Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՀՐԵՅՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՉԻ ՀԱՋՈՂՎՈՒՄ

Մարտ 17,2011 00:00

Բահրեյնի ոստիկանությունը կոշտ միջոցներ է ձեռնարկել եւ արցունքաբեր գազով նռնակներ է օգտագործել՝ երկրի մայրաքաղաք Մանամայի հրապարակում վրաններ տեղադրած բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար: Նախօրեին՝ մարտի 15-ին, ցուցարարների ու ոստիկանության միջեւ բախումների արդյունքում առնվազն երկու մարդ սպանվել եւ ավելի քան 200-ը վիրավորվել էր: BBC-ի փոխանցմամբ, ցուցարարների մեծ մասը շիաներ են, որոնք երկրում գերակշիռ մեծամասնությամբ սունիների կողմից ղեկավարվող իշխանություններին քաղաքական բարեփոխումների կոչ են անում: Ցուցարարները պահանջում են վերանայել տնտեսական քաղաքականությունը, ավելի մեծ ազատություններ տալ բնակչությանը, նաեւ վերջ տալ շիաների նկատմամբ խտրականությանը, որը դրսեւորվում է հատկապես աշխատանք գտնելու հարցում: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք իրավապահների գործողություններին մասնակցե՞լ են Պարսից ծոցի երկրներից հրավիրված զինվորականները: Ականատեսների մատուցմամբ, չորեքշաբթի օրը Մանամայի հրապարակը ծխածածկ է եղել, երկնքում սավառնել են ռազմական ուղղաթիռներ, կենտրոնական հրապարակ տանող ճանապարհներին հատուկ նշանակության զորքերը պահակակետեր են տեղակայել: Արդեն մարտի 16-ի լուսաբացին դեպի հրապարակ է շարժվել զրահատեխնիկայի մի շարասյուն եւ անվտանգության ուժերը, ըստ էության, հրապարակը լիովին վերցրել են իրենց վերահսկողության տակ:
Ցուցարարները հրապարակում բարիկադներ են տեղադրել, բայց նրանք ի վիճակի չեն եղել դիմակայել զինվորակններին: ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգներն ու այլ երկրներ Բահրեյնին կոչ են արել հանդարտվել եւ ճգնաժամը հաղթահարելու համար քաղաքական լուծումներ գտնել: Հիշեցնենք, որ այդ երկրում արդեն իսկ արտակարգ դրություն է հայտարարվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել