Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 2011 թվականի մարտի 12-ի համարում տպագրված «Հիմա էլ հավելավճարներն են ուշացնում» հրապարակման, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանել է. «Հարկ ենք համարում նշել, որ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական հոսքերի վրա կալանք երբեւէ չի դրվել, իսկ գիտությանը հատկացված գումարները չեն սառեցվել: Ֆինանսական բոլոր գործարքները 2011 թվականի առաջին ամիսներին կատարվել են սահմանված կարգերին համապատասխան: Ինչ վերաբերում է հավելավճարների ուշացմանը, ապա հարկ ենք համարում նշել, որ համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի N 2-Ն որոշման՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվում են հավելավճարներ. գիտությունների դոկտորին՝ 20000 դրամի, գիտությունների թեկնածուին` 10000 դրամի չափով: Հավելավճարներն ամբողջությամբ՝ առանց պահումների, վճարելու նպատակով կազմակերպություններին փոխանցվում են նաեւ սոցիալական վճարումների համար գանձվող գումարները, որոնք ճշգրտորեն հաշվարկելու համար անհրաժեշտ է ունենալ ամբողջական տվյալներ կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձերի վերաբերյալ: Հունվարի 26-ից կոմիտեն գիտական կազմակերպություններին տրամադրել է նշված տեղեկատվությունը ներկայացնելու համար պահանջվող հայտի ձեւը եւ կարգը: Այնուհետեւ յուրաքանչյուր կազմակերպությունից հայտն ստանալուց անմիջապես հետո տվյալ տեղեկատվությունը ճշգրտվում է կոմիտեում՝ կրկնություններից խուսափելու եւ սոցիալական վճարումները հաշվարկելու նպատակով:
Մարտի 11-ի դրությամբ, ինչպես ԳԱԱ ինստիտուտներից, այնպես էլ ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող այլ գիտական կազմակերպությունների 10%-ից դեռեւս պահանջվող տվյալները չէին ներկայացվել: Մարտի 14-ի դրությամբ գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների ներկայացված ցուցակները ճշգրտված են: Առաջիկա երկու օրերի ընթացքում նշված գումարները կփոխանցվեն գիտական կազմակերպություններին»: