Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ

Մարտ 17,2011 00:00

\"\"Ճապոնիայում հզոր երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում վնասված ատոմային էլեկտրակայանի՝ «Ֆուկուսիմա 1»-ի ղեկավարությունը կարճատեւ ժամանակով տարհանել է կայանի աշխատակազմին՝ ճառագայթման մակարդակի բարձրացման պատճառով: Այդ մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ճապոնական Kyodo գործակալությանը:
Աղբյուրի մատուցմամբ, դա կարող է վկայել այն մասին, որ իշխանություններն աստիճանաբար կորցնում են ԱԷԿ-ում իրավիճակի վերահսկողությունը:
Մարտի 16-ին ԱԷԿ-ում հերթական անգամ հրդեհ է բռնկվել: Վերջին օրերին ատոմակայանում տեղի էին ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետումներ, ինչը խուճապի էր մատնել ԱԷԿ-ից 240 կմ հեռավորության վրա գտնվող Տոկիոյի բնակիչներին եւ անհանգստություն էր առաջացրել նաեւ այլ երկրներում:
Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ճապոնիան եւ գնալ երկրի հարավ, նաեւ խնդրել է Air France ավիաընկերությանը՝ մարդկանց տարհանելու համար ինքնաթիռներ տրամադրել:
Միջուկային էներգետիկայի ոլորտի գիտնականներն ու փորձագետները կարծիք են հայտնել, որ հիմա առաջարկվող միջոցառումները, որոնք ձեռնարկվում են Ֆուկուսիմայում ԱԷԿ-ի ճառագայթման արտահոսքը կասեցնելու համար, ըստ էության, հուսահատ փորձեր են կանգնեցնելու այն, ինչը կարող է ապագա սերունդների հիշողության մեջ մնալ որպես՝ ամենամեծ արդյունաբերական աղետներից մեկը: «Դա դանդաղ գործողության մղձավանջ է»,- հայտարարել է Միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Թոմաս Նեֆը:
Անցած ուրբաթ տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը Ճապոնիայում արդեն շուրջ 4 հազար է, ավելի քան 7 հազարը համարվում է անհետ կորած:
Առաջացած խուճապը չի շրջանցել նաեւ ճապոնական ֆոնդային շուկաները, որոնցից միայն երկուշաբթի եւ երեքշաբթի դուրս է բերվել 620 մլրդ դոլար, թեեւ չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին Nikkei-ի ինդեքսը ետ է բերել իր կորուստների մի մասը:
BBC-ի մատուցմամբ, Ճապոնիայի կայսր Ակիխիտոն հանդես է եկել ժողովրդին ուղղված աննախադեպ ուղերձով՝ իր ցավակցությունը հայտնելու մարտի 11-ի երկրաշարժի եւ ցունամիի արդյունքում հազարավոր զոհերի կապակցությամբ: Ավանդույթի համաձայն, երկրի կայսրը խուսափում է քաղաքական արդի թեմաների շուրջ հրապարակային հայտարարություններից: Մինչեւ հիմա նա հեռուստաէկրաններին հայտնվել է միայն այնպիսի առիթներով, ինչպիսին նրա ծննդյան օրն ու օտարերկրյա այցերն են: Այս վերջին հեռուստաուղերձն իր տեսակի մեջ առաջինն ու բացարձակապես անսպասելին էր: Նա նույնիսկ 1995-ին Կոբե քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո սահմանափակվել էր միայն գրավոր հայտարարությամբ:
Երկրում տեղի ունեցած տարերային այս աղետն ամենաավերիչն է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Դրա մասին է վկայում հենց զոհերի թիվը: Առաջիկա օրերին Ճապոնիայի ամենատուժած՝ հյուսիս-արեւելյան շրջաններում օդերեւութաբանները սառնամանիք եւ ձյան տեղումներ են կանխատեսում, ինչը կարող է էլ ավելի խորացնել երկրաշարժից փրկվածների վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել