Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ները մտան դպրոց

Մարտ 17,2011 00:00

Կոտայքի մարզի դպրոցները վճարել են 65.000-ական դրամ եւ ձեռք են բերել հաշվիչ դրամարկղային մեքենաներ: Նախաձեռնությունը, անշուշտ, գովելի է, եթե, ասենք, դպրոցում ուսուցիչը արտաժամյա պարապում է աշակերտի հետ, օրինական ձեւով կտրոն են տրամադրում եւ հարկ է մուծվում պետական գանձարան կամ դրամ է գոյանում տարբեր միջոցառումներին վաճառված տոմսերից, ու դարձյալ հարկվում է: Մեզանում ցանկանում են, որ լավ լինի, բայց, ինչպես ռուսական առածն է ասում՝ «ստացվում է ինչպես միշտ»: Պարզաբանեմ: Գոնե իմ տեսած դպրոցներում այդ ՀԴՄ-ների կարիքը չկա: Ոչ մի ուսուցիչ ոչ մի աշակերտի հետ չի պարապում, նույնիսկ դպրոցական բուֆետներ չկան, որովհետեւ վստահ չեն, որ թեկուզ 50 դրամանոց բուլկիները կվաճառվեն: Ստացվում է, որ ՀԴՄ-ները լրիվ ավելորդ են: Ի դեպ, նաեւ սպասարկման վարձ է մուծվելու, մինչդեռ ներկայումս դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվով: Գյուղական այդ դպրոցներում աշակերտները թվով քիչ են եւ 65.000-ական դրամը կարելի էր ավելի խելացի ծախսել:
Դպրոցներում գոյացող գումարը միայն առարկայական տետրերի վաճառքից է: Ամեն աշակերտ տարվա ընթացքում 3-4 հազար դրամի տետր է գնում, սակայն  այս տետրերը ուղարկում են կրթության բաժինները եւ միջնորդավճարն էլ, բնականաբար, նրանցն է, ոչ դպրոցինը: Հետեւաբար, ՀԴՄ-ները ինչպես ստացվել, այնպես էլ մնացել են պոլիէթիլենային տոպրակներում: Իմ այցելության պահին դպրոցներից մեկում «գազի մարդը» 60.000 դրամ սպասարկման վարձի ետեւից էր եկել: Տնօրենը դիմադրում էր, որովհետեւ չգիտեր, թե երբ են սպասարկել եւ ինչի դիմաց պետք է վճարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել