Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԵՐԸ» ՀՈՒԶԵՑ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Մարտ 17,2011 00:00

Մաթեւոսյանական շունչն ու «Էդգար Էլբակյան» թատրոնը

«Էդգար Էլբակյան» թատրոնում մարտի 16-ին պրեմիերա էր. Արմեն Էլբակյանը բեմադրել է հերթական ներկայացումը՝ ըստ Հրանտ Մաթեւոսյանի «Տերը» վիպակի: Բեմականացման հեղինակը Տիգրան Քելեմյանն է, դերերում Արմեն եւ Աննա Էլբակյաններն են, «Էդգար Էլբակյան» եւ «Մետրո» թատրոնի դերասաններ, թատերականի ուսանողներ: Չնայած նեղվածքին ու շենքային վատ պայմաններին, այստեղ ոչ միայն լավագույն գրողներին ու դրամատուրգներին են բեմադրում, այլեւ երիտասարդներին հնարավորություն տալիս դրսեւորվելու: Փոքրիկ թատրոնի բոլոր ներկայացումներն էլ ճաշակով են ու ասելիքի առումով՝ ուղիղ նշանակետին են խփում: Մաթեւոսյանից առաջ էլ «Էդգար Էլբակյան» թատրոնում Աղասի Այվազյանի գործն էր բեմադրվել:
Մաթեւոսյանական Ռոստոմին հրաշալի մարմնավորած Արմեն Էլբակյանը ներկայացման ավարտից հետո «Առավոտին» ասաց. «Գրականություն չսիրող ու չկարդացող ժամանակներում որոշել ենք մեր մեծ գրողներին վերադարձնել երիտասարդությանը: Հենց նոր 14 տարեկան մի տղա մոտեցավ ու ասաց՝ էս գործը («Տերը»- Գ. Հ.) չեմ կարդացել, պիտի գնամ ու կարդամ: Ափսոս, որ մի ներկայացման կամ ֆիլմի շրջանակներում մեծ գրականությունը հնարավոր չէ տեղավորել, մանավանդ, եթե դա թատրոնի համար չի գրված: Բայց թատրոնի պարտականությունն է՝ զգալ ժամանակի զարկերակը եւ մեծ գրողներին վերադարձնել ժողովրդին: Ինչքանո՞վ է դա հաջողվել՝ դատողը հանդիսատեսն է, եւ նրանք, ովքեր սիրում ու հասկանում են թատրոն: Ամեն դեպքում, մենք փորձել ենք մեր քաղաքացիական պարտքը կատարել: Առաջնախաղի պատճառով մի քիչ հուզված էինք, բայց ինչպես ես եւ Աննա Էլբակյանը, այնպես էլ բոլոր դերասանները, Մաթեւոսյանի ամեն բառին սիրով ու պատասխանատվությամբ ենք մոտեցել, փորձել ենք չկորցնել բառի արժեքը, հավատարիմ մնալ ոգուն»: Նա նաեւ հավելեց, որ ներկայացումը գրողի հոբելյանի մեջ «տեղավորելու», PR ակցիաներով զբաղվելու խնդիր թատրոնն իր առաջ չի դրել, կարեւորը մաթեւոսյանական խոսքի՝ հարթակ բարձրացնելն էր: Բեմադրությունն իսկապես հաջողված էր, դերասանական խաղը՝ համոզիչ, զարմանալի էր, որ փոքրիկ բեմում հաջողվել էր տարածություն, անտառ, գյուղի համուհոտ ու կոլորիտ ստանալ: Ամեն մանրուքի վրա աշխատանք էր թափված՝ սկսած գերանդիով խոտ հնձելուց ու գյուղացի կանանց բամբասանքից՝ վերջացրած «անսլուխ» ակորդեոնահարով ու ռադիոընդունիչով:
Ներկայացմանը հրավիրված էին գրողի կինը՝ Վերժինե Մովսիսյանն ու որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը: Նրանք ասացին, որ անչափ տպավորված են: Տիկին Վերժինեին հուզել էր հատկապես Աննա Էլբակյանի խաղը, ափսոսում էր, որ հաջողված ներկայացումը փոքր բեմում է խաղացվում: «Կարծում եմ, մշակույթի նախարարությունը եւ արվեստագետները պետք է հնարավորություն տան թատրոնին մեծ բեմ բարձրանալ, որովհետեւ այս ներկայացումը մեծաթիվ հանդիսատես կունենա»: Երկու նկատառում էլ հայտնեց մեր զրուցակիցը. մեկը, որ կուզենար Սոս Սարգսյանն անպայման դիտեր «Տերը», քանի որ միշտ երազել է Ռոստոմ խաղալ եւ մեկ էլ, որ՝ բեմադրության ավարտն այլ լիներ. «Սպասում էի այլ ֆինալի, այնտեղ քրոջ՝ Շուշանի ողբը կա, շա՜տ գեղեցիկ ողբ է. թե ինչպես է աննշան ձեւով հրաժեշտ տալիս փոքր տարածքում՝ մեծ մարդը: «Ծառերից» էլ այստեղ որոշ հատվածներ այնքա՜ն ճիշտ էին բերված, նուրբ միջամտություններ էին արված, որոնք շատ տեղին էին ու կերպարը ամբողջացնող»:
Ներկայացման տղամարդիկ հիմնականում երիտասարդներ էին: Այս մասին էլ Ա. Էլբակյանը նշեց. «Ընդհանրապես, թատրոններում միջին տարիքի դերասաններ չեն մնացել, ամբողջ սերունդը անհայտ կորավ, եւ պատճառը, իհարկե, պատերազմը չէ: Ուղղակի մարդիկ հասկացան, որ դերասան լինելով տուն չեն կարող պահել, դրա համար էլ մնացին կամ նվիրյալները, կամ էլ նրանք, ովքեր ուրիշ տեղ չեն կարող աշխատել: Ինչ վերաբերում է էս ջահելներին, իրենք առաջին անգամ են լուրջ դերեր խաղում: Ես վստահ եմ, որ երրորդ-չորրորդ ներկայացմանը նրանք շատ ավելի հասուն կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել