Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացել են «Ոսկե ծիրանի» աստղերը

Մարտ 17,2011 00:00

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը տհաճություններին փիլիսոփայորեն է վերաբերվում

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անվանական աստղերը 3 օր առաջ «պոկել- տարել» են «Մոսկվա» կինոթատրոնի բակից: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը: Նրա ձեւակերպմամբ. «Անրի Վեռնոյի եւ Ռուբեն Մամուլյանի աստղերի թեւերն են պոկել, տառերը հավանաբար չեն կարողացել: Դրանք այնքան էլ մեծ նյութական արժեք չեն ներկայացնում՝ արույրից պատրաստված թիթեղիկներ են: Բարեբախտաբար, աստղերից երկուսն են կարողացել տանել, որովհետեւ մյուս երկուսը մենք հանել էինք՝ ամրացնելու համար»: 
Փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը դիտողություն արեց Մ. Ստամբոլցյանին, թե ինչո՞ւ այդքան տխուր թեմայով սկսեց ասուլիսը, վերջինս էլ շարունակեց. «Հուսահատվում ես նման վերաբերմունքից, նույնիսկ մտածում ես, թե այս ամեն ինչը ո՞ւմ համար ես անում: Բայց հետո, երբ հիշում ենք այն ոգեւորությունը, որ փառատոնի օրերին լինում է, նորից գոտեպնդվում ենք: Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին տհաճությունն է, որ փորձում են փառատոնին պատճառել: Արդեն սովորել ենք»:
Հ. Խաչատրյանը առաջարկեց «փակել» տխուր թեման, քանի որ ուրախալի լուր ունեն՝ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մարտի 11-27-ը Ազգային կինոարխիվը եւ «Պլանետա» կինոփառատոնը՝ «Սինեմապլանետա» 3-րդ փառատոնի շրջանակներում հետահայաց ցուցադրում են իր «Կոնդ», «Վավերագրող», «Վերադարձ ավետյաց երկիր», «Պոետի վերադարձը» եւ «Սահման» ֆիլմերը:
Մ. Ստամբոլցյանի հավաստմամբ՝ «Երբ որեւէ ռեժիսորի ռետրոսպեկտիվը ֆիլմ առ ֆիլմ կազմակերպվում է, դա նշանակում է, որ ռեժիսորին ընդունում են որպես՝ չասեմ դասական, ապա գոնե համաշխարհային կինոյի հիմնական ռեժիսորներից մեկը»:
Հ. Խաչատրյանն իր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների մասին ասաց. «Ես ինձ համարում եմ աշխատավոր մարդ, որը հիմնականում ծանր գործով է զբաղվում՝ ֆիլմը ծանր գործ է»:
Ռեժիսորը «պարծեցավ», որ ինքը երկրորդ հայ ռեժիսորն է, ում ֆիլմերը կցուցադրվեն Մեքսիկայի ազգային կինոարխիվում: Հիշեցնենք, որ 2011 թվականի փետրվարի 25-26ը Մեխիկոյում կայացել է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Մեխիկոյի ազգային կինոարխիվը ոչ միայն Մեքսիկայի ամենամեծ ֆիլմադարանն է, այլեւ՝ քաղաքի ամենամեծ կինոկենտրոններից մեկը, որն ունի 8 դահլիճ ու ամեն ամիս ցուցադրում է Մեքսիկայի եւ աշխարհի կինոյի լավագույն նմուշները:
Անդրադառնալով փառատոնի հանդեպ «ոտնձգություններին», Հ. Խաչատրյանն ասաց. «Ո՛չ բոլորն են երջանիկ մեր փառատոնով կամ ստացած մրցանակներով: Ով մրցանակ է ստանում մեր փառատոնում, ասում է՝ աշխարհի ամենալավ փառատոնն է, ով չի ստանում՝ ամենավատը… Արդեն նման դեպքերում ձայն չեմ հանում, որովհետեւ այդ բաներն այլեւս վրաս չեն ազդում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել