Օրերս «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության բաց համաժողովում հրապարակել էր մի արտառոց փաստ: Ըստ նրա՝ մեր մշակութային ժառանգությունը քայքայող ու ոչնչացնող Թուրքիայից ենք բողոքում՝ «Իսկ մե՞նք ինչ ենք անում: Մայրաքաղաք Անիի դիմաց, սահմանի մեր կողմը կա Անիի գերեզմանոցը, պատմական քարայրներ: Մե՛նք, մե՛ր իշխանավորները պայթեցրել են մեր կողմի Անին՝ նաեւ բացասաբար անդրադառնալով մայրաքաղաք Անիի ավերակների վրա: Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա համար»:
Երեկ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանին խնդրեցինք մեկնաբանել Ր. Հովհաննիսյանի այս հայտարարությունը: «Այստեղ՝ Հայաստանի Հանրապետության ափին չկա գերեզմանոց, փոքր թվով վիմափոր շինություններ կային, բայց դրանք վիմափոր կացարաններ էին, ոչ թե գերեզմանոց: Վնասվելու «մասով» տեղեկությունը ճիշտ է, բայց համամիտ չեմ, որ հավասարության նշան կարելի է այդ ձեւով դնել… Իհարկե, վատ է, որ հայ ժողովուրդը իր տգիտության պատճառով վնաս է բերում սեփական մշակույթին: Այն, ինչ տեղի է ունեցել՝ տգիտության դրսեւորում է, չի կարելի զուտ գրպանի համար քարհանքը շահագործել… անշուշտ, սա մեր ամոթն է: 2000 թ. պայթեցումներ էին անում, հիմա գոնե վերջին տարիներին դադարեցրել են եւ պարզ եղանակներով են շահագործում, բայց գուցե նույնիսկ պարզ եղանակով էլ իրավունք չունեին այդ քարհանքերը շահագործել, մի՞թե ուրիշ տեղ Հայաստանում էլ քար չկա, չե՛մ հասկանում: Պիտի մի օր հասնենք նրան, որ էլ ոչ մի կորուստ չունենանք, եւ այդ ուղղությամբ աշխատանքները պետական մակարդակով արդեն տարվում են»,- ասաց հուշարձանագետը: Ըստ նրա, շատ հուշարձաններ տուժել են նաեւ գանձախուզության պատճառով, որոշներին Ս. Կարապետյանը անձամբ է ականատես եղել, օրինակ՝ Լոռվա մարզում գտնվող Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր վանքում վերջերս է եղել. «Հայաստանից հազարապատիկ ավելի գանձախուզություն կա Թուրքիայում, որովհետեւ դա էլ է պետական հովանու ներքո, թուրքական հեռուստատեսությունը ցուցադրում է Արեւմտյան Հայաստանի տարբեր գյուղերի բնակիչների, ինչ-որ դրամներ՝ դիմացները լցրած, ինքս տեսել եմ նման հաղորդումներ, հարցնում են՝ որտեղի՞ց գտաք, ասում է՝ հայկական գերեզմանոցից, հայկական եկեղեցու, հայերից մնացած տների միջից: Այս քարոզը, գովազդը հիվանդ վիճակի է հասցրել մեր Արեւմտյան Հայաստանում ապրող բազմահազար քրդերին ու թուրքերին՝ օր ու գիշեր քանդում են ու քանդում… Կրկնում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չպե՛տք է հավասարության նշան դներ Հայաստանում ու Թուրքիայում կատարվածի միջեւ՝ Թուրքիայում հուշարձաններն ավերվում են միայն նրա համար, որ հայկական են»: