Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտաժողով՝ «Պատվո բլուր»

Մարտ 17,2011 00:00

\"\"Երեկ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանում մեկնարկեց ռուս-հայկական ռազմական համագործակցության փառքի հուշարձանի վերականգնմանը նվիրված «Պատվո բլուր» գիտաժողովը: Այն կազմակերպել էին Հայաստանում ռուսաստանցի հայրենակիցների երիտասարդական կազմակերպությունը, Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միությունը:
«Ռուսական եկեղեցիները Հայաստանում 19-րդ դարում», «Ռուսական ճարտարապետական ժառանգությունը Հայաստանում», «Գեներալ Լորիս-Մելիքովը ռուս-թուրքական ընկերություններում» եւ այլ թեմաներով հոդվածներ ներկայացրին դասախոսներն ու ուսանողները:
«Մեզ համար Ռուսաստանը ստրատեգիական գործընկեր է եւ ամեն ինչ պետք է անենք, որ հարաբերությունները պետական մակարդակից տարածվեն նաեւ ժողովրդի, ուսանողների շրջանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ռուսաստանյան բուհերի շրջանավարտների միավորման նախագահ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հաջորդ ամիս Ռուսաստանի Դաշնության վարչապետը 18 նահանգապետերի հետ կժամանի Հայաստան: «Մենք ծրագիր ենք մշակում «Ռոսսոտրուդնիչեստվայի» հետ, որպեսզի հարցեր առաջադրենք եւ Հայաստանում ներդրումներ արվեն: Մինչեւ մարզերում աշխատատեղեր չստեղծվեն, արտադրական հզորություն չունենանք՝ բարեկեցիկ ապագա ունենալու մասին չենք կարող խոսել»,- կարծում է միավորման նախագահը: Նա Գյումրիի «Պատվո բլուրի» վերականգնումը հայ ժողովրդի համար կարեւոր է համարում. «Խորհրդային Միության տարիներին այդտեղ կառուցվել էին բնակելի շինություններ՝ ռուս սպաների ոսկորների վրա, արատավորվել էր հիշողությունը: Ապագայում ակնկալիքներն ավելին են: Շատերը գիտեն կոմս Լորիս- Մելիքովին, բայց քչերն են տեղյակ, որ նա ծնունդով լոռեցի է, Ռուսաստանում եղել է երկրորդ մարդը թագավորից՝ Ալեքսանդր 2-րդից հետո: Նաեւ դեմոկրատ էր եւ առաջին դեմոկրատական սահմանադրության կազմողն էր, եւ եթե Ալեքսանդր 2-րդի մահը չլիներ, Ռուսաստանն այդ ժամանակ կունենար այդ սահմանադրությունը: Հայաստանը վատ գիտի Լորիս-Մելիքովին՝ նաեւ կատարած բարերարությունների եւ ավանդի հարցում: Այսօր չունենք Լորիս-Մելիքովի անունով մի դպրոց կամ փողոց, չունենք նրա մասին ժողովրդին մատչելի հայերենով մի գիրք»: Հ. Թոքմաջյանը նշեց նաեւ, որ ուսանողները եւս ներգրավված են համագործակցության մեջ, ռեֆերատներ են գրում ռազմական, մշակութային, կրթական եւ այլ թեմաներով, հայ-ռուսական բարեկամության թեմաներով նկարներ են անում:
Այսօր գիտաժողովի մասնակիցները կմեկնեն Գյումրի, ծաղիկներ կդնեն «Պատվի բլուրին», կբացվի ուսանողների եւ դասախոսների հայ-ռուսական բարեկամությանը նվիրված ցուցահանդես, որից հետո կայցելեն զինվորական ռազմաբազա, ներկա կլինեն ցուցադրական զորավարժություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել