Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԼԻՈՆՆԵՐ՝ «ՎԻՊՈՒՍԿՆՈՅԻ» ՀԱՄԱՐ

Մարտ 17,2011 00:00

\"\"Հիմա էլ 9-րդ դասարանցիներն են գումար հավաքում ավարտական երեկոյի համար

Յուրաքանչյուր տարի բոլոր դպրոցների տնօրենները պնդում են, թե իրենց դպրոցում դրամահավաքություն ասվածը գոյություն չունի, սակայն յուրաքանչյուր տարի էլ կարելի է ականատես լինել, թե ինչպիսի ճոխ խնջույքներ են կազմակերպվում «վերջին զանգի» արարողության համար, ինչպիսի թանկարժեք մեքենաներով են շրջանավարտներն այդ տոնախմբության օրը շրջում քաղաքի փողոցներով եւ որքան ավտովթարներ են գրանցվում նրանց անկարգությունների պատճառով: Այս տարվանից էլ մոդայիկ է դարձել ավարտական խնջույքներ կազմակերպել նաեւ հիմնական դպրոցների ավարտական դասարաններում: Այս նոր ձեւականությունն էլ դպրոց մուտք գործեց ավագ դպրոցների համակարգի ներդրման արդյունքում: Այժմ ծնողներն ու դասղեկները կարծում են, որ 9-րդցիներն էլ պետք է ունենան ավարտական երեկո, քանի որ նրանք հրաժեշտ են տալիս իրենց հիմնական դպրոցին ու դասարանին: «Առավոտի» տեղեկություններով, հիմնական դպրոցների մեծամասնությունում ուսումնական երկրորդ կիսամյակից 9-րդ դասարանցիները սկսել են ամսական որոշակի գումար հավաքել՝ նախապատրաստվելով  տարեվերջյան ավարտական երեկոյին:
Գումար ասվածն էլ փոքր թիվ չէ, ոչ թե մեկ կամ երկու հազար, այլ դպրոցից կախված՝ 5.000-10.000 դրամ: Ուստի եթե անգամ դպրոցը փոքր է եւ ունի ընդամենը երկու 9-րդ դասարան, ապա պարզ մաթեմատիկական հաշվարկի միջոցով կարելի է հաշվել, թե ինչ թվերի հետ գործ ունենք: Եթե յուրաքանչյուր 9-րդցի 4 ամսվա ընթացքում հավաքի 40.000 հազար դրամ, ապա 50 9-րդցին կհավաքեն 2 միլիոն դրամ: Սա էլ դպրոցի տնօրենների խոսքով՝ մի թեթեւ, զուտ հիշողության համար ավարտական օրը նշելն է: Դե, բնականաբար, այդ կլորիկ գումարից բաժին կհատկացվի դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, ի դեպ՝ ծնողներից շատերը վրդովված են, թե ինչու բոլոր դասավանդող ուսուցիչներին իրենք պիտի հրավիրեն ռեստորան՝ ավարտական խնջույքի: Այդ միջոցառումը անպայման պետք է լուսանկարվի ու տեսագրվի, ռեստորանային երեկոն պետք է վարի թամադան, պետք է ավարտական «վինետկաներ» պատրաստվեն ու մի շարք այսպիսի «զիզի-բիզի» բաներ: «Առավոտը» այս կապակցությամբ բազմիցս ահազանգեր է ստանում տարբեր դպրոցների 9-րդ դասարանների աշակերտների ծնողներիից: Մի ծնող, որը չցանկանալով դասարանում սպիտակ ագռավ դառնալ, խնդրեց չբացահայտել իր ինքնությունը եւ «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ախր նման ձեւականությունների հետեւից ընկնելու հարցում միայն դասղեկներին ու դպրոցների տնօրեններին մեղադրելը սխալ է: Շատ բան էլ կախված է հենց ծնողներից: Օրինակ՝ մեր դասարանում կան մի քանի «պուզատի» ծնողներ, որոնք էլ թելադրում են նման բաներ: Իսկ երբ հանկարծ փորձում ես ընդդիմանալ, դառնում  ես անհարգալից վերաբերմունքի եւ ծաղրուծանակի առարկա»:
«Առավոտը» նախապես իմանալով, թե մոտավորապես ինչ պիտի պատասխանեն հիմնական դպրոցների տնօրենները, այնուամենայնիվ, լրագրողական օբյեկտիվությունը պահպանելու համար բարձրացված խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ ստացավ նաեւ դպրոցների ղեկավարներից: Իհարկե, մեզ հետ զրուցած անխտիր բոլոր տնօրենները պնդեցին, որ կոնկրետ իրենց դպրոցում դրամահավաք չկա: Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Ա. Միկոյանի անվան թիվ 166 դպրոցի տնօրեն Մարգարիտա Քուշկյանը փոխանցեց. «Բոլոր դասղեկներին խստորեն զգուշացվել է, որ որեւէ դրամահավաք դպրոցում չիրականացվի: 9-րդ դասարանցիները, ինչպես բոլոր դպրոցներում, կունենան «վերջին դաս», իսկ ավարտական վկայականները նրանց կբաժանվեն հանդիսավոր կերպով հուլիսին, երբ ավանդույթի համաձայն հարեւան մանկապարտեզի սաները, որոնք պետք է դառնան մեր առաջին դասարանցիները, իրենց ավագ ընկերներին կհանձնեն ավարտական վկայականները: Իսկ ինչ վերաբերում է խնջույքների կազմակերպմանը, ապա դպրոցն այդտեղ ոչ մի կապ չունի, դա ծնողներն են որոշում, քանի որ իրենց երեխաներն այդ ժամանակ արդեն դպրոցն ավարտած են լինում: Իսկ այդ դեպքում ես ոչ մի ծնողի չեմ կարող արգելել, որ իր երեխայի համար խնջույք կազմակերպի կամ վարձույթով տոնական հագուստ վերցնի»:
Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող թիվ 174 հիմնական դպրոցի տնօրեն Գալյա Վասիլյանն էլ նշեց. «Ճիշտն ասած տարեսկզբին մի պահ նկատեցի, որ դրամահավաքի ինչ-ինչ տրամադրություններ կան: Հենց այդ պահին էլ դասղեկներին խիստ հրահանգ տվեցի, որ նույնիսկ մեկ դրամ չհավաքվի դպրոցում: Դա է պատճառը, որ այժմ վստահորեն կարող եմ ասել, որ ոչ մի դրամահավաք մեր դպրոցում չի իրականացվում: Բայց երեխաների համար «վերջին դաս» կկազմակերպվի, բա մեր երեխեքը մեղք չե՞ն, ումի՞ց ենք պակաս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել