Հորդորել է ՀՀ նախագահը՝ մարզպետների հետ հանդիպման ժամանակ խոսելով նաեւ գյուղացիներին էժան վարկեր եւ սուբսիդիաներ տալու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որտեղ քննարկվել է մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց. «Մեզնից որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր երկրում առկա հիմնահարցերի՝ աղքատության, սոցիալական խնդիրների եւ դրանցով պայմանավորված՝ իշխանությունների առջեւ ծառացած մարտահրավերների առյուծի բաժինը գտնվում է հենց մեր մարզերում: Մարզերում է նաեւ, որ գերակշռում է մարդկանց հուսախաբությունը, հաճախ՝ լքված լինելու զգացումը, դրա արդյունքում առաջացած հոռետեսական մթնոլորտը: Անարդարության զգացումը, որ ամենատարբեր առիթներով առաջանում է մարդկանց մոտ, ծնում է անկարողության անհաղթահարելի մի պատնեշ, որին մարդիկ բախվելով՝ դառնում են շատ դյուրագրգիռ, էմոցիոնալ: Սա տխուր իրականություն է: Անշուշտ, այդ իրականությունը կարելի է բացատրել շատ գործոններով. օրինակ՝ բոլոր զարգացող երկրներին բնորոշ հանգամանքներով, կարելի է բացատրել աշխարհաքաղաքական իրողություններով, վերջապես կարելի է բացատրել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցություններով: Բայց սոսկ բացատրություններ գտնել առկա մարդկային հոգսերի առաջացման պատճառների մասին, նշանակում է պատասխանատվությունը գցել իշխանավորների ուսերից: Սա սխալ մոտեցում է:
Մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն լսված լինելու, մարդիկ, առաջին հերթին, կարիք ունեն հասկացված լինելու: Անկարողության այդ մթնոլորտը փարատելու միակ ճիշտ ճանապարհը դա է: Մինչեւ հիմա մարդկությունն այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհ չի գտել: Եվ ես համոզված եմ, վստահ եմ՝ դուք էլ եք համոզված. մարդիկ դժվարությունների հետ կարող են համակերպվել, եւ միշտ չէ, որ դժգոհությունը շատ մեծ կլինի: Դժգոհությունը մեծ է լինում այն դեպքում, երբ նրանք զրկված են լինում լսված լինելու հավասար հնարավորություններից: Սա պետք է լինի ձեր հիմնական աշխատանքը»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ իր պատկերացմամբ՝ մարզպետը մարզի լոկ ղեկավարը չէ. նա պետք է լինի մարզի բնակչության առաջնորդը, նրա հոգսերը կիսողը, նրա խնդիրները ներկայացնողը պետական ատյաններում, արդարության մթնոլորտ հաստատողը մարզում եւ, իհարկե, պետք է լինի նաեւ տեղական իշխանիկներին զսպողը: «Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք եւ մենք ժողովրդի սպասարկողներն ենք: Եվ մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ՝ հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են, ինչու չէ, նաեւ գնաճի հետ, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ: Եթե մենք հիմա մեր գյուղացիներին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետեւ հիմա ունենք բոլոր հնարավորություններն անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար եւ, իհարկե, գյուղատնտեսության համար: Գյուղատնտեսությունն ընդգծում եմ, որովհետեւ մարզերում հիմնական աշխատանքը հենց կապված է այդ ոլորտի հետ, մանավանդ, որ արդեն ունենք բազմաթիվ ծրագրեր: Այդ ծրագրերին այս տարի ավելացան նորերը, եւ հիմա էլի նոր ծրագրեր են ավելանալու: Անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն եւ օգտվեն այդ ծրագրերից: Երեկ չէ առաջին օրն ինձ մոտ էր Կենտրոնական բանկի նախագահը, մեր խորհրդակցությունից հետո նոր գործիքներ են առաջարկում՝ ցածր տոկոսով վարկեր, եւ այդ տոկոսների մի մասն էլ պետությունը կվերցնի իր վրա ու կսուբսիդավորի»,- նշել է հանրապետության ղեկավարը: