Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիին հավատարիմ զորքերը մոտեցել են ընդհուպ մինչեւ ապստամբների պատվարը հանդիսացող Բենգազի քաղաքին եւ նրա պաշտպաններին առաջարկել են՝ վայր դնել զենքերը:
Reuters-ի փոխանցմամբ, Բենգազիի համար ճակատամարտը կարող է դառնալ Քադդաֆիի եւ նրա պաշտոնանկությունը պահանջող ընդդիմության վճռորոշ դիմակայությունը: Երկրի արեւելքում գտնվող քաղաքը մի քանի շաբաթ առաջ դարձել էր հակակառավարական ցույցերի թիվ մեկ օջախը: Խռովարարների դեմ գործողության շուտափույթ ավարտ է գուշակել Քադդաֆիի որդին՝ Սաիֆ ալ-Իսլամը՝ հայտարարելով, թե «ռազմական գործողությունն ավարտված է եւ 48 ժամ հետո ամեն ինչ վերջացած կլինի: Ինչ որոշում էլ, որ լինի (ոչ թռիչքային գոտու մասին է խոսքը)՝ արդեն ուշ կլինի»:
Մարտի 16-ի ցերեկը ապստամբները ստիպված են եղել լքել Բենգազիի վերջին արգելքը՝ Աջդաբիան: Այդ քաղաքի եւ դեպի Բենգազի եւ Տոբրուկ տանող բոլոր ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը Քադդաֆիի զորքերին հնարավորություն կտա շրջափակել ապստամբներին: