կասեի՝ բավարար: Բայց նայած, թե ում հետ ես համեմատում: Եվրոպայոում երկրներ կան, որտեղ ըմբշամարտը զարգացած չէ: Այդ երկրների մրցավարներին ես կոչում եմ գրքային: Բայց արի ու տես, որ այդպիսիք անգամ աշխարհի առաջնություններ են սպասարկում:
– Ձեր կարծիքով՝ մրցավարական դպրոց ստեղծելն իսկապե՞ս անհրաժեշտություն է:
– Այո, որովհետեւ նախ Հայաստանի առաջնությունների կազմակերպման հիմքերն ենք ուզում բարձրացնել, ապա ցանկանում ենք, որ մեր մրցավարները միջազգային ասպարեզներում մեր երկիրն արժանապատիվ ներկայացնեն: Իմ կենսագրությունից մի դրվագ հիշեցի: Երբ Ստեփան Ղազարյանն ինձ մարզչություն էր սովորեցնում, ասում էր, որ կանգնեմ հայելու առջեւ եւ միավորներ ցույց տամ: Սկզբնական շրջանում մտածում էի, թե կատակում է: Միայն հետո հասկացա, որ իրականում մրցավարն է գորգի տերը եւ նրա ինքնավստահությունն ու գործողությունների հստակությունն անչափ մեծ դերակատարություն ունեն թե գոտեմարտի ընթացքի եւ ավարտի, թե հենց մրցավարի հետագա ճանաչման ու առաջընթացի հարցերում: