Ադրբեջանը սպառնում է հարվածներ հասցնել Լեռնային Ղարաբաղ ուղեւորվող օդանավերին, եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն՝ վկայակոչելով «Ֆրանսպրեսին» տված Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար Արիֆ Մամեդովի հարցազրույցը։ «Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը գտնվում է Ադրբեջանի իշխանությունների տնօրինության տակ, այն փակ է, եւ համաձայն «Ավիացիայի մասին» օրենքի՝ մենք կարող ենք վերացնել օդանավերը, որոնք ուղեւորվում են այդ տարածաշրջան»,- հայտարարել է Մամեդովը։ Վերջինիս խոսքով, Ադրբեջանի իշխանությունները տեղեկություններ են ստացել Ստեփանակերտում վերակառուցվող օդանավակայանի մասին եւ այժմ նախազգուշական միջոցառումներ են ձեռնարկում: «Մենք դեռեւս անցած տարվա հոկտեմբերին տեղեկացրել ենք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը, որ դեպի Ստեփանակերտ ուղեւորվող ցանկացած չվերթ անօրինական է, եւ մենք իրավասու ենք ֆիզիկապես ոչնչացնել այդ օդանավերը»,- ասել է Ադրբեջանի Քաղավիացիայի պետական վարչության ղեկավարը։
Ըստ Մամեդովի, միջազգային կազմակերպությունը խորհուրդ է տվել Բաքվի իշխանություններին «միանալ մի քանի կոնվենցիաների եւ ջանքեր գործադրել՝ հնարավոր բացասական միջադեպերից խուսափելու համար»։
«Պաշտպանության նախարարության հետ հարցը համաձայնեցնելուց հետո մենք երկրորդ նամակը ուղարկեցինք Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը եւ խորհուրդ տվեցինք միջադեպերից խուսափելու համար հնարավոր հետեւանքների մասին նախապես իրազեկել հակառակորդ կողմին»,- ասել է Մամեդովը եւ հավելել, թե՝ «մեր տեղեկություններով, կազմակերպությունն արդեն այդ նամակն ուղարկել է Հայաստանի իշխանություններին»։